Ռեյկյավիկի հանդիպումը եւ մի բանկա Coca-Cola-ն - Mediamax.am

Ռեյկյավիկի հանդիպումը եւ մի բանկա Coca-Cola-ն
1908 դիտում

Ռեյկյավիկի հանդիպումը եւ մի բանկա Coca-Cola-ն


Ռուսական Կոմերսանտն այսօր հիշեցրեց, որ 35 տարի առաջ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ ԽՍՀՄ եւ ԱՄՆ ղեկավարներ Միխայիլ Գորբաչովի եւ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը:

Այդ օրը լավ եմ հիշում: Այսօրվա պես տաք ու արեւային օր էր: Մենք սովորում էինք 4-րդ դասարանում ու մեծ դասամիջոցին Պուշկինի անվան դպրոցի ներքին բակում էինք: Միակ դասարանն էինք, որի մուտքն այդ բակից էր:

Չնայած, ընդամենը 10-11 տարեկան էինք, մի քանի հոգով քննարկում էինք Գորբաչովի եւ Ռեյգանի հանդիպումը: Ռեյգանի մասին այնքան վատ բան էինք կարդացել ու լսել մինչ այդ, որ նույնիսկ զարմանալի էր, որ խորհրդային երկրի ղեկավարը որոշել է հանդիպել նրա հետ:

Բայց այդ օրվա հետ կապված եւս մի հիշողություն կա, որի շնորհիվ էլ, կարելի է ասել, տպավորվել է Ռեյկյավիկի հանդիպումը:

Մեր դասընկեր, իսկ հիմա՝ ճանաչված օպերային երգիչ Դավիթ Բաբայանցի բարեկամները, կամ էլ՝ բարեկամների ընկերները, եկել էին ԱՄՆ-ից եւ Դավիթին բերել էին մի բանկա Coca-Cola: Դավիթն էլ այն բերել էր դպրոց՝ ընկերների հետ միասին վայելելու:

1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերից հետո ԽՍՀՄ-ում Pepsi էին արտադրում, այնպես որ՝ այդ գազավորված ըմպելիքների համը մեզ ծանոթ էր: Բայց այս մեկը Coca-Cola էր, այն էլ՝ բանկայով: Դասարանի տղաներով ամեն մեկս մի կում արեցինք, ու բանկան վերջացավ: Այն ժամանակ, իհարկե, չէինք մտածում, որ ինչ-որ հատուկ խորհուրդ կա նրանում, որ ամերիկյան ամենահայտնի ըմպելիքը խմում ենք հենց այն օրը, երբ Ամերիկայի ղեկավարն առաջին անգամ հանդիպում է մեր երկրի ղեկավարին: Բնականաբար, ոչ մի խորհուրդ էլ չկար:

Անցել է 35 տարի, բայց Ռեյկյավիկի մասին ցանկացած հիշատակում հիշեցնում է այն առաջին բանկայով Coca-Cola-ն, որը ընկերովի խմեցինք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին