Մի քարի պատմություն - Mediamax.am

Մի քարի պատմություն
4436 դիտում

Մի քարի պատմություն


Ամեն հայի կյանքում կա մի քար, որը պատմություն է դառնում։ Սա նույնպես մի քարի պատմություն է, բայց ոչ թե իմ, այլ Սեւանի (Սփյուռքում Սեւանն աղջկա անուն է)։

Ստացվեց այնպես, որ կյանքիս մի քանի տարիները ստիպված էի ընտանիքիս հետ ապրել Հալեպում։ Չնայած կողքս սիրող եւ հոգատար մարդիկ էին, բայց օտարության զգացումը ոչ մի պահ չէր լքում ինձ։ Երբեմն ցանկություն էի ունենում բացել տան դուռը եւ վազել այնքան, մինչեւ կգտնեմ հարազատ մի վայր։ Նման վայր գտնվեց։ Սիրիայի ծովեզերյա լեռնային շրջանում ես գտա իմ փոքր Հայաստանը։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ դա Կիլիկիայի հայկական թագավորության՝ մեր օրերում պահպանված եզակի հայաբնակ գյուղերից մեկն է։

Քեսապցիք իրենք իրենց «գյուղացի» են անվանում, ասում են «մեր գյուղը», սակայն դա շատ գեղեցիկ քաղաք է, շրջապատված հայկական գյուղերով՝ Քարատուրան, Սև Աղբյուր, Չինար, Մեղրաձոր եւ այլն։ Հաղթահարելով ոլորապտույտ ճանապարհները, մի պահ խաբկանք է առաջանում, որ հասար Դիլիջան։ Մարդիկ այնտեղ մերոնքական են, «լեռնցի» ինչպես ասում են իրենք, ուրախ, պարզ, մի փոքր անտաշ, բայց շատ հարազատ։ «Գյուղի» բնակչությունը հիմնականում հայեր են։ Խոսում են Քեսապի հայկական բարբառով։ Ոչինչ չես հասկանում, միայն ամոթխած ժպտում ես ու փորձում գոնե քեզ հասկանալի բառերից գուշակել ինչի մասին է խոսքը։

Կարոն ու Սեւանը Քեսապի իմ լուսատուներն էին։ Կարոն բնիկ քեսապցի է, քարատուրանցի, Մանճկլեք թաղից, պապերն այստեղ են ապրել դեռ հարյուրամյակներ առաջ։ Մասնագիտությամբ քիմիկոս էր, սակայն ժամանակի ընթացքում թողել էր իր բուն մասնագիտությունը եւ որոշել շարունակել հոր՝ Վահան պապուկի գործը՝ այգեպանությունը։ Սեւանը Հալեպից էր, հանդիպել էր Կարոյին, կյանքը կապել նրա հետ եւ տեղափոխվել Քեսապ։ Հակառակ կյանքի բոլոր դժվարություններին եւ պատերազմին, նրանք մինչ օրս մնացին եւ շարունակում են ապրել այնտեղ, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին հայաբնակ գյուղի հավատարիմ պահապանները։

Վերադառնանք մեր քարի պատմությանը։ Սեւանը ուներ մի սովորություն՝ ծովեզերքից իրենց գեղեցկությամբ տարբերվող քարեր հավաքել եւ բերել տուն։ Այդ քարերից յուրաքանչյուրը պատմություն ուներ։ Դրանք տարեց տարի ավելանում էին նրանց տան՝ Կասիոս լեռան նայող պատշգամբի սեղանին դրված մեծ շշի մեջ։ Ծովեզերյա մեր ճամփորդություններից մեկի ժամանակ մի քար էլ ես գտա, վրան երկու բառ գրեցի՝ պատմության մեջ շատ հայտնի մի գրություն, եւ դրեցի մնացած քարերի հետ։ Սեւանը պատմում էր, որ հաճախ վերցնում է այդ քարը, կարդում գրվածն ու շարունակում ապրել։

2014-ի մարտի 21-ի լուսաբացը քեսապցիք դեռ երկար կհիշեն։ Այդ առավոտ քաղաքն արթնացավ թուրքական կողմից Քեսապի ուղղությամբ բացած ռմբակոծությունների ձայներից։ Թուրքը վաղուց էր աչք դրել հայկական այս շրջանի վրա. սիրիական պատերազմը հրաշալի առիթ էր իր վաղեմի ծրագիրն իրականացնելու։ Ռումբերը կարկուտի նման տեղում էին քաղաքի վրա։ Բնակչությունը ամբողջությամբ տեղահանվեց եւ ժամանակավոր ապաստան գտավ Լաթաքիայում։ Երեք ամիս թուրք իսլամիստ վարձկանները միայն իրենց հատուկ բարբարոս ձեռագրով ավիրում եւ թալանում էին Քեսապը։ Երկարատեւ մարտերից հետո հունիսին պետական զորքերին ի վերջո հաջողվեց ազատագրել քաղաքը թուրք գրոհայիններից։ Քեսապցիք սկսեցին վերադառնալ իրենց տները, ավելի ճիշտ այնտեղ, ինչ մնացել էր իրենց տներից։ Դատարկ, անբարո հայհոյանքներով եւ անեծքներով պղծված հայ օջախի պատեր։ Երկար տարիների ընթացքում հատիկ-հատիկ հավաքված գրքերը, բորբոսնած թափված այգու պատի տակ։ Հայաստանից տարած օբսիդիանի խաչքարերի փշրանքներ։ Հարյուր տարի առաջ իրենց պապերին բաժին հասած ճակատագիրը կրկնվում էր։ Մի ողջ կյանք մնացել էր պատմության շղարշի հետեւում եւ պետք էր ուժ գտնել վերսկսելու կյանքը։

Ոչինչ այլեւս առաջվա նման չէր, Քեսապը երբեք առաջվանը չէր դառնա, այգիների խնձորների քաղցրահամությունն էլ այլեւս երբեք նույնը չէր լինի։

Սեւանը պատմում էր, որ երբ մտավ կողոպտված, դատարկ իր տունը, հատակին գտավ մի քար, այն քարը։ Նա վերցրեց եւ կարդաց արդեն ծանոթ գրությունը «Սեւան ջան, սա էլ կանցնի…»

Քեսապի մուգ կապույտ երկնակամարի վրա, Կասիոսի ետևից նորից արեւն էր փայլում…

Լիլյա Կարապետյանը հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության SOURCE հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին