Նախորդ սյունակում գրել էի Արցախի շուրջ մի շարք հանրածանոթ միֆերի եւ դրանց վտանգավորության մասին։ Ասելիքի ընդհանրական իմաստը հետեւյալն էր՝ հավատալով միֆին, այդ թվում՝ Արցախի մասին, կորցնում ենք իրականության եւ իրական վտանգների զգացողությունը, ինչն ավելորդ է ասել, թե ինչ սպառնալիքներ է պարունակում մեզ համար։
Նախորդիվ նկարագրածս միֆերը («հողերը հանձնում են», «Ղարաբաղը ռուսի ձեռին ա» եւ այլն) ունեն բավականին վաղ ծագում, եթե չասենք, որ առաջ են եկել հենց ղարաբաղյան շարժման ու պատերազմի հետ միասին։ Ըստ որում, եթե այսօրինակ միֆերի ի հայտ գալն ինչ-որ տեղ բնական է եւ համապատասխանում է մարդկային սկզբնական վախերին, ապա կան միֆեր, որոնք թեպետ կառուցվածքային առումով նույնպես հիմնվում են լսարանի շրջանում վախի զգացում առաջացնելու վրա, սակայն ծագման առումով ամբողջությամբ արհեստական-կառավարվող են՝ բուծված քաղաքական այս կամ այն նպատակներով։
Այդպիսի մի մասնավոր օրինակ է Արցախի շուրջ երեւակայական «համաշխարհային դավադրության» միֆը, որին իբր մասնակից է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես Մեծ Բրիտանիայի կամ այսպես կոչված «անգլո-սաքսոնական համակարգի գործակալ»։ Փորձենք կետ առ կետ անդրադառնալ միֆի բաղադրիչներին, ապա ներկայացնել իրականությունը։
Այսպես՝ որպես միֆի ամրապնդման փաստական հենք են առնվում Վազգեն Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի՝ որեւէ կերպ չփաստագրված ենթադրյալ «վեճը», իբր դրա հողի վրա վերջինիս հեռացումը վարչապետի պաշտոնից, ներկայումս նախագահի «պրոթյուրքական հայացքները»։ Վերջինի փաստարկման համար առաջ է քաշվում պնդում, որ Ա.Սարգսյանը ջանք է թափում, որ Թուրքիան դառնա Մինսկի խմբի անդամ՝ «հողերը հանձնելու» հեռահար նպատակով։ Որպես «փաստ» է ներկայացվում իբր «հակառուսական պրոյեկտ» հանդիսացող «Եվրոատլանտյան անվտանգային նախաձեռնության» (Euro-Atlantic Security Initiative) նախագծի շրջանակներում պատրաստված մի զեկույց, որ հրապարակված է ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի կայքում։ Ըստ միֆի՝ զեկույցում նշված պնդման հեղինակը հենց Ա.Սարգսյանն է:
Համոզվելու համար, որ գործ ունենք իրականության միֆականացման եւ դասական դավադրապաշտության հետ, բավական է մի փոքր ուսումնասիրել բուն զեկույցը եւ դրա ստեղծման պատմությունը։
Հայկական լսարանի ուշադրության կենտրոնում հայտնված այս համեստ զեկույցը պատրաստվել է «Եվրաատլանտյան անվտանգային նախաձեռնություն» (Euro-Atlantic Security Initiative) նախագծի շրջանակներում։ Նախաձեռնությունը հիմնվել է 2009-ին՝ «Քարնեգի» հիմնադրամի կողմից եւ գոյություն է ունեցել մինչեւ 2014 թ.:Առաջ ընկնելով՝ նշենք, որ այս հիմնադրամն այն եզակի այսօրինակ ամերիկյան կառույցներից է, որը մինչ օրս չի ճանաչվել որպես «օտարերկրյա գործակալական հաստատություն» եւ շարունակում է ազատ գործել Ռուսաստանի տարածքում։ Նախաձեռնության նպատակն էր եվրասիական տարածաշրջանում ստեղծել երկխոսության նոր հարթակ Ռուսաստանի, ԵՄ երկրների եւ ԱՄՆ միջեւ՝ անվտանգային միջավայրի ձեւավորման եւ զարգացման համար։ Նախաձեռնության հիմնադիրներն ու համանախագահներն էին ՌԴ նախկին արտգործնախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը եւ ԱՄՆ սենատոր Սեմ Նանը: Նախաձեռնությունն ուներ նաեւ հանձնախումբ, որի մեջ մտնում էին 23 նախկին քաղաքական եւ ռազմական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ տարբեր երկրներից, որոնց թվում նաեւ՝ Արմեն Սարգսյանը։
Անդրադառնանք բուն զեկույցին։ Հանձնաժողովի աշխատանքներից զատ՝ նախաձեռնության շրջանակներում պատրաստվում էին նաեւ մի շարք զեկույցներ եւ վերլուծական տեղեկանքներ, որոնք ներկայացնում էին փորձագիտական տարբեր խմբերի տեսակետներ եւ կարծիքներ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ չէին ներկայացնում ամբողջ նախաձեռնության կամ դրա հովանավորների տեսակետները։ Վերը հիշատակված հերթական զեկույցը այդպիսի զեկույցներից հերթականն էր եւ վերաբերում էր Թուրքիային։ Զեկույցի հեղինակը եւ ներկայացնողը հանձնախմբի անդամ, թուրք դիվանագետ Հիքմեթ Չեթինի գլխավորած աշխատանքային խումբն էր, որի մեջ մտնում էին Թուրքիայի եւ տարածաշրջանի հարցերով թուրք, ռուս, ամերիկացի փորձագետներ, եւ որի մեջ չէր մտնում Արմեն Սարգսյանը։ Հետեւաբար՝ զեկույցի համահեղինակումը որեւէ կերպ չի կարող վերագրվել նրան, ինչպես պնդում է միֆը։ Եթե առաջնորդվենք միֆի տրամաբանությամբ, ապա կարող ենք նույն կերպ նախագահին «մեղսագրել» վերջերս Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում Իլհամ Ալիեւի հակահայկական ելույթը միայն այն պատճառով, որ այդ ժամանակ ֆորումի խորհուրդներից մեկի՝ էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահը հենց ինքն էր՝ Արմեն Սարգսյանը։ Անշուշտ, որեւէ տրամաբանական քննության սա չի դիմանում։
Խոսենք նաեւ այն «պնդման» մասին, թե այս ամբողջ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի ու Ռուսաստանի դեմ։ Սա եւս փոքր եւ բարդութավորված ազգերին բնորոշ միֆական հորինված է. համոզվելու համար բավական է նայել նախաձեռնությունում ընդգրկված գործիչների կազմին։ Դժվար է պատկերացնել, որ ՌԴ հերոսի բարձրագույն կոչում ունեցող Իգոր Իվանովը, կամ էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ, բանակի գեներալ եւ դարձյալ ՌԴ հերոս Վյաչեսլավ Տրուբնիկովը որպես հանձնաժողովի անդամներ կարող էին մասնակցել մի ծրագրի, որը վնասում է Ռուսաստանի շահերը, այն էլ՝ այնպիսի տարածաշրջանում, որը Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի։
Ըստ որում՝ բացի այս փաստի խեղաթյուրումից՝ անտեսվում են ոչ վաղ անցյալից եկող այլ անուղղակի փաստերը, որոնք նույնպես հերքում են այս միֆի՝ անգամ չնչին հավաստիությունը։ Այսպես՝ Ա. Սարգսյանը թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք վարչապետ պաշտոնավարելիս, թե՛ դրանից հետո՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում հայտնի է Թուրքիայի հանդեպ կոշտ քաղաքական կուրսին նախապատվություն տալով։ Նախագահի «պրոթյուրքական» դիրքորոշման մասին պնդումներն առավել զավեշտալի են դառնում, երբ աչքի ենք անցկացնում ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆրանսիական «Լը Մոնդ» եւ լիբանանյան «Լօրիեն-Լը Ժուղ» պարբերականների էջերում վերջինիս կողմից դարասկզբի թուրքական ազգայնամոլական նկրտումների եւ մեր օրերում դրանց՝ արդեն մերձավորարեւելյան տարածաշրջանում շարունակվելու փաստի արձանագրումը եւ դատապարտումը։ Նույնն է նաեւ Ա. Սարգսյան-Վ. Սարգսյան հարաբերությունների պարագան. ժամանակակիցները կհիշեն, որ Ա. Սարգսյանի վարչապետության տարիներին մամուլում եւ քաղաքական կուլուարներում հաճախ խոսվում էր այդ երկու գործիչների՝ քաղաքական տանդեմ կազմելու, ուժային եւ վարչատնտեսական բլոկների կառավարումը միմյանց միջեւ բաժանելու եւ բարձրագույն իշխանության այլ հավակնորդներին ստվերելու մասին։ Ըստ որում՝ այս խոսակցություններն այն ժամանակ հիմնվում էին ոչ միայն քաղաքական դաշտի դասավորվածության վերլուծության, այլեւ երկու գործիչների անձնաընտանեկան ջերմ հարաբերությունների վրա։
Ինչպես նշեցի սյունակի սկզբում, հավատալով Արցախի մասին միֆերին՝ մենք կորցնում ենք Արցախի շուրջ իրական սպառնալիքներն ընկալելու զգացումը։ Հավատալով, որ Արցախը մեզնից խլելու հարցում Ադրբեջանից զատ գրեթե նույնքան շահագրգռված են այլ՝ ավելի մեծ դերակատարներ, մենք շոյում ենք մեր ազգային սնապարծությունը եւ թերագնահատում Ադրբեջանին. երկուսն էլ վնասակար են մեզ համար։ Անշուշտ, Արցախի շուրջ հատվում են ամենատարբեր աշխարհաքաղաքական հետաքրքրություններ ու շահեր, անշուշտ պետք է մշտապես մատը զարկերակի վրա պահել՝ վերհանելու հնարավոր ռիսկերը, սակայն դա ոչ մի կապ չունի քաղաքական այսպահային շահերին տուրք տալով երկրի ներսում երեւակայական թշնամիներ փնտրելու հետ, այն էլ՝ անհիմն, այն էլ՝ հանձին երկրի կարեւորագույն պետական ինստիտուտներից մեկի, ինչը կարող է թուլացնել պետության ընդհանուր դիմադրական ներուժը, որով հնարավոր է դիմադարձել իրակա՛ն թշնամիներին։
Էդգար Էլբակյանը քաղաքագետ է, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: