Մարադոնան «երեւանցի» էր - Mediamax.am

Մարադոնան «երեւանցի» էր
1362 դիտում

Մարադոնան «երեւանցի» էր


2020 թվականի նոյեմբերի 25-ին իմացանք, որ մահացել է ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Շատ անսպասելի էր՝ նոր էր տոնել 60-ամյակն ու թվում էր, թե կայունացրել է իր կյանքը՝ թմրամիջոցների եւ այլ արատների հետ կապված բազմաթիվ սկանդալներից հետո:

Մեր պարտությունից ընդամենը երկու շաբաթ էր անցել, երբ Մարադոնան մահացավ: Ու պարտությունն էլ ավելի անտանելի դարձավ: Եթե 1986 թվականին Երեւանի բակերում օր ու գիշեր ֆուտբոլ չեք խաղացել, ասածս չեք հասկանա: Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում փայլող Մարադոնան ներկա էր երեւանյան բոլոր բնակարաններում ու բակերում: Ինչ-որ իմաստով՝ երեւանցի էր դարձել ու մնացել:

Հրանտ Տեր-Աբրահամյանը ամիսներ առաջ գրել էր, որ 2020 թվականի պարտությամբ վերջնական հրաժեշտ տվեցինք մեր մանկությանը: Մարադոնայի հեռանալը, պարտությունից անմիջապես հետո, այդ հրաժեշտն ավելի ցայտուն դարձրեց:

Նոյեմբերի վերջին տղերքով նստած խմում էինք: Կենացներ գրեթե չկային՝ միայն մեր զոհված տղերքի ու Մարադոնայի համար խմեցինք:

Ես՝ 2020-ին Մարադոնայի մահն այդքան ծանր տանողս, 1986-ին նրա երկրպագուն չէի: Գերմանիայի հավաքականին էի երկրպագում ու դառը լաց էի լինում, երբ գերմանացիները եզրափակիչ խաղում 3:2 հաշվով պարտվեցին Արգենտինային: 10 տարեկան էի, չէի հասկանում, որ Արգենտինային ու Մարադոնային այդ հաղթանակը շատ ավելի էր պետք, քան «գերմանական մեքենային»:

Մարադոնան նման էր Հայաստանին: Սկզբում՝ ուժերի գերլարում, փայլատակում, հաղթանակ, հետո՝ հաղթանակը մարսելու անկարողություն ու որպես հետեւանք՝ լճացում եւ բարոյազրկում: Այդ առումով, միգուցե, օրինաչափ էր, որ մեր մանկության ու պատանեկության Հայաստանն ու Մարադոնան, գրեթե միաժամանակ, հեռացան:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին