«Աշխարհը», «որոշիչ պահը» եւ մեր նույն սխալները - Mediamax.am

«Աշխարհը», «որոշիչ պահը» եւ մեր նույն սխալները
10854 դիտում

«Աշխարհը», «որոշիչ պահը» եւ մեր նույն սխալները


2020 թվականի պատերազմից հետո տարբեր առիթներով հարցնում եմ ինձ՝ լավ, սրանից ավելի սարսափելի էլ ի՞նչ պիտի լինի, որ մեզ թափ տանք ու սկզբունքային, առանցքային փոփոխություններ անենք: Հերթական անգամ այդ հարցն ինքս ինձ տվեցի հունվարի 19-ին, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային Ժողովում, պատգամավորների խնդրանքով, մեկնաբանեց Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե՝ «համանախագահները չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, մենք լուծել ենք այս խնդիրը նրանց փոխարեն»։

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի կամ քիչ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե՝ ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է եւ ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ եւ իրականությունն էլ այդպիսին չէ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Դառը իրականությունը, սակայն այն է, որ «աշխարհի» համաձայնությունից կամ անհամաձայնությունից անկախ` Ադրբեջանը հետեւողականորեն առաջ է տանում իր օրակարգը: Պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում մեկ օդանավակայան արդեն գործարկել է, մի քանիսը՝ ակտիվ կառուցում է, մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կառուցել եւ օրերս գործարկելու է Բաքու-Շուշի ավտոբուսային կանոնավոր երթուղի, Հադրութում հատուկ նշանակության ուժերի նոր զորամաս է հիմնադրել, շարունակում է ժամանակակից զինատեսակներ ձեռք բերել: Այց ցանկը կարելի է շարունակել:

Իլհամ Ալիեւը իրեն թույլ է տալիս ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրել «միակողմանի հայամետ» դիրքորոշման համար եւ այցելում է Կիեւ այն պահին, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բախումն անխուսափելի է թվում: Երկու դեպքում էլ անում է այն, ինչ բխում է իր վարած քաղաքականության շահերից եւ, կարծես, առանձնապես չի մտահոգվում, թե ինչ կասի «աշխարհը»՝ այս դեպքում Ամերիկան եւ Ռուսաստանը:

1994 թվականից ի վեր՝ «աշխարհը»՝ բոլոր մակարդակներով, հազարավոր հայտարարություններ արեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն «անթույլատրելի» է: Եվ ի՞նչ, դա կանգնեցրե՞ց Իլհամ Ալիեւին 2016-ին կամ 2020 թվականին:

Արարատ Միրզոյանն ասում է, որ «հրապարակային հայտարարությունները ոչ միշտ են ամբողջությամբ կամ մասնակի համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ»։ Իհարկե, ոչ միշտ են համապատասխանում, եւ ի՞նչ: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին եւ 2018 թվականից հետո նրա թիմակիցները հաճախ են վկայակոչում ժամանակին Իլհամ Ալիեւի ասած խոսքերն այն մասին, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա միգուցե շոյեց մեզ, բայց ոչ մի գործնական արդյունք չտվեց: Հիմա էլ ամեն ինչում «նախկիններին» մեղադրող «ներկաները» փորձում են մեր գլխի տակ փափուկ բարձ դնել՝ ասելով, որ «աշխարհը համաձայն չէ»:

Արդեն մի քանի տարի հինգշաբթի օրերին մեր կայքում վարում եմ 5/10/15 խորագիրը, որը ներկայացնում է, թե ինչ էր տեղի ունեցել շաբաթվա ընթացքում Հայաստանում՝ 5, 10 եւ 15 տարի առաջ: Այս թողարկման մեջ հետաքրքիր էր «այսօրվա աչքով» հատվածներ կարդալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հոդվածից, որը նա գրել էր 15 տարի առաջ The Wall Street Journal-ում: Նա նշել էր, որ ռուսական գազը չգնելու եւ ադրբեջանական նավթը Եվրոպա արտահանելու համար ռուսական նավթատարը չօգտագործելու Բաքվի որոշումը «որոշիչ պահ է Ադրբեջանի եւ ողջ Հարավային Կովկասի համար»։

«Գազի գինը մեզ համար միանգամից կրկնապատկվեց: Դա ավելին է, քան ուղղակի շուկայական ազդանշան, եւ դա անընդունելի է Ադրբեջանի համար: Ի պատասխան մենք որոշեցինք չգնել ռուսական գազը, ինչպես նաեւ դադարել օգտագործել ռուսական նավթատարը՝ ադրբեջանական նավթը Եվրոպա արտահանելու համար: Սա որոշիչ պահ է Ադրբեջանի եւ ողջ Հարավային Կովկասի համար: Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է պրագմատիկ, շուկայական սկզբունքների վրա հիմնված հարաբերութուններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն, լինելով անկախ պետություն, մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահերով», - գրել էր ադրբեջանցի նախարարը:

Երբեւէ չէի մտածի, որ կգրեմ այս բառերը, բայց փաստն այն է, որ հեռավոր 2007-ին Մամեդյարովն իրավացի էր՝ իրենց այդ որոշումն իսկապես «որոշիչ պահ» էր Հարավային Կովկասի համար։ Մենք դա չհասկացանք, չփորձեցինք հակակշիռներ ստեղծել, փոխարենը՝ առ այսօր շարունակում ենք քամահրանքով գործածել «Ադրբեջան՝ արհեստածին պետություն» բառակապակցությունը եւ ապավինել «աշխարհի անհամաձայնությանը»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին