Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները - Mediamax.am

Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները
2536 դիտում

Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները


Ես կփորձեմ համապարփակ վերլուծություն կատարել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների» վերաբերյալ։ Հայաստանը կարող է հերթական անգամ տապալել այս բանակցությունները…

- Նախ, Հայաստանը կարիք չունի Թուրքիայի հետ բանակցելու սահմանի բացման շուրջ։ Նման բանակցություններ տեղի են ունեցել 1991 թվականին Հայաստանի անկախացումից անմիջապես հետո՝ երբ Հայաստանն ու Թուրքիան բացեցին իրենց ընդհանուր սահմանը, մինչեւ Թուրքիան փակեց իր կողմից սահմանը 1993 թվականին։ Քանի որ Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը, այժմ կարող է այն կրկին բացել միակողմանի։ Ես մտավախություն ունեմ, որ նման անհարկի բանակցություններ վարելու Թուրքիայի մտադրությունն ուղղված է Հայաստանից զիջումներ կորզելուն։

- 2020 թ․ պատերազմում վիթխարի կորուստ կրելուց հետո Հայաստանի պարտված ղեկավարը բանակցելու է թուլացած դիրքերից։ Ջախջախված ղեկավարը չի կարող ունենալ մտավոր ու բարոյական ուժ՝  այդքան խնդրահարույց ու նենգ թշնամու հետ պատշաճ բանակցություններ վարելու համար։ Հայաստանում առաջին հերթին պետք է իշխանության գան նոր ղեկավարներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քննարկումներն սկսեն ոչ պարտվողական դիրքերից։

- Կա մի կարեւոր հիմնախնդիր Հայաստանի համար, որը կարգավորում է իր հարաբերությունները  Թուրքիայի հետ՝ մի երկրի, որը 1915 թվականին ցեղասպանություն է իրականացրել՝ սպանելով 1․5 միլիոն հայերի։ Մեկ դար անց Թուրքիան դեռ ստում է իր զանգվածային հանցագործությունների մասին եւ հերքում դրանք: Չզղջացող ցեղասպանը չի կարող վստահելի կողմ լինել, որի հետ կարելի է բարեխղճորեն բանակցել:

- Ի լրումն իր անցյալի հանցագործությունների, Թուրքիան վայրենաբար մասնակցել է հայերի մի նոր կոտորածի 2020 թվականի Արցախյան պատերազմում՝ սպանելով եւ վիրավորելով հազարավոր հայ երիտասարդ զինվորների։ Սա դեռ քիչ էր, Թուրքիան  հավաքագրել է ջիհադիստ ահաբեկիչների Սիրիայից եւ կազմակերպել նրանց տեղափոխումը Ադրբեջան պատերազմի ընթացքում: Ինչպե՞ս կարող է Հայաստանի վարչապետը բանակցություններ վարել նման կրկնակի թշնամանքով տոգորված թշնամու հետ։ Պարզապես պատկերացրեք, եթե Գերմանիան՝ վեց միլիոն հրեաների դեմ ցեղասպանություն իրականացրած երկիրը, հարձակվեր այսօրվա Իսրայելի վրա եւ սպաներ հազարավոր իսրայելցիների։ Ի՞նչ եք կարծում, Իսրայելի ղեկավարներն այդ ժամանակ կնստեի՞ն այսօրվա գերմանացի ղեկավարների հետ եւ կբանակցեի՞ն նրանց հետ, ասես ոչինչ չի եղել: Աշխարհի յուրաքանչյուր հրեա խիստ կվրդովվեր նման հեռանկարից: Հայաստանի ղեկավարները կարծես թե մոռացության են մատնել Թուրքիայի անցյալի եւ ներկայի  հանցագործությունները։ Նրանք ավելի քան ուրախ են անհոգությամբ բանակցություններ վարել Անկարայի հանցագործների հետ: Եթե Հայաստանի ղեկավարները չեն պաշտպանելու իրենց ժողովրդի իրավունքները, ինչպե՞ս կարող են նրանք ակնկալել, որ դրսից ավելի շատ հոգ տանեն Հայաստանի մասին, քան իրենք:

- Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ՝ մերժելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով։ Ինչո՞ւ է Փաշինյանը այդ դեպքում կրկնօրինակում Սարգսյանի սխալ քաղաքականությունը Թուրքիայի հետ։  Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող հայերը զայրացած էին նախորդ  նախագահի՝ 2009 թվականի չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Կարծես թե Փաշինյանը ոչինչ չի սովորել այդ անհաջող փորձից։

- «Բանակցություններ առանց նախապայմանների»․ սա հերթական լոզունգն է, որը կրկնում են Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարները։ Բայց իրողությունն այն է, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ դնում Թուրքիայի առջեւ, այլ Թուրքիան է  նախապայմաններ առաջ քաշում։ 2009-ի Արձանագրությունների շուրջ բանակցությունների ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ որեւէ նախապայման չունի, այնուամենայնիվ, մի քանի թուրքական նախապայմաններ հայտնվեցին համաձայնագրում։ Նախագահ Էրդողանի  խոսնակ Իբրահիմ Քալինը հաստատեց հայկական նման մտահոգությունները, երբ դեկտեմբերի վերջին Չիկագո այցելության ժամանակ ասաց. «Մենք ցանկանում ենք, որ սահմանը բացվի եւ  դիվանագիտական հարաբերություններ սկսվեն։ Սրա համար պետք է  որոշակի պայմաններ կատարվեն եւ որոշակի հարցերի շուրջ բանակցենք»։

- Արձանագրությունները տապալվեցին 2009 թվականին, քանի որ Ադրբեջանը դեմ էր Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Դա օգնեց փրկել Հայաստանի շահերը, որոնք պետք է պաշտպաներ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանի նախագահը․․․  Ներկայիս բանակցությունները նույնպես կարող են ձախողվել, եթե Փաշինյանը պատրաստ չէ  զիջել այն, ինչ կխնդրի Էրդողանը։ Թուրքիան հիմա Հայաստանից պահանջում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստորագրելով հաշտության պայմանագիր՝  այդպիսով վերջնականապես հրաժարվելով Արցախից եւ Նախիջեւանից եւ թույլ տալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այլ ոչ թե պարզ ճանապարհ, որը Արեւելյան Ադրբեջանը  կապում է Նախիջեւանի հետ։ Ի վերջո, եթե Թուրքիան նախապայմաններով հանդես գա  սեղանի շուրջ, Հայաստանը պետք է պատրաստ լինի հեռանալ կամ հակազդել իր նախապայմաններով՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հայկական կորուստների փոխհատուցում եւ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի վերադարձ։

- Նախքան 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նախագահ Սարգսյանը կեսկատար փորձ արեց այցելել Սփյուռքի մի քանի համայնքներ՝ իբր լսելու նրանց տեսակետները։ Փաշինյանը նման փորձ չի արել։ Սփյուռքից ոչ մեկի հետ չի  խորհրդակցել։ Փաշինյանը պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները համահայկական խնդիր են, եւ ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության ներքաղաքական հարց։ Նա պետք է հաշվի առնի Սփյուռքի տեսակետները, նույնիսկ եթե նա է վերջնական որոշում կայացնողը։ Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ  Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, որ հայկական սփյուռքի «ծայրահեղական խմբավորումները չպետք է ճնշում գործադրեն Երեւանի վրա»՝ խաթարելու հայ-թուրքական հարաբերությունները։ Ի հավելումն, Էրդողանի խոսնակ Քալինը վերջերս Չիկագոյում ասաց.  «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը կոչնչացնի Միացյալ Նահանգների հայ համայնքը»: Նման հայտարարությունն անցանկալի միջամտություն է ներհայկական գործերին։ Թուրք պաշտոնյաների անհիմն հայտարարությունները պետք է դրդեն ողջ հայությանը մերժելու նրանց անընդունելի  միջամտությունը։

- Հայաստանի անունից բանակցություններ վարող անձի որակավորումը չափազանց կարեւոր է։ Էրդողանը Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան եւ ցեղասպանությունը ժխտող տխրահռչակ Սերդար Քըլըչին։ Մյուս կողմից, Փաշինյանը, իր բազմաթիվ այլ անորակ նշանակումներին համահունչ,  նշանակեց Ռուբեն Ռուբինյանին՝ երիտասարդ մի նորելուկի՝ զրոյական դիվանագիտական փորձով։ Նրա հանրահայտության մասին միակ պնդումն այն է, որ նա Փաշինյանի  կուսակցության անդամ է եւ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ։ Զարմանալի է,  որ Ռուբինյանի որակավորման մասին հարցերին ի պատասխան, Փաշինյանն ու նրա քաղաքական գործընկերները պնդում էին, որ Ռուբինյանի կուսակցական պատկանելությունը շատ ավելի կարեւոր է, քան նրա անփորձությունը՝ դրանով իսկ իրենց կուսակցական շահերը վեր դասելով ազգային շահերից։ Այսպիսով, գալիք բանակցությունների արդյունքն ավելի քան պարզ է, քանի որ գայլը դեմառդեմ հանդիպելու է գառանը․․․ Պետք է լինեն ավելի գիտակ եւ փորձառու հայ դիվանագետներ, որոնք կարող են վարել նման զգայուն  բանակցություններ։

- Փաշինյանը շարունակում է հպարտությամբ կրկնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի  ղեկավարներն աջակցում են Թուրքիայի հետ բանակցելու իր ծրագրերին։ Չմոռանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես աջակցում են այս նախաձեռնությանը։ Այս բոլոր երկրներն ուղղակի առաջ են տանում իրենց շահերը, ոչ թե Հայաստանի:

-Վերջապես, Փաշինյանի կողմից հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանի համար տնտեսական օգուտների մասին շատ տարածված պնդումը կասկածելի ակնկալիք է։ Արդեն, առանց սահմանը բաց լինելու, թուրքական արտադրանքը հեղեղել է հայկական շուկան։ Սահմանի բացումը կնշանակի, որ թուրքական էժան ապրանքները կկործանեն Հայաստանի ներքին արտադրությունը։ Փոքր բնակչություն ունեցող փոքրիկ երկիրը չի կարող մրցել թուրքական արտադրանքի հետ, որն օգտվում է «մեծածավալ տնտեսության» առավելությունից (ավելի մեծ ծավալ, ավելի ցածր գնով): Իրավիճակն ավելի վատթարացնելով, Փաշինյանը պարզապես դեն նետեց Հայաստանի միակ սակարկությունների առարկան՝ հանելով թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը՝ այդպիսով Հայաստանին զրկելով այս բանակցություններում իր հաղթաթղթից։

Թուրքիան, չքավոր մի երկիր՝ քայքայվող տնտեսությամբ, լիրայի տապալմամբ, 12 տոկոս գործազրկությամբ, 36 տոկոս գնաճով եւ մոլեգնող կորոնավիրուսով (աշխարհում վարակվածների թվով 7-րդը), հուսահատորեն ցանկանում է բարելավել իր ներքին անմխիթար վիճակը եւ շտկել իր խզված կապերը Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի հետ։ Խելամիտ հայ բանագնացը, գիտակցելով աշխարհի վրա տպավորություն թողնելու  թուրքական ձգտումը, կփորձի ավելի բարենպաստ պայմաններ կորզել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Ոչ ոք դեմ չէ Թուրքիայի հետ բանակցություններին այնքան ժամանակ, որ Հայաստանը ներկայացնող բանագնացը հմուտ անձնավորություն է, որը կարող է օգուտ բերել Հայաստանի շահերին։

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին