Ինչպես փրկել տնտեսությունը համաճարակից - Mediamax.am

Ինչպես փրկել տնտեսությունը համաճարակից
4300 դիտում

Ինչպես փրկել տնտեսությունը համաճարակից


Արդեն հինգ շաբաթ Հայաստանը ապրում է արտակարգ դրության պայմաններում։ Ապրիլ ամսին դրան ավելացել են կարանտինային կոշտ սահմանափակումները, տնտեսության զգալի մասի աշխատանքի դադարեցումը, օր օրի աճող հանրային դժգոհությունը, եւ ամենակարեւորը՝ ապագայի վերաբերյալ անորոշությունը։ Ե՞րբ է ավարտվելու կարանտինը, ե՞րբ են աշխատելու ձեռնարկությունները, ա՞րդյոք փոքր եւ միջին ձեռնարկությունները կկարողանան դիմանալ մինչեւ կարանտինի ավարտը, արդյոք նախկինում օրավարձի հույսով ապրող բազմաթիվ մարդիկ կկարողանան գոյատեւել այս պայմաններում, ա՞րդյոք Կառավարության միջոցները կհերիքեն բոլոր կարիքավորների համար, ա՞րդյոք աշնանը համավարակի նոր ալիք չի գա եւ նորից ամեն ինչ կանգնեցնի, ի վերջո, երբեւիցե կհայտնվի՞ հուսալի պատվաստանյութ, թե՞ մենք այլեւս այս վիրուսի գերին ենք մնալու։ 

 

Հարցերը բազմաթիվ են, եւ դրանք պատասխաններ են պահանջում, սակայն հեշտ պատասխաններ չկան, ողջ աշխարհն է դրանց որոնման մեջ՝ համալսարանները, պետական հաստատությունները, գիտական լաբորատորիաները, հետախուզական գործակալությունները, լրագրողները եւ բլոգերները՝ բոլորը փորձում են վերաիմաստավորել տեղի ունեցողը, եւ առաջարկել իրենց տարբերակները։ 

 

Չհավակնելով տալ որեւէ միարժեք պատասխան, փորձեմ համակարգված ներկայացնել մի շարք գաղափարներ, որոնք ներկայումս եւ մոտ ապագայում կիրառելի կարող են լինել Հայաստանի համար։ 

 

Ինչպես համատեղել հանրային առողջությունը տնտեսական ակտիվության հետ

 

Առաջին հարցը տնտեսական սահմանափակումների համաչափության հարցն է՝ արագ տարածվող, խիստ կենսունակ վիրուսի պայմաններում ինչպե՞ս խելամիտ աշխատեցնել տնտեսությունը, առանց առողջապահական համակարգի կաթված առաջացնելու։ Այստեղ կարեւոր է կոշտ սահմանափակումների գործարկումից հետո մեթոդիկ եւ ուշադիր վերանայել դրանցից յուրաքանչյուրի իրական ազդեցությունը համաճարակային իրավիճակի վրա։ Եթե մարդիկ աշխատանքի չեն գնում, բայց փոխարենը անգործությունից հավաքվում են բակերում եւ կամ էլ հարյուրներով գալիս են համագյուղացու թաղման ու ողջագուրվում, ա՞րդյոք դա չի բերում նույն համաճարակային էֆեկտին։ Ի՞նչպես կարելի է կազմակերպել աշխատանքները արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում առանց վարակը տարածվելու հավանականության ավելացման։ Ի՞նչպես կարելի է վերակազմակերպել հանրային տրանսպորտի աշխատանքը, որպեսզի նրա ծանրաբեռնվածությունը պիկային ժամերին նվազի, եւ մարդիկ անվտանգ տեղաշարժվեն։ Ի՞նչպիսի տեխնոլոգիաներ կարելի է կիրառել ծառայությունների տարբեր ոլորտներում, որպեսզի նվազեցվեն մարդկային շփումները, եւ դրանով՝ վարակի տարածման հավանականությունը։ 

 

Այս բոլոր հարցերը դեռ չունեն միարժեք պատասխաններ, սակայն աշխարհով մեկ արդեն սկսել են տարբեր լուծումներ կիրառվել։ Օրինակ, առավոտյան աշխատանքը բոլորի համար նույն ժամին սկսելու փոխարեն, կարելի է հարկադրել տարբեր ընկերությունների՝ տարբեր ժամերի սկսել աշխատանքը, կամ աշխատակիցների գործի սկիզբը կազմակերպել ոչ թե միանգամից, այլ խմբերով, իրարից մեկ ժամ ինտերվալով շեղված: Այդ դեպքում հանրային տրանսպորտի վրա պիկային ծանրաբեռնվածությունը կարող է նվազել, իսկ տրանսպորտային միջոցներն էլ կարող են պարբերաբար ախտահանվել։ Նույնը վերաբերում է նաեւ ճաշի ընդմիջմանը՝ եթե մարդիկ ոչ թե մի ժամի, այլ տարբեր ժամերի ճաշեն, ճաշարաններում սեղանների վրա էլ կահավորվեն ժամանակավոր թափանցիկ միջնորմներ, այնպես, որ մարդիկ կարողանան իրար տեսնել ու լսել, բայց չլինեն անմիջական շփման մեջ, դա եւս կնվազեցնի վարակի տարածման հավանականությունը։ Ծառայությունների ոլորտում բազմաթիվ են հնարավորությունները թվային տեխնոլոգիաների եւ հեռահար կապի միջոցով նվազեցնել մարդկանց շփումները, ընդ որում՝պարտադիր էլ չէ որ նրանք շարունակեն տանից աշխատել, կարելի է նվազեցնել անմիջական շփումները հենց հիմնարկներում, իսկ հանդիպումների ժամանակ էլ՝ կիրառել պաշտպանական միջոցներ։ Այն դեպքերում, երբ այդպիսի շփումը բացարձակ անհրաժեշտություն է, օրինակ, վարսավիրների կամ ատամնաբույժների աշխատանքում, գործունեությունը արգելելու փոխարեն կարելի է այն կանոնակարգել՝ տրամադրել պաշտպանության հատուկ միջոցներ, իրականացնել գործող մասնագետների պարբերական թեստավորում եւ տարածքների ախտահանում, գուցե նույնիսկ մտածել այցելությունից առաջ հաճախորդների պարտադիր թեստավորման մասին։

 

Ընդհանրապես, պետք է մասսայական թեստավորումը դիտարկել որպես այլընտրանք տնտեսական գործունեության սահմանափակումներին։ Հայաստանում մինչ այժմ իրականացվել է մոտ 15 000 մարդու թեստավորում, կամ հազար բնակչի հաշվարկով՝ մոտ 5 թեստ։ Շատ երկրներում արդեն հիմա այդ թիվը անցնում է 20-ը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում, օրինակ, այն գերազանցում է 77-ը, այսինքն` հասուն բնակչության մոտ 10%-ը արդեն թեստավորված է։ Սա էապես բարձրացնում է վարակի հայտնաբերման եւ տեղայնացման հնարավորությունը, արդյունքում վարակի ցանկացած օջախի առաջացման դեպքում կարելի է թեստավորել ու մեկուսացնել բոլոր վարակակիրներին, բայց հնարավորություն տալ մնացածներին, որոնք առողջ են, շարունակել աշխատանքը։ Սա, իր հերթին, ենթադրում է թեստերի մասսայական արտադրություն, եւ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալում Հայաստանի բոլոր մարզերում, ինչը, սակայն, շատ ավելի էժան է, քան այն տնտեսական կորուստները, որոնք երկիրը շարունակում է կրել։ Բացի այդ, համաճարակից մահացության վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես խոցելի են տարեց եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ուստի զուգորդելով մասսայական թեստավորումը այս խմբի հուսալի մեկուսացման հետ, կարելի է էապես նվազեցնել մահացությունը, առանց կազմալուծելու տնտեսության աշխատանքը: Առավել եւս, որ այդ մարդկանց զգալի մասը չի էլ աշխատում։  

 

Ինչպես աջակցել ճգնաժամից տուժած ձեռնարկություններին եւ մարդկանց

 

Հաջորդ մեծ հարցը վերաբերում է պետության կողմից ճգնաժամը մեղմելու գործիքներին, եւ դրանց հարաբերական արդյունավետությանը։ Հայաստանի կառավարությունը արդեն գործարկել է 14 տարբեր միջոցառումներից բաղկացած աջակցության փաթեթ, սակայն այդ միջոցառումների արդյունավետությունը, հասցեականությունը, եւ տնտեսական ճգնաժամը մեղմելու կարողությունը բավական վիճելի են։ Մի կողմից, ձեռնարկություններին առաջարկվում են արտոնյալ վարկային միջոցներ, որոնք իմաստավորված կլինեին, եթե դրանք նորմալ գործեին։ Մյուս կողմից, նրանց գործունեության վրա կոշտ սահմանափակումներ են դրվում, դրանով անիմաստ դարձնելով այդ վարկերը: Պատահական չէ, որ չնչին քանակությամբ ձեռնարկություններ են մինչ այժմ դրանցից օգտվել։ Ձեռնարկություններին աջակցելու տեսանկյունից թերեւս առավել իմաստալից է 5-րդ միջոցառումը, որը ենթադրում է դրամաշնորհների տրամադրում այն կազմակերպություններին, որոնք պահպանել են իրենց աշխատավարձի ֆոնդը, սակայն այս միջոցառումն էլ բացարձակ ոչ թիրախային է, քանի որ հավասարապես (եւ ընդամենը աշխատավարձի ֆոնդի 1/5-ի չափով) աջակցում է եւ այն ընկերություններին, որոնց աշխատանքի վրա ճգնաժամը չի անդրադարձել, եւ նրանց, որոնք ընդհակառակը, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, սակայն պահպանել աշխատակիցներին։ Այս պայմաններում, առաջինները կարող են լրացուցիչ շահույթ ստանալ, իսկ երկրորդները՝ սնանկանալ կամ կազմալուծվել, քանի որ չգործելու պայմաններում, աշխատավարձի ֆոնդի 1/5-ը բոլորովին բավարար չի աշխատակիցներին պահպանելու համար։ Հարկային քաղաքականության մեջ ընդհանրապես որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այն դեպքում, երբ գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած ձեռնարկությունների նկատմամբ այն պետք է մեղմել, ինչպես նաեւ հետաձգել նրանց նկատմամբ հարկադիր սնանկության բոլոր գործողությունները։ Սա, մասնավորապես, վերաբերվում է շահութահարկի վճարմանը, որն արվում է տարին մեկ անգամ, եւ զուգադիպությամբ՝ հենց ապրիլ ամսին: Այսօր շատ ձեռնարկությունների համար սա դարձել է բարդ խնդիր, քանի որ իրենք տարվա ընթացքում աշխատած համեստ շահույթը վերջին մեկ ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել՝ ֆինանսավորելու պահպանման կարիքները։ 

 

Իրականում, ճգնաժամի պայմաններում պետության աջակցությունը ձեռնարկություններին նպատակահարմար է կենտրոնացնել մի քանի գործիքների վրա, որոնք, սակայն, կիրառման ավելի բարձր ճշտություն են պահանջում։ Նախ, պետք է առավելագույնն անել, որպեսզի ձեռնարկությունների գործունեությունն այս պայմաններում չկանգնի, մասնավորապես, աջակցելով սանիտարա-հիգիենիկ անվտանգության արդյունավետ միջոցների արագ ներդրմանը: Այստեղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է կենտրոնացված մշակել մի շարք ստանդարտ լուծումներ եւ օգնել դրանք ձեռնարկություններում արդյունավետ կիրառելուն։ Երկրորդը, անհրաժեշտ է ուղիղ դրամաշնորհներով աջակցել այն ձեռնարկություններին, որոնք հարկադրված են աշխատանքը դադարեցրել՝ պահպանելու իրենց աշխատակիցներին կամ առնվազն դրանց որակյալ կորիզը, հարկադիր դադարի ամբողջ ընթացքում։ Երրորդը, պետությունը ժամանակավորապես պետք է վերանայի պետական պատվերի տեղաբաշխման տրամաբանությունը, եւ ըստ հնարավորության առավելությունը տա տեղական ընկերություններին, ինչպես նաեւ խրախուսի նոր կրիտիկական արտադրատեսակների յուրացումը։ Հընթացս, կառաջանան այլ միջոցներ, սակայն կարելի է սկսել այս երեքից։

 

Պետության հիմնական աջակցությունը, սակայն, պետք է տրամադրվի քաղաքացիներին, եւ մասնավորապես նրանց այն խմբերին, որոնք առավել տուժել են ճգնաժամից։ Եթե մարդիկ կորցրել են աշխատանքը, պաշտոնապես թե փաստացի, նրանց պետք է աջակցել՝ պահպանելու իրենց եւ ընտանիքների ֆիզիկական գոյությունը եւ նվազագույն կենսամակարդակը՝ մինչեւ ճգնաժամի ավարտը։ Հայաստանում աշխատուժի մոտ 30%-ը, կամ համարյա կես միլիոն մարդ, մինչեւ ճգնաժամը կամ պաշտոնապես գործազուրկ էր, կամ էլ պարզապես ոչ մի տեղ գրանցված չէր եւ զբաղվում էր գործարքային, սեզոնային, կամ արտագնա աշխատանքով։ Այս պայմաններում նրանք ամենախոցելին են, քանի որ փաստացի զուրկ են իրավունքներից եւ պետության պաշտպանությունից։ Ճգնաժամի պայմաններում պետությունը իր աջակցությունը պետք է կենտրոնացնի այս քաղաքացիների վրա, քանի որ նրանք տառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում կսպառեն իրեն գոյության միջոցները եւ դրանից հետո հարկադրված կլինեն դիմել հուսահատ քայլերի։ Այստեղ եւս լավագույն աջակցությունը վարձատրվող աշխատանքն է, ընդ որում, ճգնաժամի պայմաններում պետությունը կարող է միջոցներն ուղղել տարբեր հանրօգուտ գործերի՝ մաքրել երկրում կուտակված աղբը, ախտահանել եւ կարգի բերել հանրային տարածքները, վերականգնել անտառները, վերանորոգել ճանապարհները, կազմակերպել կրիտիկական զինամթերքի արտադրություն, եւ այլն՝ այն, ինչ չէր արվում այդպիսի ծավալներով նորմալ ժամանակներում, սակայն կարելի է անել հիմա, երբ երկրում հսկայական թվով մարդիկ առանց աշխատանք են մնացել։ Այն մարդկանց, որոնք այդ աշխատանքներում ներգրավված չեն, պետությունը պետք է ընտանիք առ ընտանիք խելամիտ միջոցներ հատկացնի նվազագույն սպառողական զամբյուղի չափով, որպեսզի մարդիկ կարողանան դիմանալ մինչեւ տնտեսութան լիարժեք վերագործարկումը եւ չփորձի արհեստական սահմանափակումների միջոցով որեւէ մեկին դուրս թողնել։  

 

Ինչպես միջոցներ հայթայթել ճգնաժամը հաղթահարելու համար

 

Հայաստանի դեպքում պետության համար բարդագույն խնդիր է դառնալու բավարար միջոցների հայթայթումը՝ վերը նշված հակաճգնաժամային աջակցության համար։ 

 

Կարանտինում գտնվելու ամեն ամիսը մեր տարեկան ՀՆԱ-ն պակասեցնում է մոտ 3-4%-ով, եւ դրա առնվազն կեսը պետք է հատուցել ձեռնարկություններին եւ մարդկանց՝ նրանց նվազագույն կենսագործունեությունը ապահովելու համար։ Փաստացի, պետությանը անհրաժեշտ է ամսական լրացուցիչ 200-250 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոց այն պայմաններում, երբ հարկային եկամուտները կտրուկ անկում են ապրել: Եթե ճգնաժամը տեւի նույնիսկ 4-5 ամիս, խոսքը գնալու է մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի մասին։ Մեր մի շարք հարեւաններ ճգնաժամին նախորդած տարիներին բավական շոշափելի միջոցներ էին կարողացել կուտակել համապատասխան պետական հիմնադրամներում՝ Ռուսաստանը՝ մոտ 150 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանը՝ մոտ 40 մլրդ ԱՄՆ դոլար, եւ հիմա հնարավորություն ունեն այդ միջոցներն օգտագործել՝ այդպիսի պետական աջակցության համար։ Հայաստանը, բնականաբար, այդպիսի հիմնադրամ չունի, եւ պետք է փորձի միջոցներ հայթայթել այլ աղբյուրներից։ Կա իրատեսական երեք տարբերակ ու եւս մեկը, որի մասին խոսում է իշխանությունը, բայց որը, սակայն, անիրատեսական է։ 

 

Սկսենք վերջինից՝ իշխանությունը պարբերաբար ակնարկում է, որ կարելի է բռնագրավել նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած ապօրինի գույքը եւ այն ուղղել պետական բյուջե։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ համապատասխան օրենքը ստորագրվի եւ գործողության մեջ մտցվի, պետք է գիտակցել, որ խոսքը գնում է սահմանափակ թվով անձանց սահմանափակ քանակությամբ պաշտոնապես ձեւակերպած գույքի մասին, որի իրական արժեքն առնվազն կարգով պակաս է, քան այն թվերը, որոնք վերը ներկայացված են։ Ընդ որում, այդ գույքի բռնագանձումը տարիներ է տեւելու, քանի որ սկզբից համապատասխան անձանց հանցագործությունները պետք է դատարանով ապացուցել, հետո գույքի բռնագանձման վարույթ սկսել, իսկ բռնագանձելուց հետո էլ՝ գույքը իրացնել շուկայում, ինչը բոլորովին էլ պարզ խնդիր չի, հաշվի առնելով, որ նախկինում կառուցած շքեղ բայց անճաշակ առանձնատները, իրենց տերերից բացի, հաճախ այլեւս ոչ ոքի պետք չեն։ Իրականում, կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված միջոցների զգալի մասը վաղուց Հայաստանից դուրս է բերված, եւ նրանց վերադարձը, եթե նույնիսկ տարբեր միջոցներով հնարավոր լինի, տեւելու է շատ երկար, եւ առնվազն այս ճգնաժամը հաղթահարելուն չի կարող էապես օգնել։ 

 

Իրատեսական են երեք այլ միջոց.

 

ա) ավելացնել արտաքին պարտքը՝ միջոցներ ներգրավելով միջազգային ֆինանսական կազմակերպություններից, 

 

բ) վարկավորել պետական բյուջեն Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, 

 

գ) ավելացնել պետության ներքին պարտքը՝ միջոցներ ներգրավելով տեղական բանկերից եւ այլ ներդրողներից: 

 

Իրականությունը թերեւս այն է, որ առանձին վերցված ոչ մեկը բավարար լուծում չէ, եւ պետք է փորձել գտնել սրանց խելամիտ համադրությունը։ Մասնավորապես, միջազգային ֆինանսական կազմակերպությունները արդեն խեղդված են բազմաթիվ երկրներից ստացվող վարկավորման հայտերով, եւ ստիպված են լինելու իրենց սահմանափակ միջոցները բաշխել հարյուրից ավել երկրների միջեւ, ուստի Հայաստանը չի կարող իր բոլոր կարիքները բավարարել միայն այս աղբյուրից։ 

 

Սեփական Կենտրոնական բանկի կողմից ֆինանսավորումը, որքան էլ գրավիչ եւ հեշտ թվա, իրականում բերելու է գնաճի, ուստի եւս կարող է իրականացվել միայն սահմանափակ չափերով, այնպես, որ մակրոտնտեսական կայունությունը չխաթարվի։ Իր հերթին, բանկերից եւ այլ ներդրողներից միջոցների ներգրավումը ենթադրում է նրանց կողմից Կառավարության նկատմամբ բարձր վստահություն եւ համագործակցելու պատրաստակամություն։ Ներդրողները կարող են իրենց իրենց միջոցները Կառավարությանը տրամադրելու փոխարեն ներդնել այն այլ տնտեսական գործունեության մեջ, կամ ընդհանրապես այլ երկրներում տեղաբաշխել: Ուստի եթե Կառավարությունը ցանկություն ունի երկրի ներսում էական միջոցներ ներգրավել, պետք է բարձրացնի իր գործունեության կանխատեսելիությունը եւ հուսալիությունը, երկխոսություն սկսի հասարակության տարբեր շերտերի հետ եւ հրաժարվի տարբեր ծայրահեղական, ամբոխահաճո գործողություններից, որոնք մինչ այժմ պարբերաբար անկայունություն են ստեղծել երկրում եւ շեղել տնտեսական զարգացան օրակարգից։

 

Ամփոփում

 

Այսօր աշխարհը փորձում է վերաիմաստավորել համաճարակը եւ նրա հետեւանքով առաջացած աննախադեպ ճգնաժամը եւ մոդելավորել կյանքը համաճարակի ավարտից հետո։ Արդեն ակնհայտ է, որ համաճարակը արագ չի վերջանալու, եւ եթե նույնիսկ Հայաստանի նման առանձին վերցված երկրում վարակը հաղթահարվի, ամբողջ աշխարհը կկարողանա դուրս գալ տնտեսական ճգնաժամից միայն նրանից հետո, երբ խոշոր երկրների ճնշող մեծամասնությունը կհաղթահարեն վարակն ու տարաձայնությունները եւ վերսկսեն ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը, մարդկանց եւ կապիտալի շարժը, տեխնոլոգինարի փոխանցումը եւ այլ գործառնություներ, որոնք հատուկ էին մինչճգնաժամային շրջանին։ Սա մեր երկրի համար, որի տնտեսական զարգացումը էապես կախված է արտաքին այդ գործոններից, հսկայական մարտահրավեր է։ Մենք այս մարտահրավերը կարող ենք հաղթահարել միայն այն դեպքում, եթե մոբիլիզացնենք մեր հասարակության ողջ նյութական եւ մտավոր ներուժը, եւ ճգնաժամի յուրաքանչուր փուլում իրականացնենք իրավիճակին համարժեք, լավ հաշվարկված եւ արդյունավետ գործողություններ։ Ժամանակը այլեւս շատ թանկ է եւ մենք այն վատնելու իրավունք չունենք։ 

 

Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին