ՄԱՍ Բ
Առաջին մասը կարդացեք այս հղումով:
Շարունակելով ուսումնասիրել ԽՍՀՄ շրջանում գոյություն ունեցած հայ-ադրբեջանական խնդիրները՝ բախվում ենք նաեւ Մեղրիի խնդրի հետ, որն այսօր ադրբեջանական ձեւակերպմամբ անվանվում է «Զանգեզուրի միջանցք» եւ թուրք-ադրբեջանական այն ժամանակ հեռահար, իսկ հիմա ավելի ակնառու դարձող նպատակների համապատկերում ունի առանցքային տեղ: Մեղրիով ճանապարհը, որը կկապի Ադրբեջանը բռնազավթված Նախիջեւանի հետ, մշտապես եղել է ադրբեջանական անմիջական հետաքրքրությունների դաշտում, ինչը դրսեւորվել է Խորհրդային Ադրբեջանի պետական տարբեր գործիչների եւ՛ քայլերում, եւ՛ հայտարարություններում, եւ՛ անգամ անձնական զրույցներում: Բնական է նաեւ, որ այդ ամբողջ գործընթացին հեռավար կերպով, սակայն շատ ուշադիր հետեւել է Թուրքիան իհարկե փորձելով շատ ակնհայտ չցուցադրել իր հետաքրքրվածությունը թուրք-ադրբեջանական համատեղ նպատակի հանդեպ, քանի որ, ի վերջո, դա կարող էր ընկալվել այլ պետության՝ ԽՍՀՄ-ի ներքին գործերին միջամտելու փորձ: Սյունիքով Ադրբեջանի՝ իրենց նախագծով, ճանապարհ կառուցելու խնդրին Խորհրդային Հայաստանի ղեկավարները արձագանքել են զուսպ, սակայն սկզբունքային կերպով մերժել այն նախ բերելով հիմնավոր փաստարկներ եւ բացի այդ, հստակ գիտակցելով այդ ամենի հեռահար վտանգավոր նպատակները: Խորհրդահայ պաշտոնյաները շատ հստակ գիտակցել են, որ դա մի մեծ պանթյուրքիստական ծրագրի մաս է, որը սկսվել էր դեռ մինչեւ ԽՍՀՄ ձեւավորումը եւ ինչպես ցույց են տալիս ներկայիս զարգացումները, շարունակվում են նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո, մեր օրերում: Խորհրդային Հայաստանի տարբեր պաշտոնյաների հուշերում պահպանվել են Մեղրիով ադրբեջանական նախագծով կառուցվելիք ճանապարհի հետ կապված բազմաթիվ փաստեր, կուլիսային զարգացումների նկարագրություններ եւ այդ հուշագրական գրքերում բացահայտ աչքի է զարնում այն հանգամանքը, որ կոմունիստ հայ ղեկավարները փորձել են մնալ հնարավորինս ազգային դիրքերում:
Մեղրիի խնդրի հետ կապված հուշագրական փաստեր կան 1937-1953 թթ. Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի կառավարման շրջանին վերաբերվող: Պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը իր հուշերում պատմում է, որ 1952 թ. դեկտեմբերին Գ. Հարությունյանի աշխատասենյակում ներկա է եղել Խորհրդային Հայաստանի ղեկավարի եւ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1933-1953 թթ.) Միր Ջաֆար Բաղիրովի հեռախոսազրույցին, որի ընթացքում Հարությունյանը շատ կոպիտ է խոսել ադրբեջանցու հետ: «Դե ի՞նչ եք ասում, Միրջաֆար, այդ հարցը բազմիցս քննության է առնվել Կենտկոմում, իսկ Դուք շարունակում եք որերորդ անգամ նույն բանը կրկնել: Դրանք անտեղի եւ ավելորդ խոսակցություններ են, հարցը վաղուց սպառված է… Ոչ Նորաշենը, ոչ Աղահանքերը… Այո, Ղարաբաղը նույնպես…Եվ ոչ մի կարգավիճակով…»: Այնուհետեւ երեք անգամ կրկնեց. «Է՞լ ինչ եք ուզում», եւ լսափողը վայր դրեց: Դրան հաջորդեց Բաղիրովի հասցեին մի շատ ծանր խոսք:…. Արդեն պաշտոնանկությունից հետո, 1957 թ. Թբիլիսիում, մասնավոր հանդիպման ժամանակ, մի քանի ընկերների ներկայությամբ, նրան հիշեցրի 1952 թ. հեռախոսային խոսակցությունը Բաղիրովի հետ: Հարությունյանը պազաբանեց, որ Մոսկվայում քննարկումների ժամանակ առաջարկություն էր եղել Մեղրին փոխարինել Նախիջեւանի մի մասի հետ: Գ. Հարությունյանը կտրականապես մերժել էր այդ առաջարկությունը, որովհետեւ լավ էր գիտակցում, թե այդ «գործողությամբ» ինչ իրական վտանգ կսպառնար Հայաստանի ռազմավարական անվտանգությանը` Մեղրիի կորստով Հայաստանը կհայտնվեր լիակատար անկլավային դրության մեջ, կկտրվեր հարեւան Իրանից` վտանգելով Զանգեզուրը: Այդ տարբերակը Գ. Հարությույնաը համարում էր անչափ վտանգավոր, եւ դա` դեռ ԽՍՀՄ-ի առկայության պայմաններում»:
Հաջորդող տասնամյակներում էլ Խորհրդային Ադրբեջանի քաղաքական օրակագում Մեղրիի կամ այնտեղով ճանապարհ կառուցելու հարցը ոչ միայն շարունակում է մնալ որպես կարեւորագույն նպատակ, այլեւ ակտիվանում է: 1980-ականների առաջին կեսին այդ հարցի ակտիվացման, ինչպես նաեւ կուլիսային եւ քաղաքական զարգացումների մասին օրագրային գրառումներ ունի Կարեն Դեմիրճյանը: Այսպես, 15.06.1983 թ. իր օրագրային գրառման մեջ Կարեն Դեմիրճյանը գրում է նաեւ Մեղրիի ճանապարհի մասին, որը առաջ է քաշել ադրբեջանական կողմը. «Մեղրիի շրջանով ճանապարհի մասին (հարցը բարձրացրել է ընկեր Բաղիրովը): Ես առաջարկված տարբերակը չընդունեցի: Ստրատեգիական առումով դա անընդունելի է»: Արդեն 22.11.1983 թ. Դեմիրճյանի օրագրային գրառման մեջ կարդում ենք. «Մոսկվայում Ալիեւ Հ. Ա. (+Ֆադեյ Սարգսյան) – կանչեց Վ. Ե. Բիրյուկովին եւ խնդրեց լուծել ավտոճանապարհի հարցը Մեղրիի շրջանով, որն անցնելու էր սահմանի երկայնքով: Ես պնդեցի այլ տարբերակի վրա (ոչ թե սահմանով, այլ թիկունքային կողմով): Ուղարկում է Բիրյուկովին տեղում լուծելու հարցը: Դա ինձ դուր չի գալիս: Ես Բիրյուկովին ասացի, որ մենք ոչ մի կերպ չենք համաձայնվի սահմանով անցնող տարբերակին: Դա ստրատեգիական առումով սխալ որոշում է»: Այստեղ նկատենք, որ 1969-1982 թթ. Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը 1982 թ. դարձել էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (փոխվարչապետ) եւ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Սակայն տեղափոխվելով Մոսկվա եւ դառնալով միութենական պաշտոնյա՝ Ալիեւը շարունակել է իր ուշադրության կենտրոնում պահել ադրբեջանական խնդիրները եւ ամեն կերպ նպաստել Խորհրդային Ադրբեջանի եւ պանթյուրքիստական տարբեր նպատակների իրագործմանը: Մեղրիով ճանապարհ կառուցելու հարցը, որպես կարեւորագույն պանթյուրքիստական նպատակ, նույնպես եղել է ԽՍՀՄ փոխվարչապետ Հեյդար Ալիեւի ուշադրության կենտրոնում, որով նա զբաղվել է անձամբ եւ դրա համար օգտագործել իր բոլոր պաշտոնեական լիազորությունները:
Արդեն 28.11.1983 թ. Դեմիրճյանի օրագրային գրառման մեջ հանդիպում ենք այդ թեմայի շարունակության մասին տեղեկության, որից պարզվում է, որ Վ. Բիրյուկովը եկել է Հայաստան այդ հարցի լուծման համար: Դեմիրճյանը գրում է, որ Մեղրիով ավտոճանապարհ կառուցելու հարցով քննարկում է եղել եւ հայտնում է հայկական կողմի որոշման մասին. «որոշեցինք` առաջին տարբերակն` Կապանով, երկրորդ տարբերակ` Ծավով: Իրենց առաջարկած (Ադրբ. ԽՍՀ) տարբերակը հարմար չէ եւ՛ տնտեսական, եւ՛ ստրատեգիական առումով: …Ես եւս մեկ անգամ հրավիրեցի Բիրյուկովի ուշադրությունը այն բանի վրա, որ նոր ճանապարհը սահմանի երկայնքով կառուցել պետք չէ (ինչպես առաջարկում են ընկերները Ադրբ. ԽՍՀ-ից): Դա եւ՛ տնտեսապես (քանի որ քիչ մեքենա է անցնում, իսկ ճանապարհը շատ թանկ է), եւ՛ ստրատեգիական առումով ձեռնտու չէ: Մենք առաջարկում ենք Զանգելան-Կապան-Մեղրի տարբերակը (այդ ճանապարհը արդեն գործում է Քաջարան-Մեղրիի գործարկումից հետո): Կամ Զանգելան-Ծավ-Մեղրի, որը երկար է ընդամենը 4 կիլոմետրով ադրբեջանցի ընկերների առաջակած տարբերակից, բայց` 1/ ստրատեգիական առումով անվտանգ է, 2/ տնտեսապես նպատակահարմար է, քանի որ Մեղրիի շրջանում 8 հազար հեկտար տարածք չի զբաղեցվի»:
Հարցը կարծես թե մնում է առկախված եւ Կ. Դեմիրճյանի արդեն հաջորդ 1984 թ. օրագրային գրառումների մեջ կրկին հանդիպում ենք Մեղրիով ճանապարհի խնդրին: 29.08.1984 գրառման մեջ Դեմիրճյանը նշում է, որ Մեղրիի ճանապարհի հարցը քննարկել է Ե. Լիգաչյովի հետ եւ հավելում. «Մեղրիով ճանապարհի մասին (ադրբեջնացի ընկերների սխալ պահվածքը)»:
Մեղրիով եւ ադրբեջանական նախագծած ուղիով ճանապարհ կառուցելու հարցի լուծմանը հասնելու համար Հեյդար Ալիեւը գործի է դրել ոչ միայն իր պաշտոնից բխող ադմինիստրատիվ ռեսուրսները, այլեւ իր անձնական հարաբերությունները, այդ թվում եւ դրական հարաբերությունները Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի հետ: Այսպես 10. 01. 1985 թ. օրագրային գրառման մեջ Դեմիրճյանը գրում է, որ Մոսկվայում հանդիպել է Հեյդար Ալիեւի հետ, զրուցել են ընդհանուր հարցերի մասին մոտ 45 րոպե: «Նրա նախաձեռնությամբ` Մեղրիով ճանապարհի մասին: Նա խնդրեց ինձ հանել առարկությունս: Ես պատասխանեցի, որը հարցը արդեն շատ է խորացել եւ որ առանց փորձագիտական հանձնաժողովի որոշման հնարավոր չէ կողմնորոշվել: Նա. «Տո դու թքած ունեցիր այդ որոշման վրա: Ամեն ինչ քեզնից է կախված, ոնց ասես, այդպես էլ կլինի»: Նա ասաց, որ ինձ որպես եղբայր է խնդրում: Ես ասացի, որ մենք մեր որոշումը փոխելու համար հիմքեր չունենք: Նա. «Եթե դու այսպես խնդրեիր, ես քեզ Ադրբեջանի կեսը կտայի»»:
Կարեն Դեմիրճյանի եւ Հեյդար Ալիեւի վերոհիշյալ զրույցի մասին իր հուշերում գրում է նաեւ Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ով ներկա է եղել այդ հանդիպմանը: Նա նախ նշում է, որ Ադրբեջանի կողմից Նյուվադի-Նախիջեւան ուղիով ճանապարհ կառուցելու հարցին Հայաստանը դեմ է եղել. «քանի որ ճանապարհը պետք է կառուցվեր միայն քաղաքական նկատառումներից ելնելով»: Այնուհետեւ Ֆ. Սարգսյանը պատմում է, որ այդ ճանապարհի հարցը քննարկելու համար հանդիպել է Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Գ. Սեիդովի հետ եւ համաձայնեցրել հարցը: «Մենք հանգիստ էինք, որ ամեն ինչ կլուծվի մեր օգտին: Մի քանի օրից մենք Կ. Ս. Դեմիրճյանի հետ եղանք Մ. Ս. Սմիրտյուկովի մոտ: Երբ նրա մոտից դուրս եկանք Կարեն Սերոբովիչը որոշեց մտնել Հ. Ա. Ալիեւի մոտ (նա այն ժամանակ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր, Քաղբյուրոյի անդամ): Նա շատ լավ մեզ ընդունեց, հետո ասաց, որ Կարեն Դեմիրճյանի հետ եղբայրական զրույց ունի: Ես թույլտվություն խնդրեցի դուրս գալ «որպեսզի հեռախոսով զանգահարեմ», բայց Հեյդար Ալիեւիչը առարկեց, ասաց, որ կարիք չկա որպեսզի ես դուրս գամ:
Նա դիմեց Կարեն Դեմիրճյանին. «Կարեն ես քեզ եղբայրաբար եմ խնդրում տալ համաձայնություն կառուցել ճանապարհ ըստ մեր նախագծի: Չես փոշմանի: Ես քեզ մեծ լավություն կանեմ»: Կ. Դեմիրճյանն ասաց. «Ոչ, այդ դեպքում ես չեմ կարող պատասխան տալ իմ ժողովրդի առաջ»: Հ. Ալիեւը եւս մեկ անգամ խնդրեց. «Կարեն, մտածիր, չես փոշմանի»: Կարեն Սերոբովիչը պատասխանեց, որ ինք մտածելու բան չունի: Ես էլ հավելեցի, որ Գ. Ն. Սեիդովը մեր տարբերակի հետ համաձայն է: Նա այդ խոսքերին նույնիսկ ուշադրություն չդարձրեց եւ այնուամենայնիվ մեր դուրս գալուց եւս մեկ անգամ ասաց. «Կարեն, մտածիր»: Ըստ Ֆադեյ Սարգսյանի, Հեյդար Ալիեւը ակնարկել է, որ ճանապարհի կառուցմանը չխոչընդոտելու դիմաց նա պատրաստ է օգնել Կարեն Դեմիրճյանին ընտրվել ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ինչպես նաեւ դառնալ Քաղբյուրոյի անդամ:
Այդ հանդիպումից երկու օր հետո տեղի է ունեցել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության նիստը, որի ժամանակ օրակարգում է եղել Սյունիքով ճանապարհ կառուցելու երկու առաջարկներ՝ հայկական եւ ադրբեջանական: Այդ նիստին նույն Սեիդովը, որին ըստ երեւույթին Ալիեւը խիստ քննադատել էր այն բանի համար, որ նա համաձայնություն է տվել ճանապարհի կառուցման հայկական առաջարկին, իրեն պահել է լիովին այլ կերպ եւ խեղաթյուրելով փաստերը նշել, թե ճանապարհի ադրբեջանական տարբերակի կառուցմանը դեմ է Ֆ. Սարգսյանը «քանի որ իմ ծնողները Նախիջեւանից են եւ ես չեմ ուզում, որպեսզի Նախիջեւանը կապվի Ադրբեջանի հետ»: Դրան ի պատասխան Ֆադեյ Սարգսյանը բավական բուռն եւ կոպիտ արձագանք է տվել եւ ասել, որ Սեիդովը փոխել է իր կարծիքը Հեյդար Ալիեւի ճնշման տակ. իր այդ պատասխանի եւ պահվածքի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ա. Տիխոնովը առաջարկել է Ֆ. Սարգսյանի տալ խիստ նկատողություն եւ նույնիսկ քննարկել նրա հարցը Քաղբյուրոյում:
Մեղրիով ադրբեջանական նախագծով ճանապարհի կառուցման հարցին ի մոտո տեղյակ է եղել եւ այդ հարցի չեղարկման հարցում մեծ ավանդ է ունեցել Խորհրդային Հայաստանի մինստրների խորհրդի նախագահի տեղակալ, բազմավաստակ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ով իր հուշերում շատ կարեւոր եւ ուշագրավ փաստեր ու մանրամասներ է հաղորդում: Այսպես, ըստ Մովսիսյանի փաստարկված վերլուծության, Ադրբեջանի ռազմավարական կարեւորագույն ծրագրերից էր Մինջեւան-Նախիջեւան (A-311) ավտոճանապարհի կառուցումը եւ այդ գործին լծվել էին ադրբեջանցի պաշտոնյաները ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Մովսիսյանը շատ հստակ եւ հանրամատչելի նկարագրում է այդ ճանապարհի պոտենցիալ վտանգը Հայաստանի համար եւ Ադրբեջանի վատ քողարկված ու հեռահար նպատակները. «Կասկածից վեր է, որ այդ գործը, իրոք ռազմավարական նպատակ էր հետապնդում, որովհետեւ այդ ճանապարհով Ադրբեջանը պետք է միանար Նախիջեւանին, եւ նախկինում Իրանից Թուրքիայի գնած այն փոքր հողակտորի միջոցով պիտի ապահովվեր կապը Թուրքիայի հետ՝ ըստ էության Մեղրիի, այսինքն՝ հայկական տարածքի վրայով եւ Հայաստանն էլ ստվար շերտով անջատվեր Իրանից»: Վլադիմիր Մովսիսյանը փաստում է, որ այդ հակահայկական ծրագրի տապալման գործին լծվել է Խորհրդային Հայաստանի պետական վերնախավը՝ Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Ալեքսան Կիրակոսյանը, որոնց միացել եւ մեծագույն ջանքեր է ներդրել նաեւ նա. «Ինձ ուղղակի հանձնարարվեց, որպեսզի Մոսկվայում զբաղվեմ այդ ճանապարհը չկառուցելու, այդ նախագիծը չհաստատելու հարցերով»:
Նկատենք, որ Ադրբեջանը Սյունիքով անցնող ճանապարհի կառուցման խնդիրը կարողացել էր տեղափոխել ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների՝ Մոսկվայի օրակարգ, որտեղ բնականաբար հարցի ստրատեգիական եւ այլ նրբերանգները կամ անտեսվելու էին կամ չէին ընկալվելու, քանի որ խոսքն, ի վերջո, նույն պետության՝ Խորհրդային Միության ներքին ճանապարներին էր վերաբերում: Եվ քանի որ հարցը գտնվում էր միութենական տարբեր գերատեսչությունների քննարման օրակարգում, ուստի հայ պաշտոնյաները սկսել են ինտենսիվ աշխատել այդ կառույցների եւ դրանց ղեկավարների հետ առանձին, որպեսզի կարողանան ներկայացնել խնդրի տարբեր առանձնահատկություններ, փաստարկներ սկսած գյուղատնտեսականից մինչեւ ռազմական: Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարության ջանքերով տեղի է ունեցել Վլադիմիր Մովսիսյանի հանդիպումը ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ս. Սոկոլովի հետ, որի ընթացքում հայ պաշտոնյան ներկայացրել է ադրբեջանական նախագծով ճանապարհի կառուցման վտանգները ռազմական առումով: «Ունկնդրելուց հետո, պաշտպանության նախարարը իր դժգոհությունը հայտնեց ադրբեջանական տարբերակի վերաբերյալ եւ հանձնարարեց, որպեսզի հարցը քննարկելիս հաշվի առնեն նաեւ իր ղեկավարած նախարարության կարծիքը»: Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է ճանապարհի կառուցման վերաբերյալ բացասական եզրակացություն ստանալ ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարությունից եւ ԽՍՀՄ սահմանապահ զորքերի Անդրկովկասյան կարմրադրոշ օկրուգի հրամանատարությունից: Սակայն շուտով փորձագիտական հանձնաժողովից, ուր ուղարկվել են այդ եզրակացությունները, տեղեկացրել են, որ բացի սահմանապահ զորքերի հրամանատարությունից մնացած կառույցները, այդ թվում եւ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը հարաժարվել են իրենց կարծիքներից: «Պարզ էր, որ այս ամենի դիրիժորը Հեյդար Ալիեւն էր» իրավացիորեն պնդում է Վլադիմիր Մովսիսյանը:
Ահա այդպիսի պայմաններում տեղի է ունեցել փորձագիտական հանձնաժողովի նիստը, որն էլ պետք է վերջնական եզրակացություն տար Սյունիքի տարածքով ճանապարհ կառուցելու հայկական կամ ադրբեջանական տարբերակներին: Չնայած անձամբ Հեյդար Ալիեւի եւ Խորհրդային Ադրբեջանի ներդրած ահռելի ջանքերին եւ կիրառած տարատեսակ ճնշումներին՝ հայկական կողմը կարողացել է հիմնավորված փաստարկներով հանդես գալ այդ նիստին եւ Վլադիմիր Մովսիսյանը պատմելով դրա մանրամասների մասին մեջբերում է իր ելույթից մի հատված. «Ասացի՝ համարենք, որ դուք եկել եք մեր տուն հյուր: Որպես տանտեր մենք խնդրում ենք, որ դուք սեղանի կողքով անցնեք եւ գնաք մյուս սենյակ, սակայն դուք գտնում եք, որ հենց սեղանի վրայով պիտի անցնեք: Սա սանձարձակություն է, եւ մենք թույլ չենք տա, որ մեր տանը դուք ձեր սովորություններով առաջնորդվեք»: Հանդիպելով հայկական կողմի դիմադրությանը՝ փորձագիտական հանձնաժողովը, այսինքն՝ նաեւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները որոշել են գնալ այնպիսի լուծման, որն առաջին հայացքից պետք է ձեռնտու լիներ երկու կողմերին էլ. որոշում է ընդունվում կառուցել եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական նախագծերով ճանապարհները, փաստորեն երկու ճանապարհ: Բայց խորքի մեջ այս լուծումը այնքան էլ ձեռնտու չէր Հայաստանին, քանի որ, ի վերջո, ադրբեջանական նախագծով եւ հստակ պանթյուրքիստական նպատակներ հետապնդող ճանապարհը կառուցվելու էր: Դրա համար Խորհրդային Հայաստանի իշխանությունները չնահանջելով՝ դիմում են այլ քայլերի: Նախ՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներիշխանական լուռ համաձայնությամբ ուղղակի կառավարության քննարկմանը չի ներկայացնում այդ ճանապարհի շինարարության համար ՀԽՍՀ տարածքում հող հատկացնելու հարցը: Դրանից հետո խնդիրը կրկին սրվում է եւ տեղափոխվում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նիստի օրակարգ, որտեղ ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ն. Տիխոնովը կոշտ քննադատության է ենթարկում Խորհրդային Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանին, նրան մեղադրում «ճանապարհի կառուցումը ձախողելու համար» եւ առաջարկում որպես պատիժ նրան նկատողություն հայտարարել: Սակայն Ֆադեյ Սարգսյանը ընդամենը տույժ է ստանում եւ դրանից հետո էլ չի պատրաստվում որեւէ հետ քայլ անել: Դա հաստատող կարճ երկխոսությունը ներկայացված է Վ. Մովսիսյանի հուշագրությունում. «Երբ նիստից դուրս եկանք, Ֆադեյ Տաճատիչին ասացի, որ միեւնույն է, հողհատկացման մասին որոշումը չեմ մտցնելու կառավարության քննարկմանը, նա ասաց. «Իսկ քեզ ով է ասում, որ մտցնես»»: Սակայն, այնուամենայնիվ Խորհրդային Հայաստանի իշխանությունները բացի այդ «հանդուգն պահվածքը»՝ ճանապարհի կառուցելու համար հող տրամադրելու մերժումը, փորձել են այլ ելքեր էլ գտնել, որպեսզի մի կողմից ավելի ամրապնդեն իրենց դիրքորոշումը, մյուս կողմից ունենան եւս մեկ այլընտրանքային լուծման ուղի: Եվ որպես այդպիսի լուծում առաջ են քաշում Վարդենիս-Ջերմուկ ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման հարցը: Վլադիմիր Մովսիսյանը այսպես է նկարագրում խնդրի մանրամասները. «Խնդիր դրեցինք, որ մինչեւ Ադրբեջանի կողմից չորոշվի Վարդենիս-Ջերմուկ ճանապարհի համար նախատեսվող 230 հեկտարի հողհատկացման հարցը, մենք որոշում չենք կարող կայացնել, քանի որ այդ ճանապարհի մի հատվածը անցնում էր Քալբաջարի շրջանի տարածքով: Եվ մինչ այդ հողհատկացման մասին փաստաթղթերը չստանանք, մենք Մեղրիի որոշումը չենք կայացնելու: Եվ քանի որ նրանք այդպիսի որոշում չկայացրին, մենք էլ ձեռնպահ մնացինք որոշում կայացնելուց: Այդպիսով Մեղրի-Նախիջեւան ճանապարհի շինարարությունը կանգ առավ»:
Ինչեւէ, այդ անգամ էլ Սյունիքով ադրբեջանական նախագծով ճանապարհի կառուցումը, որը պետք է կապեր Ադրբեջանը բռնազավթված Նախիջեւանի հետ, չի կայացել եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարները տարբեր մեթոդներով կարողացել են դիմագրավել եւ՛ ադրբեջանական բացահայտ ու կուլիսային խարդավանքներին, եւ՛ Մոսկվայից եկած տարատեսակ հրահանգներին ու առաջարկներին: Սակայն այստեղ պետք է նաեւ հատուկ ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքի վրա. Հեյդար Ալիեւը լինելով միութենական պաշտոնյա՝ ԽՍՀՄ մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ այն է՝ փոխվարչապետ, փորձել է իր պաշտոնը, դիրքը օգտագործելով՝ հասնել Խորհրդային Ադրբեջանի, իսկ իրականում թուրք-ադրբեջանական կարեւորագույն նպատակի իրագործմանը՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապող պանթյուրքիստական ճանապարհի կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը: Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթներում, ուշադիր լինելու դեպքում, կարելի է նկատել վատ քողարկված այն ձգտումը, որ ինչ չի հաջողվել իր հորը եւ Խորհրդային Ադրբեջանի այլ ղեկավարներին, նա փորձում է իրագործել: Այս ասվածը ապացուցող փաստարկներից է նաեւ Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում եւ ելույթներում առկա բացահայտ ոգեւորությունը «Զանգեզուրի միջանցքի» կայացման հնարավորության հանդեպ, որը երբեմն համարում են անգամ ավելի կարեւոր քան Արցախի օկուպացիան կամ իրենց ձեւակերպմամբ «ադրբեջանական տարածքների ազատագրումը»:
Շարունակելի
Առաջին մասը կարդացեք այս հղումով:
Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: