Կրթությունն անհանդուրժողականության միջավայրում - Mediamax.am

Կրթությունն անհանդուրժողականության միջավայրում
2737 դիտում

Կրթությունն անհանդուրժողականության միջավայրում


Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն է...

Հելեն Քելեր

Դեռեւս 20-րդ դարի սկզբին գրված, իսկ օրեր առաջ պատահականության բերումով հանդիպած այս խոսքերը մեծ տպավորություն գործեցին ինձ վրա եւ ստիպեցին մանրամասներ գտնել դրանց հեղինակի կյանքից։ Հերթական անգամ համոզվեցի, որ հանդուրժողականության ուժը գիտակցում են անհանդուրժողականության հետ բախված անձինք։ Հելեն Քելերը բացառություն չէր։ Հայտնի ամերիկացի գրող, հրապարակախոսը դեռ վաղ տարիքում ունեցած ծանր հիվանդության հետեւանքով զրկվել էր աշխարհը ընկալելու մարդուն տրված երկու կարեւոր հատկություններից՝ տեսողությունից եւ լսողությունից։ Նա կույր էր եւ խուլ։ Նա ապրել է այն ժամանակաշրջանում, երբ կրթության իրավունքը կնոջ համար մարտահրավեր էր եւ մշտական պայքար։ Հելեն Քելերն առաջին խուլ եւ կույր կինն էր, ում հաջողվել էր բարձրագույն կրթություն ստանալ։

Հելենի մասին կարելի է անվերջ գրել, բայց այսօրվա իմ հերոսը նա չէ. ես այլ հերոսների մասին եմ ուզում գրել։ Նրանք Հելենի նման հայտնի չեն, գուցե նրանցից ոմանք նույնպես մի օր աշխարհահռչակ դառնան, գուցե ոչ, բայց նրանց գոյությունը եւ ուժը փոխել է եւ կշարունակի փոխել աշխարհը։

Դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրը։ Թույլ տվեք, իմ կյանքի փորձից ելնելով, անվանել այն մարդկային անհանդուրժողականության միջազգային օր։

Կրթության իրավունքը սահմանադրության մեջ ամրագրված յուրաքանչյուր երեխայի կարեւորագույն իրավունքներից մեկն է՝ անկախ ազգությունից, սեռից, լեզվից, կրոնական դավանանքից եւ, անշուշտ, առողջական վիճակից։ Սա պետության կողմից ստանձնած պարտավորություն է, որի համար ներդրվում են հսկայական միջոցներ, մշակվում ծրագրեր եւ ստեղծվում համակարգեր։ Սակայն այս կրթական թոհուբոհի մեջ բաց է թողնվում ամենակարեւորը՝ կրթել այն հասարակությունը, որտեղ մեր երեխան պատրաստվում է կրթություն ստանալ։

Տարիներ առաջ, երբ միջնակարգ դպրոցն ավարտած աղջկաս հետ հայտնվեցինք մանկավարժական ուսումնարանի քննական հանձնաժողովի առջեւ ու առաջին արտահայտությունը, որը լսեցինք այնտեղ՝ «մենք նման երեխա չենք ընդունում», իմ հակազդեցությունը որպես ծնող եղավ՝ բարձրաձայնել հարցը եւ պաշտպանել երեխայիս իրավունքները։ Բողոքի դիմում ուղղվեց Կրթության նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արդյունքում՝ հորդեց ներողությունների հեղեղ նույն ուսումնարանի տնօրինության կողմից եւ պատրաստակամություն ընդգրկելու երեխային ուսումնարանի կրթական գործընթացում։ Սակայն երկար մտորումներից հետո մենք այլ կրթական հաստատություն ընտրեցինք, որտեղ չի գործում ներառական համակարգ, բայց որը սիրով ընդունեց երեխային եւ հետագա երեք տարիների ընթացքում առողջ կրթական միջավայր ապահովեց։

Այս ամենը կարող էր այլ կերպ դասավորվել, եթե ի սկզբանե ուսումնարանի ղեկավարությունը այլ վարքագիծ դրսեւորեր։ Այդ օրը իմ եւ իմ երեխայի համար մեկընդմիշտ պարզ դարձավ, որ բազմաթիվ վկայականների առկայությունն ու երկարամյա «մանկավարժական» փորձը հոդս են ցնդում, երբ մանկավարժին հատուկ չէ մարդկային ամենակարեւոր գիծը՝ կարեկցանքն ու հանդուրժողականությունը, իսկ կթական հաստատությունը, որտեղ չկա հանդուրժողականության մթնոլորտ, չի կարող որակյալ կրթության օրրան լինել։

Ամեն տարի մշակվում են բազում կրթական ծրագրեր, կոնֆերանսներ եւ գիտաժողովներ անցկացվում կրթության շուրջ, իսկ այդ ժամանակ հեռավոր գյուղերից մեկում, որտեղ նույնիսկ շենքային պայմանները չեն համապատասխանում չափորոշիչներին, մի ուսուցիչ՝ դասարանում ունենալով հատուկ կարիքով երեխա, մշակում եւ կիրառում է երեխային կրթելու մեթոդաբանություն, որի հիմքում ընկած է իր հոգատարությունը եւ երեխային օգնելու պատրաստակամությունը։ Մեթոդաբանությունների մեծ մասը ստեղծվել են հենց այսպիսի անհատների կողմից։ Ու չնայած սա ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն, ուրախալի կլիներ մի օր ապրել այնպիսի հասարակարգում, որտեղ կրթության գերագույն դրսեւորումը կլինեին մարդկային այնպիսի գծեր, ինչպիսիք են բարությունը, հանդուրժողականությունը ու կարեկցանքն այլոց նկատմամբ։ Գուցե հենց այդ ժամանակ այլեւս կարիք չէր լինի խոսել իրավունքների պաշտպանության մասին։

Լիլյա Կարապետյանը հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության SOURCE հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին