Ազատությունն առանց առաքինության կործանարար է - Mediamax.am

Ազատությունն առանց առաքինության կործանարար է
5599 դիտում

Ազատությունն առանց առաքինության կործանարար է


                          ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ.
    Ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհ

                                                                                      Մաս Բ

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Հասարակական հարաբերություններ

Կեղծիքն աննպատակ չի լինում, հատկապես երբ այն պարտադրված է: Զավեշտական է հնչում, բայց մեզ պարտադրում են «ազատ» լինել: Եվ այդ «ազատությունը» բոլոր ժամանակների մեծագույն հոգեւոր բռնությունն է: Ազատության, մարդու իրավունքների, հավասարության ականջահաճո թեզերի ներքո ներմուծում են օրակարգեր, որոնք գոյաբանական սպառնալիք են մեր ազգային ինքնության համար: Իսկ մեր արժեքային հիմքը սահմանված չէ, հետեւաբար չունենք ներքին համաձայնություն, թե ինչի շուրջ ենք միավորվում եւ որոնք են մեր մարդկային հարաբերությունների սրբություններն ու սահմանները: Եվ քանի դեռ մենք չգիտենք, թե ով ու ինչ ենք, մեզ անընդհատ իմաստազրկելով ու բարոյազրկելով` հավասարեցնելու են: Ազատությունը առանց բարիքի գիտակցության եւ բարոյական պատասխանատվության` գաղափարական թմրանյութ է եւ կառավարելի քաոսի հիմնական գործիքը: Եվ մեր իրականությունը հենց ուղղորդված, կառավարվող եւ ազգակործան քաոս է, որից օր առաջ պետք է դուրս գալ: Ինչի՞ց սկսել: Նախ եւ առաջ` մարդու պաշտպանությունից, մարդկային  հարաբերությունների չգրված օրենքների կամ սրբությունների ամրագրումից: Հասարակությունը չի կառուցվում սոսկ արտաքին օրենքներով եւ իրավական կարգավորումներով: Մարդկային կյանքը կանոնակարգող այդ հիմքային սկզբունքները կամ աքսիոմները ունեն կրոնափիլիսոփայական ծագում: Օրինակ` ավետարանական սերը եւ փիլիսոփայական արդարությունը շատերի համար անվիճելի ճշմարտություններ են եւ հասարակական կյանքի ձեւավորման բարձրագույն չափանիշներ: Սակայն ոչ պակաս կարեւոր են դրանք իրագործելու բանալիներն ու կոդերը, որոնց բացահայտման համար կարիք ունենք նախեւառաջ հասկանալու եւ վերացնելու մեր համակարգային սխալների ու շեղումների պատճառները: Եթե մենք երկարաժամկետ մտածողության եւ ապագան տեսնելու խնդիրներ ունենք, ապա պատճառը մեր անհավատությունն է: Եթե քաղքենի ենք, սպառող եւ մանրախնդիր, ապա պատճառը մեր սնահավատությունն է: Եթե անփույթ, անհետեւողական ու թափթփված ենք, ապա պատճառը մեր թերահավատությունն է: Եթե ուզում ենք, որ անընդհատ մեզ գովեն եւ խոսեն մեր բացառիկությունից, ուրեմն ներքուստ դատարկ ենք: Պետք է շարունակել արատաբանության այս շղթան եւ վերհանել մեր համակարգային խախտումների օրինաչափությունները, որպեսզի կարողանանք որպես հասարակություն կազդուրվել, մեզ պարգեւված կյանքը գնահատել եւ այն համաձայնեցնել կյանքի Տիրոջ հետ: Այս հարցում պատճենահանումները չեն օգնի, կարիք ունենք նրբագույն վերլուծությունների: Եվ միշտ պետք է հիշենք, որ հոգեւոր խավարը հաղթահարելու միակ ճանապարհը հավատքի ու առաքինությունների լույսն է: Իսկ մեր բարոյական աճի հայտարարը մեր խոսքն ու գործն են:

Խոսքը աստվածատուր շնորհ է: Հովհաննես ավետարանիչը Աստուծո Որդուն կոչում է Աստուծո  Խոսք: Մարդը` որպես բանական կամ խոսքի շնորհով օժտված էակ, Աստուծո մարմնավորված Խոսքի պատկերն ու նմանությունն է: Խոսքը մեր մտածողության, ապրումների եւ մշակույթի խորհրդանիշն է: Խոսքը մեր սրբությունն է: Հետեւաբար խոսքի նկատմամբ հարգանքը հասարակության հոգեւոր իդեալների եւ մաքրության գլխավոր ցուցիչն է: Երկարաժամկետ լուծումը կրթության մեջ է: Սակայն մինչեւ սեփական խոսքը հարգող սերունդ ձեւավորելը մենք կարիք ունենք հենց այսօր մաքրագործելու եւ պաշտպանելու խոսքի սրբազան ասպարեզը: Բավական է մի թռուցիկ հայացք նետել մեր հանրային հաղորդակցության հարթակներում եւ ցանցերում տիրող իրավիճակի վրա, որ համոզվենք, որ մենք իմաստազրկել, բարոյազրկել եւ այլանդակել ենք մեր խոսքը: Մեզ ոչ անշահախնդրորեն օգնել են այդպիսին դառնալ, այսպիսին են ուղղորդված եւ կառավարվող խոսքի ազատության եւ ժողովրդավարության պտուղները: Ժամանակակից աշխարհում տեղեկատվական դաշտի եւ սոցիալական ցանցերի միջոցով կիրառվող մանիպուլյացիաները, ուղեղների լվացումը, գիտակցության վերակոդավորումը, զոմբիացումը լավագույնս կիրառվել են մեզ վրա: Եթե չստեղծենք պաշտպանական համակարգ, կործանումն անխուսափելի է: Որպես առաջին քայլ` օր առաջ առցանց հանրային տարածքների դռները պետք է օրենքով փակել չստուգված օգտատերերի կամ ֆեյքերի առաջ, որպեսզի յուրաքանչյուր ոք իր խոսքին տեր կանգնի եւ ասածի համար պատասխանատվություն ստանձնի: Օրենքով պետք է սահմանել հանրային տարածքում խոսք հնչեցնելու որոշակի բովանդակային, որակական եւ բարոյական չափանիշներ: Այլապես հանրային խոսքի տարածքները լցվելու են զազրախոսության եւ գռեհկաբանության աղբով, որում գտնվելը վտանգավոր է առողջության համար: Օրինակ` հանրային տարածքներում խոսելու կամ, ավելի ստույգ, խոսք հեռարձակելու իրավունք կարող են ունենալ միայն բարձրագույն կրթություն ունեցող, հայոց լեզվի եւ մտածողության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ: Պահանջների ցանկը կարելի է ընդլայնել: Այս ամենի փաստացի տվյալները (դիպլոմ, թեստերի արդյունքներ) պետք է արտացոլված լինեն օգտատերերի անձնական էջում: Այս խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի, այլապես ֆեյքերի, հիմարների եւ զոմբիների ձեռքը գերի ենք դառնալու:  

Ազատ ապրելու պարգեւը մենք մսխել ենք: Ստախոսությունը եւ ատելության շարունակական քարոզը թունավորել են մեզ: Մարդը մեկուսացած եւ անպաշտպան է: Մեր հարաբերություններում եւ սպասումներում անվստահությունը գնալով աճում է: Ազատական քամիները, հեղափոխական խաբկանքները մեծ հեռանկարներ են բացել պորտաբույծների համար: Գործ անողը, արդյունք տվողը, ստեղծագործողը ստորադասված են անգործներին, անբաններին, կյանքում ոչինչ չստեղծած եւ որեւէ պատասխանատվություն չստանձնած մարդկանց: Ինչպե՞ս դուրս գալ այս ծանր վիճակից: Նախ` պետք է գիտակցել չարիքը եւ հասկանալ, որ չարի հետ խաղերը եւ գրկախառնությունները լավ չեն վերջանում: Չարը անձնավորված գոյություն է, սակայն ամեն բան անում է, որ մենք հանկարծ դա չգիտակցենք: Չարիքից ամեն գնով, բոլոր մակարդակների վրա պետք է թոթափվել: Երկրորդ` պետք է հասկանանք, թե ինչ է բարիքը եւ գործ անենք: Բայց ո՛չ մեկուսի, այլ միասնաբար` հանրային շահի գիտակցմամբ եւ ազգ կառուցելով: Ոտքի կանգնելու եւ հզորանալու միակ ճանապարհը բարիք ստեղծելն է: Եվ պետք է ամրագրենք մեր գիտակցության մեջ, որ բարիքը միայն որակով է լինում: Պտղաբերությունը, ստեղծարարությունը, հավելյալ արժեքի ստեղծումը, նորարարությունը հասարակության արժեքային սանդղակի բարձրագույն դիրքերը պետք է զբաղեցնեն: Արարող մարդը Արարչի պատկերն ու նմանությունն է: Ավետարանական առակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող մեզ տրվածը նույնությամբ վերարտադրել կամ պահպանել, առավել եւս կորցնել կամ մսխել: Պետք է պտուղ տալ եւ ավելացնել ստացածը:

Ազատությունն առանց առաքինության կործանարար է: Հասարակական կյանքի կառուցման հիմնաքարը խոսքի եւ գործի արժեքը գիտակցող մարդն է: Այդպիսի մարդ դաստիարակելը, կրթելը եւ կերտելը միակ նախապայմանն է ազատ ապրելու եւ արարելու: Մարդկային բարձր որակների ձեւավորումը երկար ճանապարհ է, որի սկզբում անհրաժեշտ է պարզաբանել եւ հասկանալ, թե` ա) որոնք են մեր համակարգային սխալները եւ թերությունները, բ) ինչ է բարիքը եւ որ առաքինությունների շուրջ մենք պետք է միավորվենք, գ) ինչպես ամրագրել չարիքի մերժումը, դ) որն է ապագայի հասարակության մեր մոդելը:

Արտաքին քաղաքականություն

Ազգերի գոյությունը մեծապես կախված է նրանց համագործակցային ներուժից եւ մշակույթից: Մենակությունը դատապարտություն է: Աշխարհը թեւակոխել է համապարփակ համագործակցությունների դարաշրջան, որն ազգերին ընձեռում է մեծ հնարավորություններ, բայց նաեւ պարունակում նրանց ինքնությանը սպառնացող վտանգներ: Մեզ համար կարեւոր է հստակեցնել, թե ինչպիսի ռազմավարական դաշինքների անհրաժեշտություն ունենք եւ որն է մեր արտաքին քաղաքականության վեկտորը: Դաշնակիցներին ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն պատմա-աշխարհագրական եւ ռազմա-տնտեսական գործոնները, այլեւ հոգեւոր-փիլիսոփայական եւ մշակութային մերձավորության սկզբունքները: Մեծ պատկերի տեսողությունը եւ այդ մեծ պատկերի մեջ սեփական դերակատարության ու դիրքերի հստակեցումը ելակետային դրույթներ են արդյունավետ դաշինքների համար:

Քրիստոնեությունը մեզ ընձեռում է մեծ հնարավորություններ: Քրիստոնեությունը դեռեւս աշխարհում ամենամեծ կրոնն է, եւ հայերը որպես առաջին քրիստոնյայ ժողովուրդ պետք է հստակեցնեն իրենց առաքելությունը առնվազն համաքրիստոնեական ասպարեզում: Սակայն սոսկ պատմական կրեդիտները բավարար չեն․ քեզ վստահելու են եւ ընդունելու են որպես հեղինակություն, եթե դու հավատարիմ ես քո հավատքին եւ կարող ես բարոյական օրինակ ծառայել այլոց: Անգամ ոչ քրիստոնյաները քո նկատմամբ կունենան մեծ հարգանք, եթե համոզված լինեն, որ դու անկեղծ ես քո հավատքի մեջ: Ուրեմն մեր հոգեւոր ակունքներին հավատարիմ մնալով միայն` մենք կարող ենք լինել վստահելի գործընկեր եւ հեղինակություն: Եթե մենք ուզում ենք դառնալ մի միջին եվրոպական պետություն, մենք որեւէ մեկին հետաքրքիր չենք: Եթե ուզում ենք ստեղծել քրիստոնեական ազգի եւ պետության մոդել 21-րդ դարում (գոնե մեկ անգամ ստեղծել ենք այդպիսի մոդել), մենք միանգամից հետաքրքիր ենք դառնում բոլորի համար: Ուրեմն քրիստոնեական քաղաքականության մշակումը մեր ներազգային կյանքի կարգավորման եւ արտաքին քաղաքականության հիմնական հաղթաթուղթն է:

Դաշնակցային հարաբերություններում միակողմանի խնդրողի դերակատարությունը բացառվում է: Ստանալու համար պետք է տաս, հզորանալու համար պետք է հզորացնես դաշնակցիդ: Դաշնակցային համագործակցությունը բազմաշերտ իրողություն է, որի կենտրոնում դաշնակից ազգերի մտակենտրոնների համագործակցությունն է: Այդ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված ծրագրերն են ընկած լինելու քաղաքական որոշումների հիմքում: Համատեղ ծրագրերի մեջ սեփական ներդրումը բերելը եւ վստահության պաշար ձեւավորելը մեծ հնարավորություններ է բացում փոքր ազգերի համար: Վստահելի ազգերն օգտվում են ընդլայնված շուկաներից, գիտական ուսումնասիրությունների եւ տեխնոլոգիական զարգացումների մեծ ասպարեզներից, անվտանգության համալիր լուծումներից` շենացնելով եւ հզորացնելով իրենց երկիրը: Իսկ անվստահելի ազգերի առաջ դռները հիմնականում փակված են, նրանք պարզապես օգտագործվում են ուրիշների նպատակների համար:

Արտաքին քաղաքականության մեջ մենք կրավորական դիտորդի կարգավիճակում ենք: Խնդիրների մի զգալի փունջ գալիս է նրանից, որ չգիտենք, թե ինքներս մեզանից ինչ ենք ուզում, եւ դիմացինին շփոթության մեջ ենք գցում: Այս ցաքուցրիվ, պատահմունքային իրավիճակներից դուրս գալու համար անհրաժեշտ է հստակեցնել մի շարք հարցադրումների պատասխաններ: Որո՞նք են մեր հնարավորությունները, եւ համագործակցային ի՞նչ ներուժ ունենք: Ո՞րն է սփյուռքի դերը, եւ ինչպե՞ս ենք օգնում սփյուռքին: Ո՞րն է մեր արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը: Տեղեկատվության տիրապետման ի՞նչ համակարգ եւ գործիքակազմ պետք է ունենանք:

Բանակ

Բանակի մոդելի ընտրությունը պետք է բխի ազգային անվտանգության հայեցակարգից: Անվտանգությունն իր հերթին վերաբերում է մարդկային կյանքի բոլոր ոլորտներին` մարմնական, տնտեսական, տեխնոլոգիական, տեղեկատվական, հոգեւոր: Հետեւաբար բանակաշինությունը պետք է արտացոլի ժամանակակից կյանքի անվտանգության բոլոր կողմերը: Հին մոդելներից պետք է զգուշանալ: Դրանք հաճախ անվտանգության խաբկանք են ստեղծում, եւ մենք դասեր պիտի քաղենք մեր իսկ սխալներից: Ժամանակակից բանակի խնդիրներն են ոչ միայն սպառազինությունը եւ սահմանների պաշտպանությունը, այլեւ հոգեւոր ինքնության ամրացումը, բարձր տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվական անվտանգությունը: Բանակները ժամանակակից ազգերի կյանքում կենտրոնական դեր ունեն, նրանք ազդում եւ ուղղորդում են քաղաքականությունը, տնտեսությունը, գիտությունը: Ժամանակակից բանակը բարձր տեխնոլոգիաների հիմնական պատվիրատուն է եւ այդ ոլորտի զարգացման հիմնական խթանիչ ուժը: Իսկ որոշ ազգերի դեպքում, օրինակ` հրեաների, երկիրն ուղղակի կառուցվել է բանակի հենքի վրա: Իսրայելական բանակն այսօր հիմնական խաղացողներից մեկն է բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:

Ազգ-բանակի մոդելը կարեւոր նախաձեռնություն էր, սակայն ուշացած եւ ոչ ամբողջական: Այն պետք էր սկսել առնվազն երկու տասնամյակ առաջ, իսկ ամբողջական լուծումը ուղիղ ժողովրդավարության մոդելն է, որը, օրինակ, կիրառվում է Շվեյցարիայում: Յուրաքանչյուր չափահաս մարդ իր երկրի պահապանն է, ունի իր զենքը, տանն ունի այդ զենքի պահպանման հատուկ պայմաններ եւ պարբերաբար անցնում է զինվորական պատրաստություն: Ուղիղ ժողովրդավարությունը բարձր պատասխանատվություն ունեցող հասարակություն կերտելու ճանապարհ է: Բոլորը հավասար են, բայց հավասարությունն ունի իմաստ եւ առաքելություն: Հայրենիքը նվիրական է, որովհետեւ այն պաշտպանում են բոլորը: Երբ այս մոդելի մասին ժամանակին քննարկումներ սկսվեցին, հիմնական հակաթեզն այն էր, որ մենք պատրաստ չենք, եւ մարդիկ իրար վրա կկիրառեն զենքը: Հասկանալի է, որ այստեղ ներքին մշակույթի եւ կրթության խնդիր կա: Բայց պետք է ինչ-որ կետից սկսել, այլապես այսպիսի տարածաշրջանում մենք անվտանգության որեւէ հեռանկար չունենք: Բացի դրանից, բոլորին հայրենիքի պաշտպանի կարգավիճակ տալը որակապես փոխում է հասարակության գիտակցությունը եւ մարդկային փոխհարաբերությունների բնույթը: Այդպիսի հասարակությունում մաուզերիստները, զոռբաները եւ ձայն գնողները տեղ չունեն:

Բանակի ոգին կերտում է սպայական էլիտան: Սպայական պատրաստության հաստատությունները պետք է օրինակ լինեն թե՛ իրենց ոգով եւ փիլիսոփայությամբ, թե՛ իրենց կրթական որակով եւ բարոյական նկարագրով: Հայ Առաքելական Եկեղեցու դերը այստեղ առանձնահատուկ կարեւորություն ունի: Արեւմտյան աշխարհի մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ռազմական կրթության հայտնի հաստատությունները հիմնականում ուղղակի կապ ունեն Կաթոլիկ եկեղեցու կամ բողոքական հարանվանությունների հետ կամ հիմնված են նրանց կողմից: Հավատքը կյանքի բոլոր ոլորտներում, բայց հատկապես ռազմական գործում ունի գոյաբանական (existential) նշանակություն: Իր եւ շատերի կյանքի համար վճռական որոշումներ կայացնող ռազմական գործչի բարոյականությունը պետք է ունենա նավարկային համակարգ (navigation system): Դա կոչվում է հավատք: Քրիստոնեությունը տալիս է նաեւ բանակում միջանձնային հարաբերությունների կարգավորման կարեւոր բանալիներ: Օրինակ` սպա-զինվոր փոխհարաբերությունը պետք է հիմնված լինի սիրո առաքինության վրա: Սպան պետք է վերաբերվի իր զինվորին, ինչպես հայրը` իր զավակին: Այսպիսի բանակը բարոյապես անպարտելի է:

Ժամանակակից բանակում սպառազինությունների եւ մարդկային ուժի հարաբերակցության փոխդասավորությունը ենթարկվում է լրջագույն փոփոխությունների: Բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությամբ օժտված համակարգերը, անօդաչու սարքերը եւ ռոբոտները արդեն ունեն մեծ կշիռ, որը գնալով ավելանալու է: Ապագայի բանակը միգուցե բաղկացած է լինելու ամբողջովին ավտոմատացված ստորաբաժանումներից: Այս ասպարեզում մենք բավականին հետ ենք ընկել, եւ մեր անելիքները հստակեցնելու եւ արագացնելու խնդիրներ ունենք: Մեծախոսությունը, խաբկանքներ ստեղծելը, պոպուլիզմով զբաղվելը անընդունելի են: Լուծված խնդիրների գավառական կրկնաբանություններով զբաղվելը եւ դրանով մարդկանց ուշադրությունը շեղելը ծանր հանցագործություն է: Ինչ-որ բաներ պետք է ձեռք բերել, որովհետեւ դրանք նորից ստեղծելը, արտադրելը եւ որակ ապահովելը անհամեմատ ավելի թանկ եւ ժամանակատար են, եւ երբեմն` ուղղակի անիրատեսական: Ինչ-որ բաներ պետք ստեղծել, որովհետեւ ամեն խնդիր չէ, որ աշխարհում լուծված է: Եվ ռազմարդյունաբերության ոլորտում բեկում առաջացնելու համար որոշիչ են լինելու մեր ներուժի իրատեսական գնահատումը եւ մեր ռազմավարական գործընկերների հետ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը:

Մեր բանակը հիմնովին վերափոխվելու կարիք ունի: Անվիճելի է, որ բանակը պետք է ապահովված լինի արդիական զենքով ու տեխնոլոգիայով, որակյալ մարդկային ռեսուրսով, այլապես ինչպե՞ս պիտի ապահովի մեր անվտանգությունը: Սակայն բանակի առաքելությունը պետք չէ սահմանափակել սոսկ սահման պաշտպանելով կամ ռազմական առաջադրանքներ կատարելով: Բանակը պետք է դառնա` ա) արժեքային համակարգ, բ) ազգային կյանքի կազմակերպման մոդել եւ կրթական հարթակ, գ) տնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման շարժիչ ուժ, դ) ապագան կանխատեսող եւ կանխորոշող հաստատություն:

Շարունակելի:

Մաս Ա-ն կարդացեք այս հղումով:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակն է եւ հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ժամանակը մեզ չի սպասում
Մեր ընտրանին