Պատերազմից հետո հայ հասարակությունը մեծ դժվարություն ունի պարտություն հասկացության գործնական ընկալման հարցում: Իհարկե, 26 տարի հաղթողի դերում լինելուց հետո դժվար է ադրբեջանցիների հետ դերերով փոխվելը, բայց իրականությունը դա է:
Ցանկացած պարտության դեպքում պարտվող կողմի առաջնային անելիքը պարտությունից բխող հետագա նոր վնասների ու կորուստների հանգեցնող վտանգները ըստ կարելվույն չեզոքացնելն է: Սա հնարավոր է միայն սթափ, չոր հաշվարկներով այդ վտանգները գույքագրելու եւ իրավիճակին համարժեք կարճաժամկետից մինչեւ երկարաժամկետ քայլերով առաջնորդվելու դեպքում: Այս ընթացքում պարտվող կողմը պետք է ուժ գտնի իր մեջ ժամանակավորապես հետին պլան մղելու «թասիբն» ու համանման զգացմունքային այլ տվայտանքները եւ կենտրոնանալու բացառապես գործնական թեմաների վրա:
Ի դեպ, ճիշտ այդպես վարվեց Հեյդար Ալիեւը 1994-ին: Խորհրդային ժամանակների քաղաքական այդ հսկայի համար էլ արժանապատվությունից ցածր էր ծնկելուց հետո խաղաղության շուրջ պարտվածի դիրքից բանակցել: Բայց դա էր իրավիճակը, եւ դա էր պահանջում պահի նրա պետական շահը:
Չոր հաշվարկ անելու համար այսօր պետք է վտանգները նվազեցնելու ուղիների բովանդակությունը տարանջատել իշխանության պատկանելիության հարցից: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ով է հիմա իշխանություն ու ով կլինի հունիսի 20-ից հետո, պետք է տալ, օրինակ, հետեւյալ հարցի պատասխանը. Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հստակեցումը կնվազեցնի՞, թե՞ կմեծացնի հետագա բախումների, կիլոմետր առ կիլոմետր տարածք կորցնելու կամ նոր պատերազմի վտանգը, կվատթարացնի՞, թե՞ կբարելավի սահմանային բնակավայրերի բնակչության կենսագործունեության պայմանները, կընդյալնի՞, թե՞ կսահմանափակի այդ շրջաններում ներդրումներ կատարելու հնարավորությունները, կնպաստի՞, թե՞ կխոչընդոտի սահմանամերձ բնակավայրերից արտագաղթին եւ այլն:
Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ խուսափել սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցը նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ թղթից անդին առկա հարաբերությունների իրողությունների համատեքստում գնահատելուց: Ի դեմս սահմանների հարցով հանձնաժողով ստեղծելու ռուսական նախագծի՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն իր աջակցությունը տեսնում է միայն այդ ձեւով: Հիմա այդ իրողությունը ստեղծված ընդհանուր իրադրության հետ համադրելու եւ ելքեր գտնելու փոխարեն զբաղվել էն սհաթը օրհնելով, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ կամ այդ սհաթը անիծելով՝ խնդիրը չի լուծվում: Եթե Հայաստանը հրաժարվում է սահմանների հստակեցման գործընթացից, Ռուսաստանը կարող է Պիղատոսի նման ձեռքերը լվանալ: Չմոռանանք, որ Արցախի հարցում Ռուսաստանն ասում էր՝ վերադարձրեք տարածքները, որ խնդիրը կարգավորվի: Հիմա ասում է՝ հստակեցրեք սահմանները, որ խնդիրը կարգավորվի: Թե ինչ եղավ առաջին դեպքում՝ տեսանք: Ի՞նչ կլինի երկրորդ դեպքում: Այս հարցի պատասխանը հասարակությունը փորձո՞ւմ է գտնել...
Հասարակությունն ունի՞ հարցի պատասխանը, թե այն դեպքում, եթե ադրբեջանական ուժերը հիմա շարունակեն ըստ ճաշակի տարբեր տեղանքներում առաջանալ, ի՞նչ է արվելու եւ ինչի՞ է այդ անելիքը հանգեցնելու: Ուժային պատասխան տալը որպես առաջնահերթ արձագանք կարճ էֆեկտ եւ երկար անցանկալի հետեւանքներ առաջացնող միջոց է թվում. ի՞նչ է հաջորդելու ուժային պատասխանին: Հայկական զինված ուժերն ունե՞ն այդչափ կարողություն առանց պատշաճ պաշտպանական կահավորման ու անհրաժեշտ քանակով մարդուժի թափանցիկ սահմանագծում պետք եղածին չափ հուժկու ու երկար ուժային արձագանք տալու:
Կամ՝ թեկուզ ներկա հնարավորություններով նոր սահմանային գծում կենտրոնացվելիք մարդուժն ու կահավորանքն ի՞նչ են անելու, եթե հակառակորդը գերժամանակակից «կահավորված» է օդում՝ ի դեմս հարվածային ու հետախուզական անօդաչուների եւ առանց գետնին կահավորանք ունենալու էլ կարող է գործել: Այդ օդային «կահավորանքով» նա կարողացավ անգամ արցախյան սահմանների 26 տարվա օդում, թե գետնին ստեղծված կահավորումը հողին հավասարեցնել...
Առհասարակ, ինչքա՞ն ժամանակ եւ ֆինանս է պետք հարյուրավոր կիլոմետրերով նոր սահմանը կահավորելու համար: Չմոռանանք, որ թեեւ սահմանի ամրացման համար գործածվում է ավելի շատ կենցաղային ընկալում ունեցող «կահավորել» բառը, բայց այն պետք չէ շփոթել բնակարան կամ բնակարանի մի սենյակ կահավորելու համար անհրաժեշտ միջոցների ու ժամանակի հետ...
Կոշտ արձագանքի մասին կարելի է խոսել զինված ուժերն արդի մարտահրավերներին համարժեք վերազինած ու վերակազմակերպած լինելու դեպքում: Դրա համար ժամանակ է պետք եւ ռեսուրսների արագ մոբիլիզացիա (դա անելու հնարավոր տարբերակներից մեկին անդրադարձել եմ նախորդ հրապարակումներից մեկում): Բայց այս ամենի համար, պարզ ասած, ժամանակ է պետք շահել: Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան ժամանակատար գործընթացներ են, եւ այդ ընթացքում որքան արագ հզորացվեն ՀՀ զինված ուժերի կարողություններն, այնքան կմեծանան սահմանների ամրագրման երկարատեւ գործընթացում ադրբեջանական նկրտումները զսպելու հնարավորությունները:
Այսօր ոչ միայն հասարակությունը, այլեւ քաղաքական ուժերը չունեն կամ հրապարակավ չեն տալիս հարցերի հարցի պատասխանը՝ Հայաստանը պետք է գնա ներկա իրավիճակը կոնսերվացնելու եւ ժամանակի վրա խաղադրույք անելո՞ւ, ինչպես որ արվել էր 1994-ից մինչեւ 2020թթ., թե՞ առաջիկա չորսուկես տարում, մինչեւ ռուսական խաղաղապահների ներկայության ժամկետի ավարտը, Արցախի հարցի որեւէ լուծման գնալու, Հայաստան-Ադրբեջան սահմանների ամրագրման գործընթացը մեկնարկելու ճանապարհով:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը պարտավոր են քարոզարշավի ժամանակ ներկայացնել իրենց պատկերացումներն այս կենտրոնական խնդիրների մասին: Հասարակությունն էլ իր հերթին պետք է հրաժարվի տհաճ, ցավեցնող իրողություններից հայացքը փախցնելու եւ դրանց ոչ պակաս ցավեցնող լուծումների մասին արտահայտվողներին պիտակավորելու հակումներից: Այդպիսով երկրի ճակատագիրը տնօրինելու հավակնող ուժերին հնարավորություն կտրվի առանց կաշկանդվելու խոսել իրենց պատկերացումների մասին ու չոր հաշվարկներով հիմնավորել դրանք: Բարեբախտաբար, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շարքում կենացասացներից բացի կան նաեւ այնպիսիք, որոնք ունակ են այդպիսի հաշվարկներ անել եւ պատրաստ կլինեն այդ մասին խոսել:
Պետք է գիտակցել, որ քարոզարշավը միայն Փաշինյանին քննադատելով, անիծելով ու հայհոյելով անցկացնելը, անկախ այն բանից, որ նա տվել է դրա բազում հիմքեր, Հայաստանի ներկա վիճակում մեծ շռայլություն կլինի: Վերոհիշյալ հարցերի մասին չխոսելը նաեւ կդժվարացնի նոր կառավարության այս թեմաներով հաղորդակցությունն ու գործողությունները: Իսկ դա մոտավորապես կնշանակի կրկին հայտնվել անցած երկու տասնամյակին նմանվող մի իրավիճակում, երբ իրողությունների մասին լռելը կգերադասվի դրանց մասին խոսելուն եւ խնդիրները լուծելուն: 2020-ը ցույց տվեց, թե ինչի են հանգեցնում նման մտածելակերպն ու գործելակերպը...
Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: