Որտեղ կոտրվեց «նորմալ ապրելու» մեր հնարավորությունը - Mediamax.am

Որտեղ կոտրվեց «նորմալ ապրելու» մեր հնարավորությունը
2355 դիտում

Որտեղ կոտրվեց «նորմալ ապրելու» մեր հնարավորությունը


Վերջին տարիներին ծննդյանս օրը ֆեյսբուքում գրում եմ, որ ցանկացողները որպես նվեր հանգանակություն կատարեն իմ կողմից առաջարկվող սոցիալական նախագծին կամ հիմնադրամին, որին վստահում եմ։

Երբ մոտենում էր այս տարվա նոյեմբերի 13-ը, սկսեցի մտածել տեքստի մասին։ Հիմնադրամի ընտրություն չեմ էլ արել, քանի որ 2020-ի սեպտեմբերից հետո իմ բոլոր նվիրատվությունները եւ աջակցելու ռեսուրսը գնում են 1000+։ Երբ սկսեցի մտածել, թե ինչ գրեմ, հիշեցի «Ես 24 տարեկան եմ դառնում, զոհված զինվորը` ընդմիշտ 19» տեքստը, որ գրել էր Յանա Շախրամանյանը 2014 թվականին։

Միայն ընդհանուր գաղափարն էի հիշում, բայց ոչ մանրամասները։ Երեւի ենթագիտակցությունս բերեց այդ տեքստի մասին հիշողությունը, քանի որ հիմա նկարագրածին շատ մոտ զգացողություններ եմ ունենում հաճախ։

Փորձեցի գտնել։ Գտա։ Կարդացի։

«Անջատում եմ համակարգիչս: Դուրս եմ գալիս փողոց: Մարդիկ նույնն են: Քաղաքն էլ հետը: Ու երթուղայինում միացված ռադիոյի ուղիղ եթերից հաղորդավարը նորից հիշեցնում է Արցախում եղած սահմանային միջադեպն ու մարդիկ ռադիոյի ընդունիչին զուգահեռ նորից խոսում, խոսում ու խոսում են` գներից, ցրտից, երթուղայինից, սպասվող տոներից, խոսում են իրենց կյանքից ու այն ԱՊՐԵԼՈւ դժվարություններից»:

Հիմա երեւի մի թեմա է ավելացել այս ամենին՝ Քովիդը։

Ես էլ եմ այդ ամենից խոսում ու այդ ամենով ապրում։ Խաղում ու ծիծաղում եմ երեխայիս հետ, ուրախանում, երբ արեւ է դուրս գալիս, գնում եմ աշխատանքի, փորձում եմ ինքնազարգացմամբ զբաղվել, հանդիպում եմ ընկերներիս, խոսում թանկացումից, թեստերի արդյունքներից կամ պատվաստումներից, նոր թողարկված ֆիլմերից։

Բայց այս առօրյայում անփոփոխ մի բան կա՝ հանկարծակի ու կայծակնային արագությամբ եկող ու գնացող որեւէ դրվագ, պատմություն, պատկեր՝ 44 օրերին կամ դրանց հետեւանքին վերաբերող։ Երեւի շատերի մոտ է էդպես։

Երբ շատ եմ մտածում, հասնում եմ մի կետի, որում ինձ համոզում եմ, որ նորմալ է շարունակել ապրելն այն ամենից հետո, ինչ եղավ ու շարունակում է կատարվել։ Երեւի հնարավոր չէ անընդհատ դեպրեսիայի մեջ լինել ու ծանր իրողության մասին մտածել միայն։ Պետք է առաջ գնալ, դառնալ ավելի լավը, ուժեղանալ։ Բայց հասկանում եմ նաեւ, որ կա մի կետ, որտեղ կոտրվեց «նորմալ ապրելու» մեր պոտենցիալ հնարավորությունը։ Այն մնաց ինչ-որ տեղ, որտեղ մնացին «ընդմիշտ» 19, 20 կամ 25 տարեկան տղաները ու նրանց չապրած կյանքերը։ Այնտեղ, որտեղ մնաց մեր տան մի մասը, մեր հավատը, վստահությունը։

«Հիմա կուլ եմ տալիս ջղայնությունս, անարդարության մասին գլխումս պտտվող հեքիաթներն ու փորձում ինձ համոզել, որ կարգն է սենց. պատերազմի մեջ ապրող երկրի կարգը: Ու սա է գինը, որն ինչ-որ մեկը միշտ պիտի վճարի:»

Այսօր ես դառնում եմ 30 տարեկան։ Թեեւ ծննդյան օրը չեմ կարեւորում, նամանավանդ վերջին երկու տարում, բայց փորձում եմ դրա առիթը օգտագործել մի բանի համար, ինչը իմ պատասխանատվությունն եմ համարում՝ աջակցել մարդկանց, որոնք վճարել են ամենաթանկ գինը ու պատերազմում կորցրել են իրենց ընտանիքի մի մասնիկը։ Գոնե այս հարցում ես գիտեմ՝ ինչ անել։ Եթե կցանկանաք ինձ «շնորհավորել», Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում կարող եք իմ անունով («ի պատիվ») կամ առանց որեւէ նշում նվիրատվություն կատարել։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին