Սիրում եմ ամեն ինչի հինը… շենքի, ափսեի, գեղանկարի, կահույքի… ։ Իմ մանկության երկհարկանի տունը լի էր երկաթե սնդուկներով, փայտե պահարաններով, պղնձե հին սպասքով… կավե հսկայական սափորներով… տանը նույնիսկ Վարդան Մամիկոնյանի թուրն ունեինք … հայրս, որ սիրում ու հավաքում էր այս ամենը, երբեմն թույլատրում էր, որ երեխաներով բռնեինք հին, մեծ թուրը։
Այսօր էլ ես եմ նույն թուրը տալիս երեխաներիս ու իրենց ընկերներին, որ բռնեն ու զգան հին օրերի հերոսների ուժը իրենց ձեռքում։ Իհարկե, գիտեմ, որ Վարդան Մամիկոնյանինը չէ, բայց երեխաներին շարունակում եմ ասել այդպես… ինչպես մեզ են ասել փոքր տարիքում։
Ուզում եմ երեխաները շոշափելով իրը՝ դաջեն իրենց մտքում, որ մենք հազարամյակների պատմություն ունենք, ճանաչեն մեր թագավորներին ու հերոսներին (հիմա աշխատում եմ «Արտավազդ», «Տիգրան Մեծ» արքաների ու «Էրատո» թագուհու մասին պատմող հեքիաթների վրա)։
Ուզում եմ երեխաները մեր մայրաքաղաքի պատմությունն իմանան… ոչ թե գրքերից, հորինովի թրերից, այլ՝ փողոցից։
Երեւանի հին փողոցներն իրենց ուրույն կոլորիտով՝ զով բակով, թթենիով, փոքրիկ «հավուզ» կոչվող ջրավազանով, զարդանախշ, փայտե, տան երկայնքով պտտվող պատշգամբով ու վարդագույն աղյուսից մառաններով, այսօր, ցավոք, պատմության գրկում են։
Քանդված են…։ «Գերակա շահ», «հարկադիր» բառերը կենտրոնի ունեզրկված, նախկին բնակիչները երբեք չեն մոռանա… սարսափով են հիշում։ Այսօր էլ «գերակա շահը» բառը սեւ թեւով պտտվում է Երեւանի հնամենի տարածքներից մեկի՝ Ֆիրդուսի գլխավերեւում։
Ֆիրդուսի տարածքը չգիտեի։ Մի քանի ցերեկ է այնտեղ եմ անցկացնում՝ զբոսնում ու դիմակի տակից ծանոթանում ջերմ բնակիչներին, պտտվում եմ կախարդական թվացող տների միջով, ուտում ձեռքովս քաղած բալ, թութ, խնձոր ու ծիրան, խմում զուլալ ջուր՝ ցայտաղբյուրներից ու հյուրընկալ բակերի մեջտեղում կառուցած փոքրիկ աղբյուրներից։
Ֆիրդուսը լաբիրինթոսի է նման։ Ավտոտնակի միջով կարող ես հայտնվել մե՜ծ, հրաշք պարտեզում։ Փոքրիկ դռան հետեւում գտնես մեծ սիրտ ունեցող պապիկի, որն իր տան աստիճանների տակ գտած թաքստոցից ադրբեջանական թղթադրամներ է գտել: Լեգենդներ են պտտվում, թե Ֆիրդուսում, հողի տակ ոսկի կա թաղված։ Թեեւս ոսկին այս խորհրդավոր, բազմաշերտ տարածքն է, որ ուզում են… որ պլանավորել են քանդել։ Արդեն իսկ գիշերով քանդել են մի քանի շենք։
Եթե մարդկության պատմության նախորդ շրջանում կարեւորվում էր շքեղությունը (աչքերը սոված էր), ապա այժմ կարեւորվում է իրականը, ոչ շինծուն։ Իսկ իրականը Ֆիրդուսն է, որն իր մեջ ապրված անցյալ ունի։
Ֆիրդուսը ինքնաբուխ սարքված միջավայր է, որտեղ ժամանակի ընթացքում փոփոխված շինությունների պատմությունը սկսվում է 16-րդ դարից։ Ամբողջ աշխարհում հին քաղաքը տեսնելու համար տուրիստները հերթ են կանգնում եւ գումար վճարում։ Եթե ֆիրդուսի տարածքում բարձրահարկ շենքեր կառուցվեն, դրանք տեսանելի կլինեն Հանրապետության հրապարակից: Եվ մեր շքեղ հրապարկը կխեղճանա` դառնալով անհրապույր, փոքր, կոլոտ շինություն:
Երեւանի կենտրոնն առանց այդ էլ գերծանրաբեռնված է: Եւս մեկ բիզնես-բնակելի թաղամասը անտանելի կդարձնի երթեւեկությունը, կայանումը, աղմուկը, օդի աղտոտվածությունը։ Եթե այսօր մայրաքաղաքի կենտրոնում մեկ ժամ է սպասում երեւանցին խցանման մեջ, այդ 1 ժամը կդառնա երկու, երեք:
Ֆիրդուսը շահավետ, եկամտաբեր տուրիստական-ժամանցային, փառատոնային, քլաբային, առեւտրական, սրճարանային, նաեւ արվեստանոցներից բաղկացած, «փախած» կանաչ տարածք կարող է դառնալ (այս ամենը կա ու եղել է իր մեջ՝ զարգացնել ու մաքրել է հարկավոր) … նախանձելի, նույնիսկ, եվրոպական քաղաքների համար։ Առանց «հին քաղաքի» քաղաքը քաղաք չի։ «Հին քաղաքները» ամենաշահութաբերն են։
Covid19-ից հետո փոխվել են կոմերցիոն եւ բնակելի շենքերի տրամաբանությունն ու պահանջարկը։ Չի կարելի առաջնորդվել 2015 թվականի նախագծով, որն այսօր ժամանակավրեպ է նույնիսկ արվարձանում։
Ֆիրդուսում բնակվող մարդն իրավունք պետք է ունենա կայացնելու իր որոշումը իր ունեցվածքի մասին։ Շատ բնակիչներ չեն ուզում վաճառել իրենց հողը, պապենական տունը։ Եթե նույնիսկ ուզում են՝ քաղաքի ճարտարապետները պետք է ելք գտնեն հինավուրց, խենթ, գողտրիկ, լաբիրինթոս «հին քաղաքը» պահպանելու՝ սերունդներին, տուրիստներին պատմելու համար։
Ֆիրդուսը պետք է մնա, որ կենտրոնը շնչի։ Բազմաշերտ ու հնամենի Երեւանն այնքան շատ է կորցրել, որ էլ տեղ չունի կորցնելու։ Ֆիրդուսցին տխուր է… շփոթված։ Մի տատիկ աչքերը սրբելով բողոքում էր, որ օրենքի դեմ գնալ չի ուզում, բայց իր հայրական տունն է կորցնում։ Մյուսն ուզում է իր բիզնեսը շարունակի իր տարածքում, հաջորդը երազում է արվեստագետների մեծ թաղամաս սարքել իր տան շուրջբոլորը։ Մեկ ուրիշը ափսոսանքով ծառերն է շոյում. «Եկեք բալենիս նկարեք, համ էլ քաղեք անու՜շ արեք»։
Անընդունելի է, որ «նոր Հայաստանում» մի ամբողջ թաղամաս կառուցվի՝ առանց մրցույթի, առանց հանրային ու մասնագիտական քննարկման։ Նաեւ ընտրվի նման անճաշակ պրոյեկտ։
Ֆիրդուսը հին Հայաստանի մշակութային բազմազանությունը ներկայացնող, մինչ այսօր նույն՝ այն հի՜ն սրտով բաբախող տարածք է։ Քաղաքը չի պատկանում ներդրողին, կառուցապատողին, իշխանությանը։ Այն չի պատկանում տեղի բնակչին եւ Երեւանցուն։ Չի պատկանում նույնիսկ ՀՀ քաղաքացուն ու սփյուռքահային։ Երեւանը համամարդկային արժեք է։
Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: