Ալիեւը հայ-ադրբեջանական սահմանին շարժվում է ոնց սիրտն ուզի: Նա ապահովել է իր ցանկություններն ու հնարավորություններն առավելագույնս համապատասխանեցնելու իրավիճակ եւ վաստակածի հոգեբանությամբ ըմբոշխնում է այն: Սեւ լճի մոտ առաջխաղացումն ու սահմանի այլ հատվածներում առաջխաղացման փորձերը Ադրբեջանի նախագահի համար, ամենային հավանականությամբ, ոչ այնքան սահմանագծում շահեկան դիրքավորման, որքան արցախյան առաջին պատերազմից հետո 26-ամյա նվաստացումը թոթափելու, այն մինչեւ վերջին «խազը» փոխհատուցելու նշանակություն ունեն:
Պատերազմից այս կողմ՝ նա «կամուֆլյաժը» հագից չի հանում: Հնարավոր է՝ արդեն ունի նաեւ «կամուֆլյաժե» գիշերազգեստ, լողազգեստ, մի խոսքով՝ մի ամբողջ նոր զգեստապահարան, որպեսզի երազում, թե արթմնի՝ հաղթած գերագույն գլխավոր հրամանատարի կերպարից հանկարծ ոչ մի րոպե չզրկվի: Նրա համար պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ անելիքներ կան: Եթե Արցախի մի մասը իր ձեռքում չէ, կարող է փորձել այստեղ-այնտեղ մի քիչ ՀՀ տարածք օկուպացնել եւ նաեւ այդ հաճույքը վայելել: Մոտավորապես այս ոգով՝ «Դե, հիմա էլ ես եմ ձեր տարածքը օկուպացրել, լա՞վ է... Դե, եկեք մի 26 տարի էլ դրա շուրջ բանակցենք՝ ՀՀ տարածքների վերադարձ Արցախի մնացած հատվածի դիմաց...»:
Սրանից կարելի է, կախված նյարդերի ամրության չափից, վրդովվելուց մինչեւ սրտի կաթված ստանալու աստիճան զայրանալ, բայց իրավիճակն այդպիսին է: Եվ այս իրավիճակն ամենեւին էլ անակնկալ չի ընկել Հայաստանի ու Արցախի գլխին: Ովքեր դա չեն նկատել, ուրեմն, դպրոցում բացակայել են «Ճպուռն ու մրջյունը» առակի դասաժամերից...
Զայրույթի ու անելանելիության ներկա զգացումները, սակայն, չպետք է դարձյալ երեւակայական, ցանկալին իրականության հետ շփոթող խաբկանքներ արմատավորեն հասարակության մեջ, ինչպես որ անցած երկու տասնամյակում էր: Մերօրյա հասարակ մահկանացուների մեջ պետք չէ Սասունցի Դավիթ փնտրել ու ակնկալել, որ նա ընտրություններից հետո կցատկի Քուռիկ Ջալալու թամբին ու Թուր Կեծակին այնպես կշողշողացնի, որ Ալիեւը վազեվազ կդառնա եկած ճանապարհով իր հայրենի հողը Մսրա...
Նիկոլ Փաշինյանի հեռանալով, եթե ընտրությունների արդյունքում դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, պատերազմում կրած պարտությունը չի անէանալու: Փաշինյանը պարտությունն իր հետ տուն չի տանելու: Պարտությունն այլեւս մնայուն «բաղկացուցիչ» է մի երկրում, որտեղ արժանապատիվ խաղաղության հասնելու առաջարկը համազգային կոնսենսուսով անցանկալի, անպատիվ ու դավաճանական գաղափարի կարգավիճակ ստացավ 1997 թվականից՝ արդյունքում անկարգավիճակ թողնելով Արցախը:
Այս ամենի ֆոնին հիմա, մեղմ ասած, ժամանակավրեպ է «խաղաղություն» բառը զարդարել «արժանապատիվ» ածականով եւ որպես խոստում մատուցել հասարակությանը, ինչը նկատելի է քաղաքական տարբեր անկյուններում: Արժանապատիվ խաղաղությունը, իհարկե, լավ է հնչում եւ դրական, լավատեսական տրամադրություն կարող է ձեւավորել, ինչի կարիքն իսկապես կա Հայաստանում: Բայց հանուն տրամադրություն ձեւավորելու պետք չէ սպասումներ արթնացնել մի հասկացության շուրջ, որն ընդամենը անցյալում մնացած, բաց թողնված հնարավորություն է եւ ներկայի հետ այլեւս աղերս չունի: Չմոռանանք նաեւ, որ մեկ այլ ներշնչված տրամադրության մեջ անցկացրինք 26 տարի, ու վերջում պարզվեց, որ ժողովրդական խոսքով ասած՝ անունը կա, ամանում չկա... Այնպես որ, պետք չէ ինքնախաբեության տրվել՝ արժանապատիվ խաղաղության այլեւս հնարավոր չէ հասնել, անգամ, եթե հենց այդ գաղափարի հեղինակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության:
Բայց խաղաղության, իհարկե, հնարավոր է հասնել: Հնարավոր է ապահովագրված խաղաղություն եւ արժանապատիվ՝ «Ոչ միայն հացիվ, այլեւ՝ կացիվ» սկզբունքով կյանք կառուցել Հայաստանում: Արժանապատիվ պետական, հասարակական-քաղաքական ու անհատական լիարժեք կյանքով ապրող ՀՀ քաղաքացին, ով կկարողանա օգտվել մարդու, քաղաքացու իրավունքների ողջ ներկապնակից, կարող է արժանապատվության բարձունքից նայել Բաքվում, Ջաբրայիլում, Աղդամում, թե այլուր դեռեւս «կամուֆլյաժով» դես ու դեն վազող ու ֆոտոսեսիաներ անող միահեծան տիրակալի կրնկի տակ «ճզմվող» հարեւան երկրի քաղաքացիներին: Խոսքն այստեղ չարախնդալով նայելու մասին չէ:
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը այսպիսի արժանապատվություն կարող են խոստանալ հայ հանրությանը: Հասարակությունն էլ պիտի կարողանա այս պրիզմայով դիտարկել իրեն տրվող նախընտրական խոստումները, ընդսմին չմոռանալով, որ «խոստումը» հավասարապես փոխկապակցված է «դրժել» եւ «կատարել» հասկացությունների հետ: Իսկ թե դրանցից որը իրականություն կդառնա՝ կախված է այդ խոստումների իրատեսական հաշվարկվածությունից ու խոստացողների մինչ այս ունեցած հետագծից:
Ի դեպ, նախընտրական այս ժամանակահատվածում աչքի է զարնում, որ Արցախի հետագա ճակատագրի մասով խոստումներ չեն հնչում, բոլորը խուսափում են անգամ մոտավոր անդրադառնալ այս թեմայով իրենց պատկերացումներին: Խուսափում են խոսել այն մասին, թե, օրինակ, Հայաստանը, ի վերջո, պե՞տք է ճանաչի Արցախի անկախությունը, թե՞ ոչ, որո՞նք են ճանաչելու ու չճանաչելու դրական ու բացասական կողմերը:
Փաշինյանի հեռացումը որպես գլխավոր օրակարգ հռչակելով՝ այս թեման շրջանցելու փորձերը դժվար թե երկարաժամկետ հաջողեն: Հասարակությունը լավ հիշում է, որ ընդամենը երեք տարի առաջ համախմբվեց «մերժման» համանման մի գլխավոր օրակարգի շուրջ եւ հեռացրեց իր համբերության բաժակը պռնկեպռունկ լցրած օրվա իշխանություններին: Արդեն անխոչընդոտ երջանիկ ապագա կառուցելու իր էյֆորիայի մեջ, սակայն, հանրությունը մոռացավ մի քանի կարեւոր հարցեր տալ պետության ղեկը ստանձնելու եկողներին: Նրանք էլ իշխանության գալով՝ իրենց հերթին «մոռացան» հասարակության հետ խոսել ամենակարեւոր հարցի՝ լուսավոր ու կայուն ապագա կառուցելու հիմնական նախապայմանի՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտության ու դրան հասնելու ուղիների մասին:
Այս անգամ պետք է հարցեր տրվեն, հնարավորինս շա՛տ հարցեր, որպեսզի հանրությունը ստիպված չլինի որոշ ժամանակ անց եւս մեկ անգամ արձանագրելու, որ մրից ելել՝ մրջուրն է ընկել...
Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: