Երբ ամեն բան ընթանում է սովորական հունով, մենք չենք գիտակցում, որ համարյա ամեն մեր որոշմամբ օգնում ենք պտտել երկրի տնտեսական անիվը։ Որոշեցինք պաղպաղակ ուտել՝ մի փոքր պտտեցինք, որոշեցինք զանգել ընկերոջը՝ դարձյալ պտտեցինք։ Անգամ երբ որոշում ենք գնալ զբոսնելու, դարձյալ պտտում ենք այդ անիվը, քանի որ մաշեցնում ենք մեր կոշիկները, մոտեցնելով նոր կոշիկների գնման օրը, բացում ենք ախորժակը, եւ, միգուցե, սովորականից մի փոքր ավելին կուտենք դրանից հետո, դրական տրամադրություն ենք ստանում, եւ, ուրեմն, միգուցե ավելի լավ կկատարենք հաջորդ օրվա մեր աշխատանքը։
Սակայն երբ մենք պարփակված ենք տներում, այս սովորությունները ինքնաբերաբար դադարում են գործել, եւ անիվը սկսում է դանդաղել։ Իսկ դա ահավոր վտանգավոր է բոլորիս համար։ Շատ ավելի վտանգավոր, քան վիրուսը, քանի որ եթե վերջինս մեղմ է բնակչության 80% նկատմամբ, ապա տնտեսական ճգնաժամը, որը զուգակցվում է անիվի դանդաղեցմամբ, դաժանորեն կհարվածի գրեթե բոլորին։
Դժվար պահերին մարդիկ հակված են գումար խնայել, գիտակցելով, որ վաղը կարող են կանգնել տնտեսական խնդիրների առջեւ, եւ այդ գումարը իրենց անվտանգության գրավականն է։ Սակայն եթե բոլորս այս պահին մտածենք այդ կերպ, ապա տնտեսական անիվը կդադարի պտտվել։ Դրա հետեւանքով մարդիկ, որոնք պիտի վճարեին այն գումարները, որոնք պետք է գային ձեզ որպես աշխատավարձ կամ այլ եկամուտ, չեն կարողանա դրանք վճարել, քանի որ չեն ստացել այդ գումարը ձեզանից։ Եթե ուզում եք վաղը վաստակել, այսօր պետք է ծախսեք։ Սա է տնտեսության գոյության հիմնարար սկզբունքը։ Մենք մեկ նավում ենք, եւ չկա փրկվելու միջոց, եթե այդ նավը խորտակվի։
Իհարկե, ասածս չի վերաբերում այն մարդկանց, ովքեր չունեն որեւէ կուտակած միջոց եւ այս պահին, պարապուրդի մատնված, չգիտեն, թե ինչպես են վաղը ապահովելու իրենց օրվա հացը։ Ես դիմում եմ նրանց, ով գումար էր կուտակել բնակարան կամ մեքենա գնելու համար, կամ ավանդ է դրել բանկում։ Պետք չէ այդ գումարը բանկից հանել եւ տանը պահել։ Պետք է այդ գումարից խելամիտ ծախսել, որպեսզի վաղը կարողանաք դարձյալ վաստակել։ Եթե պետք է ընտրություն կատարեք, ընտրեք հայկական ապրանք, Հայաստանում արտադրված ուտելիք, քանի որ այդ դեպքում ձեր կատարված ծախսի ազդեցությունը անիվը պտտելու առումով շատ ավելի մեծ կլինի։
Մի գործոն էլ է պետք հաշվի առնել։ Տնտեսագետների կանխատեսումներով, ելնելով նախկին փորձից, նման համատարած ճգնաժամերից հետո աշխարհում սովորաբար լինում է դրամի համատարած արժեզրկում։ Քանի որ դանդաղել է դրամի շրջանառությունը, իշխանությունները ստիպված են տնտեսության մեջ առկա ֆինանսների ծավալները արհեստականորեն աճեցնել, դրամ «տպելով», եւ դրանք ինչ-որ կերպ բաշխել, որպեսզի երկրի տնտեսությունը շարունակի գործել, եւ մարդիկ չհայտնվեն ծայրահեղ իրավիճակներում։ Երբ ճգնաժամը ավարտվում է, եւ մարդիկ որոշում են, որ արդեն անվտանգ է ծախսել իրենց կուտակած գումարները, արագ աճող սպառումը եւ մինչ այդ պետության կողմից արհեստականորեն ավելացված արժույթը բերում են սրընթաց գնաճի եւ դրամի արժեզրկման։ Այնպես որ, ինչ-որ գումարներ պահելը «ապագայի համար» ոչ միայն անարդյունավետ է պահի տեսակետից, այլեւ դրանց պահպանման առումով։
Այսպիսի ճգնաժամերը, որոնք պայմանավորված են արտաքին պատճառներով եւ կավարտվեն մի քանի ամսվա ընթացքում, շատ լավ ժամանակ են նոր ներդրումներ անելու, նոր նախագծեր մեկնարկելու եւ վաղուց երազած ծրագրերը կյանքի կոչելու համար։ Երբ ճգնաժամը ավարտվի, դրանով արդեն շատերն են զբաղվելու, եւ ձեր տեղը գտնելը շատ ավելի դժվար է դառնալու։
Ես շաբաթական գոնե մեկ անգամ, ինչպես եւ նախկինում, դստերս հետ «հաճախում եմ» որեւէ ռեստորան, պատվիրելով ուտելիքի առաքում այդ ռեստորանից (բնականաբար, դիմում եմ միայն վստահելի ռեստորաններին, որոնք խստիվ պահպանում են հիգիենայի կանոնները)։ «Այբ» դպրոցում նախատեսել ենք ապրիլ ամսվա ընթացքում ամբողջապես վերանայել դպրոցի աշխատանքի սկզբունքները, հաշվի առնելով պարտադրված, բայց նաեւ շատ ոգեւորող առցանց դասավանդման փորձը։ Ընկերներիս հետ նոր, ոգեւորիչ նախագծեր ենք քննարկում։ Ճգնաժամը ոչ միայն ծանր խնդիր է, այլեւ մեծ հնարավորություն։
Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: