Ինչպես են ոչնչացնում ազգերը - Mediamax.am

Ինչպես են ոչնչացնում ազգերը
4851 դիտում

Ինչպես են ոչնչացնում ազգերը


21-րդ դարում ցեղասպանության տեխնոլոգիաները նախկիններին նման չեն։ Այն բարբարոսական մեթոդները, որոնք կիրառվեցին մեր նկատմամբ 20-րդ դարի սկզբում, կորցրել են իրենց արդիականությունը։ Ավելի ճիշտ՝ դրանք մղվել են երկրորդ պլան, քանի որ փորձը ցույց տվեց, որ ազգի Ֆիզիկական բնաջնջումը այնքան էլ արդյունավետ չէ։ Կա այլ տրամաբանություն՝ եթե զրկում ես մարդկանց իրենց միավորող հատկանիշներից, նրանք դադարում են միավորվել։ Պառակտված մարդիկ, որոնց լավագույն դեպքում միավորում է իրավիճակային շահը, հեշտությամբ կառավարելի են եւ լավ ռեսուրս են ցանկացած գործողությունների համար։ Ազգը մարդկանց միավորում է, եւ եթե մարդիկ կորցնեն իրենց միավորող հենքը, ազգը ինքն իրեն կվերանա։ Ուրեմն ազգի ոչնչացման նախագիծը պետք է գնա մի քանի մակարդակով։

Հանրային մակարդակում պետք է մարդկանց հնարավորինս հակադրել միմյանց, նվազեցնելով փոխադարձ վստահությունը։ Դրա համար կիրառվում է պիտակավորում՝ մարդիկ դառնում են «նոր» եւ «հին», «սեւ» եւ «սպիտակ», երիտասարդ եւ տարեց, հավատացյալ եւ աթեիստ, հարուստ եւ աղքատ, հարավից եւ հյուսիսից։ Ծայրահեղացնելով այս բեւեռները, մարդկանց պարտադրելով դիրքավորվել բեւեռների ծայրերում, պառակտում ես իրենց, տրամադրում ես մեկը մյուսի դեմ, մաշեցնում ես նրանց բարոյական եւ հոգեբանական ռեսուրսը։ Այդ հատկանիշների շուրջ մարդիկ չեն միավորվում, քանի որ դրանք արհեստական են, դրանք այն չափանիշները չեն, որոնցով մենք ընտրում ենք ընկեր կամ հարազատ։ Բացի այդ, ծայրահեղականացումը անջատում է բանականությունը, մարդիկ դառնում են անհանդուրժող, քայքայվում է նրանց արժեհամակարգը։ Արդյունքում դառնում են հեշտ կառավարելի։ Դա պառակտման առաջին տեխնոլոգիան է։

Երկրորդ, զուգահեռ տեխնոլոգիան գործում է անձնային դաշտում։ Անձանց ճնշող մեծամասնությունը ունենում են դժվարություններ հասարակության հետ իրենց հարաբերություններում։ Դա առավել ընդգծված է պատանեկան տարիներին, երբ այդ հարաբերությունները նոր են ձեւավորվում։ Դա բնական է եւ ճիշտ, քանի որ թույլ է տալիս մարդուն ձեւավորել իր «եսը», մի կողմից ձգտելով դառնալ հանրության մաս եւ գտնել իր տեղը, մյուս կողմից՝ որոշ չափով հակադրվել հանրությանը, անձնայինը պահպանելու համար։ Այս թիրախին է հարվածում աշխարհում մեծ թափ առած եւ ամեն կերպ պարտադրվող հերթական ժամանակակից նույնականացման շարժումը։ Այն ասում է.

«Դու չես մեղավոր հասարակության հետ քո բարդ հարաբերությունների համար, դրա մեղավորը չհանդուրժող հասարակությունն է, որը չի ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, այլ պարտադրում է քեզ հնացած եւ կարծրացած նույնականացման չափանիշներ՝ սեռ, մաշկի գույն, ազգություն եւ այլն։ Դա անթույլատրելի է։ Դու իրավունք ունես թելադրել հասարակությանը քո սեփական նույնականացման չափանիշները։ Չկա այլեւս կենսաբանությամբ պայմանավորված սեռ, դու ես ընտրում քո սեռը, անգամ կարող ես լինել թիթեռնիկ կամ բողբոջ։ Չկա մաշկի գույն՝ քեզ պիտի տեսնեն այնպիսին, ինչպիսին դու ես ուզում։ Չկա ազգություն, դա երկրորդական է, ազգային մշակույթը թանգարանային նմուշ է, քեզ պետք է սիրեն եւ հարգեն ցանկացած դեպքում։ Դու ես սահմանում քո արժեքները, քեզ ոչ ոք չի կարող դրանք պարտադրել»:

Կարծում եմ, տրամաբանությունը հասկանալի է։ Խնդիրը միայն այն չէ, որ հանրությունը փշրվում է, քանի որ մարդիկ այլեւս չեն փնտրում ընդհանրություններ, այլ կենտրոնանում են իրենց տարբերությունների վրա։ Խնդիրը նաեւ այն է, որ մեր պատկերացումը մեր մասին խաբկանք է, մենք շատ հաճախ իրական են համարում ցանկալին։ Հասարակության հետ առողջ հարաբերությունների պարագայում մենք հետադարձ կապ ենք ստանում եւ գիտակցում ենք, գոնե ինչ-որ չափով, մեր ով լինելը։ Իսկ եթե մենք ենք պարտադրում հասարակությանը մեր պատկերը, մեզ նույնականացնելու չափանիշները, այլեւս նման արձագանք չենք ստանում։ Արդյունքում, անգամ այս արհեստական, մտածածին չափանիշների շուրջ խմբավորվել չենք կարողանում, քանի որ դրանք իրական չեն, մերը չեն, մեզ այլ մարդիկ այդպես չեն ընկալում։ Մարդիկ դառնում են միայնակ, դատարկ, կենտրոնանում են երկրորդական, անբովանդակ հարցերի վրա, խզվում է կապը դարերից եկած իմաստության հետ։

Երրորդ հիմնական ուղղությունը արժեքներ կուտակող հանրային կառույցների ոչնչացումն է։ Մարդկանց առավել ամուր միավորումները ընդհանուր արժեքների շուրջ են։ Արժեհամակարգային կենտրոն են հանդիսացել եկեղեցին, համալսարանները եւ գիտական կենտրոնները, դպրոցները, մշակութային օջախները, տարատեսակ մշակութային եւ կրթական շարժումները։ Դրանց մի մասը կարելի է չորացնել, չհատկացնելով բավարար ֆինանսավորում, մի այլ մասի դեմ պետք է վարել ուղիղ պայքար։ Դա այնքան էլ դժվար չէ՝ պառակտված, ծայրահեղացված մտածողության համար այս ամենը երկրորդական է, ավելին՝ աչք է ծակում։ Հավասարակշռված մտածողության կարողությունը կորցրած, ծայրահեղ գաղափարներին հարող մարդիկ հեշտությամբ պատրաստ են կործանել արժեքները, ինչի վառ օրինակ հանդիսացավ բոլշեւիզմը։

Այս ամենը տեսանելի է, դրա պտուղները մենք այսօր ճաշակում ենք։ Այս երեւույթները կան ամենուրեք, եւ որքանով են դրանք բնականորեն ձեւավորվել կամ ուղղորդվում ինչ-որ ուժերի կենտրոնների կողմից, բաց հարց է։ Սակայն այն, որ մեր թշնամիները կարող էին գիտակցված կիրառել այս մեթոդները մեր դեմ, ուղղորդելով որոշում կայացողներին, ֆինանսավորելով եւ պարտադրելով կոնկրետ քայլեր, ինձ համար բավականին հիմնավորված ենթադրություն է։

Եթե կործանարար քամիները արդեն փչում են, իմաստ ունի դրանց աջակցել, ուղղելով հակառակորդի դեմ։ Սակայն խնդիրը միայն մենք չենք։ Բազմաթիվ մտածող մարդիկ ահազանգում են, որ մարդկանց մեկուսացումը, պատմականորեն ձեւավորված միավորների տրոհումը, ընդհանուր արժեհամակարգերի տարրալուծումը բերում է նրան, որ մարդիկ իրար չեն լսում, չեն հասկանում, ինչը հղի է լարվածության աճով, եւ վաղ թե ուշ կբերի մեծ արհավիրքների։

Արամ Փախչանյանը ABBYY ընկերության փոխնախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին