Կորոնավիրուսն ինձ տարավ Դիլիջան: Ես ձուլվեցի բնությանն ու ծառի մի ճյուղ դարձա, ծաղկի մի թերթ:
Օրերը չեմ զգում ինչպես են ծորում այդ քաղաքում: Կարող ես ոչինչ չանել, նստել պատշգամբում ու նայել անտառին, որն ասես ծով լինի` այնքա՜ն կենդանի ու մի տեսակ կանչող... երբեմն թվում է, թե կարող եմ լողալով անցնել անտառի մյուս ափ.. ա՜յ այն լեռի մոտ:
Անտառապատ լեռներին անուններ եմ դրել` տանս դիմացից երեւացողը` Հույսի սարն է, արեւաբացի սարը` Լույսինը, մայրամուտի կողմի սարը` Ժպիտի սարն է:
Բայց ես, երբեմն, վեր եմ կենում պատշգամբից ու քայլում քաղաքով: Կարելի է անվերջ բացահայտել քաղաքը որտեղ ապրում ես` մի գողտրիկ եկեղեցի, մի պատին հենած խաչքար, մի հին պատմություն, մի մեծ ծառ, մի կոտոշավոր բզեզ` մեջքի վրա ընկած... անուժ տոտիկները թափահարող:
Բնավորությանս համաձայն ամեն ինչ փորձում եմ ուղղել` բզեզից մինչեւ խոնարհված եկեղեցու սեւացած խաչքար... անդիմակ առեւտրական ու վախեցած խանութպան: (Անդիմակին` բացատրական երկար աշխատանք, վախեցած խանութպանին բացատրում եմ, որ եթե բոլոր նորմերը պահպանի` վախենալու կարիք չկա):
Անընդհատ ներքին վեճ ունեմ Դիլիջանի քաղաքապետի հետ (չգիտեմ էլ ով է):
Ինքնահոսի թողնված քաղաք...
Նոր շենքեր են կառուցվում, որոնք բոլորովին զուրկ են դիլիջանյան կոլորիտից` փայտե շատ սիրուն պատշգամբներից, կղմինդրե տանիքներից, մեծ լուսամուտներից, որոնք կտրտված են բազմաթիվ փոքրիկ քառակուսիների՝ ժամանակակից վերանորոգման մեջ դրանց «ֆրանսիական» են անվանում:
Այս ամենը պետք է պահպանվի բոլոր նորակառույցներում` օրենք սահմանվի:
Հողեր են վաճառվում կամ վաճառվել սարերում... երբ բարձրանում ես վեր, տեսնում ես, հեկտարներով ցանկապատված հողատարածքներ։ Այնինչ պետք է պահպանենք Դիլիջանի կանաչ սարերի-բլուրների ընդարձակությունն ու անձեռնմխելիությունը... սերունդների համար: Կրկին՝ օրենք է պետք սահմանել։
Խանութներում առեւտուրս խնդրում եմ ցելոֆանի մեջ չդնել, հնարավորինս քիչ օգտագործել... էս վերջինից վստահ զարմանում են: Այստեղ ցելոֆանն անվճար է:
Դիմակի տակից դժվար է էկոլոգիական դասեր տալը... երբեմն անտանելի է...
բայց անում եմ:
Ու հետո զայրանում... ո՞վ ասեց, որ ես երազել եմ ուսուցիչ լինել... տատս, մայրս, հորաքույրս եղել են: Բայց ես ուրիշ ուղի եմ ընտրել: Երբեք չեմ սիրել մարդկանց բան բացատրել` երկար խոսելով:
Բայց չեմ կարողանում լռել, որովհետեւ տեսնում եմ, որ դիլիջանցին լսում է... միգուցե ուզում է հասկանալ, միգուցե երեւանցու ասածն «ասնավանի» դառնա .. ու ինչ-որ բաներ շտկվե՞ն: Փոքրի՜կ, պստի՜կ բաներ:
Չէ՞ որ մանրունքների մեջ է ամբողջությունը:
Ժամկետանց կամ ժամկետի մեջ, բայց փչացած ապրանքը արդեն հետ են վերցնում խանութում` հաղթանակ:
Երկու օր է վերադարձել եմ Երեւան: Երեւան մտնելիս մարմինս հաճույքից դողում է` Արարատ լեռն է երեւացել մայրուղուց:
Ծնողներս երեւանցի են, տատիկներ ու պապիկներ, հորեղբայր ու մորքուր գյուղում, մարզում ապրող չեմ ունեցել երբեք:
Այսքան երկար երբեք չեմ եղել մարզում, որքան մնացի Դիլիջանում այս տարի:
Փոխարենը միշտ եկել եմ դրսից… օրինակ ԱՄՆ-ից, որտեղից վերադարձը Երեւան, միշտ խեղճ, աղքատիկ, անճար բայց շա՜տ կարոտած ու հարազատ տուն է եղել:
Առաջին անգամ կյանքում մտա Երեւան եւ հասկացա, որ հսկա մայրաքաղաքում եմ:
Եռում է օդը, ասֆալտի դռռոցը, մեքենաների շխկթխկը, մարդկանց վազքը, հեռախոսով խոսելը, ինտրիգները... աչք ծակող գովազդային վահանակները, սիրուն կոշիկներով կանայք... նոր լվացած մեքենաներ...ավտոբուսներ հսկա, կողքը կանգնած ծխող ոստիկաններ...:
Մինչ անսահման կարոտած քայլում էի Երեւանովս` ականջակալներումս լսելով իրար գլխի կուտակած լուրեր... լսեցի, որ Նաիրային Զոհրաբյան «փռել են ասֆալտին»` «երեւանյա՜ն ասֆալտ» «տավուշցու» միամտությամբ հիացա հանկարծ` պատկերացնելով, թե որքան էսթետիկ տեսարան կլինի:
Հաջորդիվ լսեցի` Ֆիրդուսի փողոցի մասին գլխավոր ճարտարապետի ելույթը ... ավագանիների լռությունը լսեցի:
Երեւանս անգունացավ, շոգեց, զգացի, որ ծառեր ու օդ չկա, որ խեղդոց է... որ կրկին կծում եմ Դիլիջանում լավացած շուրթս...
Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է...
Երեւանի փողոցներում որքան շատ դիմակակիր կա ... ու՞ր են վազում այս մարդիկ, ի՞նչ են փնտրում, ինչու՞ են քանդում ու աղտոտում իմ քաղաքը... երեւանցի՞ են, գնահատու՞մ են իմ քաղաքը, ինչի՞ են լցվել իմ քաղաք, որ ես դրսում ինձ սկսեմ լավ զգալ, սիրու՞մ են արդյոք իմ քաղաքը... ամեն ակյունը, հիշողություն ունե՞ն իմ քաղաքի ծառի ու արձանի, հին շենքի ու խաչմերուկի հետ... Չէ՜:
Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է:
Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է: Հեղինակել է Երեւանի մասին «Հին ու նոր քաղաք» հաղորդաշարը, «Երեւանյան հեքիաթներ» գրքի հեղինակն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: