Մի քանի օր առաջ գրել էի այն մասին, թե ինչպես է փոխվում մեր կյանքը գլոբալ համաճարակի պայմաններում։ Անցած մի քանի օրերը հաստատեցին, որ համաճարակն աննախադեպ մասշտաբի աղետ է, որից ոչ մի երկիր խուսափել չի կարող, սակայն այն երկրները, որոնք ավելի արդյունավետ համաճարակի դեմ կպայքարեն, կկարողանան նվազեցնել դրանով պայմանավորված կորուստները։
Այսօր կփորձեմ խոսել նրա մասին, թե ինչպիսի միջոցները կարող են թույլ տալ նվազեցնել համաճարակի վնասները մեր կյանքի հիմնական ասպեկտների վրա, ինչ են անում այդ ուղղությամբ տարբեր երկրներում, եւ ինչ պետք է մենք Հայաստանում անենք արդեն այսօր։
Հանրային առողջություն
Համաճարակի առաջին հարվածը հանրային առողջությունն է։ Իտալիայում, որն այս պահին համաճարակից ամենաշատ տուժած երկիրն է, մահացությունը գերազանցում է հիվանդների 10%-ը, սա սոսկալի մեծ թիվ է։ Հարավային Կորեայում, որը առաջիններից մեկն էր հայտնվել համաճարակի հարվածի տակ, մահացությունը կազմում է հիվանդների ավելի համեստ 1,5%-ը, իսկ Գերմանիայում, որտեղ համաճարակը եւս բավական տարածված բնույթ է կրում, մահացությունը դեռ չի գերազանցել հիվանդների 0,6%-ը։ Ակնհայտ է, որ հիվանդությունը տարբեր երկրներում չի կարող առանց հատուկ պատճառ այսպիսի տարբեր հետեւանքներ ունենալ, եւ դա պայմանավորված է պետական կառույցների եւ առողջապահական համակարգի որակապես տարբեր աշխատանքով։
Հարավային Կորեան, օրինակ, վարակի առաջին դեպքերը հայտնաբերելուց հետո, առանց հապաղման սկսեց կազմակերպել սեփական արագ թեստերի արտադրությունը։ Սա հնարավորություն տվեց անցնել ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների մասսայական թեստավորման (անցած շաբաթվա դրությամբ՝ 300 000-ից ավել թեստ, Հայաստանում՝ ընդամենը 2 000), եւ հիվանդության հայտնաբերման՝ ավելի վաղ շրջանում, երբ ախտանիշները դեռ վառ չեն դրսեւորված։
Սա, իր հերթին, երկու կարեւոր առավելություն է տալիս՝ հիվանդներին հնարավոր է ավելի շուտ մեկուսացնել մնացածներից, եւ նրանց բուժումը ավելի վաղ սկսելով, մեծանում են շանսերը, որ հնարավոր կլինի խուսափել վտանգավոր բարդացումներից։ Սա էլ, իր հերթին, թույլ է տալիս սուղ ռեանիմացիոն կարողությունները կենտրոնացնել իսկապես ծանր հիվանդների վրա՝ ավելացնելով նրանց կյանքը փրկելու հավանականությունը։ Գերմանիայի դեպքում լրացուցիչ դեր է խաղում նաեւ գերզարգացած առողջապահական համակարգը` այստեղ մեկ շնչի հաշվով ամենամեծ ռեանիմացիոն կարողություններն են գործում, բնակչությունն էլ հայտի է իր առողջ ապրելակերպով, եւ դա՝ զուգորդված արագ թեստավորման հետ, հնարավորություն է տվել կանխել իտալական սցենարը։ Արդյունքում, այս պահի դրությամբ, բնակչության մեկ շնչի հաշվով մահացությունը Գերմանիայում եւ Հարավային Կորեայում 40 անգամ ցածր է, քան Իտալիայում։ Այդպիսի հսկայական տարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ խելամիտ գործողությունների դեպքում, Հայաստանում եւս կարող ենք նվազեցնել հնարավոր մարդկային կորուստները, սակայն պետք է ակտիվ գործել արդեն այսօր։
Մասնավորապես, այս պահին պետք է բոլոր հասանելի միջոցներով ձեռք բերել եւ Հայաստան հասցնել տասնյակ հազարավոր «արագ» թեստեր՝ թեեւ դրանք ունեն ճշգրտության հետ կապված խնդիր, սակայն կիրառման մեջ շատ ավելի պարզ են, քան լաբորատոր թեստերը, եւ հնարավորություն կտան մեծ քանակությամբ ռիսկի գոտում հայտնված անձանց արագ թեստավորել՝ էապես նվազեցնելով վարակի անվերահսկելի տարածման հավանականությունը։ Նաեւ ակնհայտ է, որ Հայաստանում առկա ռեանիմացիոն կարողությունները խիստ սահմանափակ են, եւ կարող են միաժամանակ սպասարկել ընդամենը մի քանի տասնյակ ծանր հիվանդի։ Սակայն այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հիվանդների մինչեւ 20%-ը կարող է ինչ-որ պահի թոքերի արհեստական օդափոխման (ԹԱՕ) կարիք ունենալ, եւ եթե մեզ մոտ հիվանդների թիվը հասնի հազարների, հարյուրավոր այդպիսի համակարգերի կարիք կունենանք։ Այս պահին, ԹԱՕ համակարգերի խիստ կարիք է զգացվում ամբողջ աշխարհում, խոշոր երկրները տասնյակ հազարավոր սարքեր են պատվիրում, եւ «փոքրիկ» Հայաստանի հերթը կարող է պարզապես չհասնել։ Այստեղ կարեւոր է մոբիլիզացնել արտերկրի հայկական կառույցներին, որոնք թեեւ իրենց երկրներում բախվում են նույն համաճարակային խնդիրներին, բոլոր դեպքերում ունեն որոշակի հնարավորություններ՝ նյութապես եւ գործնական աջակցելու Հայաստանին։ Այս գործընթացը արդեն սկսել է, մի շարք հիմնադրամներ (IDeA, Տաշիր, ԱրԱր) արդեն հայտարարարել են իրենց աջակցության մասին, սակայն իրական կարիքները կարգով ավելի մեծ են, եւ շատ ավելի լայն մոբիլիզացիա են պահանջում։ Վերջապես, որպեսզի մեղմվի ռեանիմացիոն կարողությունների հնարավոր պիկային պահանջարկը, պետք է անցնել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների խիստ կարանտինի, արգելվի նրանց տանից դուրս գալն ընդհանրապես, զուգահեռ նրանց համար անվտանգ եղանակով կազմակերպելով անհրաժեշտ կենսական տարբեր ծառայությունները։
Տնտեսության կենսունակություն
Համաճարակի հաջորդ հարվածը տնտեսությունն է։ Արդեն հիմա, առավել տուժած երկրներում, տեղի է ունենում տնտեսական ակտիվության 30-40% անկում, սա վիթխարի թիվ է, համեմատական միայն պատերազմական ժամանակների հետ։ Եթե այդ անկումը երկար (մի քանի ամիս) շարունակվի, այդ երկրները կկանգնեն անլուծելի տնտեսական խնդիրների առջեւ՝ ընկերությունների մասսայական սննկացում, համատարած գործազրկություն, վարկա-ֆինանսական ճգնաժամ, ազգային արժույթների կտրուկ արժեզրկում (այս անգամ արդեն ոսկու նկատմամբ, քանի որ նույնիսկ ԱՄՆ դոլարը արդեն հուսալի չի լինի): Ուստի խիստ կարեւոր է ճգնաժամից համեմատաբար արագ դուրս գալը: Դրա լավագույն օրինակը ցույց է տվել Չինաստանը, որը բախվելով համաճարակին 60 մլն բնակչությամբ Հուբեյ նահանգում, կարողացավ այն կոշտ մեթոդներով մեկուսացնել մնացած երկրից, իսկ նահանգի ներսում էլ սահմանափակել տարածումը։ Սակայն եթե դա արդեն հնարավոր չէ դա անել, ապա պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես խելամիտ միջոցներով մեղմել տնտեսական կորուստները։ Այստեղ խիստ կարեւոր է համատարած չսահմանափակել տնտեսական գործունեությունը, այլ տարբերակել նրա մի քանի տարատեսակ, որոնք համաճարակի պայմաններում տարբեր մոտեցումներ են պահանջում։ Առաջին խմբում նրանք են, որոնք ենթադրում են մերձավոր մարդկային կոնտակտ: Օրինակ` վարսավիրանոցները, օդային եւ հանրային տրանսպորտը կամ մասսայական տարբեր զվարճությունները՝ դրանց աշխատանքը պետք է դադարեցնել։ Երկրորդ խմբում նրանք են, որոնք ենթադրում են մարդկային կոնտակտ, սակայն այն կարելի է սահմանափակել։ Օրինակ, տաքսիներում կարելի է անցնել վարորդի եւ ուղեւորների միջեւ մեկուսացման (որոշ երկրներում վաղուց այդպես է), եւ յուրաքանչյուր ուղեւորից հետո կարելի է օդափոխել մեքենան։ Կամ էլ, հանրային մի շարք ծառայություններում կարելի է անցնել նմանատիպ ոչ կոնտակտային մեթոդների, բանկերում կարելի է անցնել համատարած էլեկտրոնային սպասարկման, ռեստորաններում կարելի է անցնել պատվերների հեռակա մատակարարման եւ այլն։
Երրորդ խմբում արդյունաբերությունն ու շինարարությունն են, որտեղ շատ դեպքերում հնարավոր է մասամբ սահմանափակել կոնտակտները, մասամբ էլ անցնել պաշտպանիչ միջոցների լայն կիրառման (ռեսպիրատորներ, դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ)։
Չորրորդ խմբում այն ոլորտներն են, որտեղ կարելի է մարդկային կոնտակտները իրականացնել հեռակապի միջոցով՝ այդպիսիք են կրթությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալ ծառայությունները, եւ այլն։ Վերջապես, գյուղատնտեսության մեջ, որտեղ գործունեության զգալի մասը տեղի է ունենում բաց տարածության մեջ, եւ հիմնականում չի պահանջում ինտենսիվ մարդկային շփում, խելամիտ միջոցներով կարելի է իրականացնել ներգրավված մարդկանց պաշպանությունը, եւ շարունակել աշխատանքը։ Ի վերջո, նպատակը պետք է լինի պահպանել ամբողջ այն տնտեսական գործունեությունը, որը հնարավոր է իրականացնել առանց համաճարակային վիճակը բարդացնելու, նույնիսկ եթե այդ գործունեության որակը, արդյունավետությունը, եւ կամ հարմարավետությունը մասամբ տուժում է։
Եթե, սակայն տնտեսական գործունեությունը պետք է դադարեցվի կամ սահմանափակվի, ապա կարեւոր է նաեւ պետության կողմից հասցեական միջոցները՝ խուսափելու այդ ոլորտներում լիակատար կոլապսից։ Մասնավորապես, չի կարելի ընկերություններին հարկադրել պահպանել աշխատատեղերը, եթե նրանց գործունեությունը դադարեցված է՝ փոխարենը, պետք է թույլ տալ ուղարկել աշխատակիցներին հարկադիր պարապուրդի եւ պետության վրա վերցնել բոլոր այն մարդկանց նվազագույն ապահովության պատասխանատվությունը, որոնք ժամանակավոր առանց աշխատանքի են մնացել։ Բացի այդ, հաշվի առնելով, որ համաճարակի պայմաններում առաջանում է լրացուցիչ սոցիալական ծառայությունների անհրաժեշտություն (օրինակ, տանը կարանտինում գտնվող տարեցների համար), պետությունը նաեւ կարող է կամ ինքնուրույն կազմակերպել, կամ էլ խրախուսել մասնավոր ընկերություններին՝ կազմակերպելու այդպիսի ծառայություններ, եւ դրանց մեջ ժամանակավորապես ներգրավել պարապուրդի մեջ հայտնված մարդկանց զգալի մասին։ Վերջապես, պարզեցված կարգով պետք է հնարավորություն տալ ընկերություններին ժամանակավորապես կասեցնել իրենց գործունեությունը, ազատել նրանց այդ ընթացքում ցանկացած հարկերից եւ տուրքերից, եւ համաճարակային վիճակի բարելավմանը զուգընթաց, տրամադրել պետական աջակցություն՝ վերսկսելու գործունեությունը։
Ազգային անվտանգություն
Համաճարակի երրորդ հարվածը գալու է ազգային անվտանգությանը։ Ներկայումս պետությունների մեծ մասը կենտրոնացած են առաջին, եւ մասամբ երկրորդ հարվածները դիմագրավելու վրա, բայց ինչ-որ ժամանակ անց, երրորդ մարտահրավերը կտրուկ կսրվի։ Այս պահին արդեն հայկական բանակում ախտորոշվել են առաջին հիվանդները, եւ չկա ոչ մի երաշխիք, որ նորերը չեն հայտնաբերվի։ Մեր բանակը, որի անձնակազմի զգալի մասը պայմանագրային ծառայողներ են, անմիջական շփման մեջ է գտնվում քաղաքացիական բնակչության հետ եւ սա վարակի փոխանցման ակնհայտ մեխանիզմ է։ Այս պայմաններում անհրաժեշտ է կամ բոլոր զորամասերը, եւ առնվազն առաջնագծում գտնվողները, բերել զորանոցային վիճակի՝ կտրուկ սահմանափակելով զինծառայողների շփումը արտաքին աշխարհի հետ։ Բոլոր նրանք, որոնք գործի բերումով շփվում են արտաքին աշխարհի հետ, պետք է պարբերական թեստավորման ենթարկվեն, կանխարգելելու նրանց հետ վարակի ներթափանցումը զորանոցներ։ Թեեւ բանակում ծառայում է երիտասարդ անձնակազմ, եւ նրանց համար հիվանդության ընթացքը ենթադրաբար պակաս վտանգավոր է, իրական վտանգը կայանում է վարակի մասսայական տարածման մեջ՝ դա կարող է կազմալուծել զորամասերի գործունեությունը, եւ էապես նվազեցնել մարտական խնդիրներ իրականացնելու նրանց կարողությունը: Ուստի բանակի դեպքում պետք է բոլոր հնարավոր միջոցներով դանդաղեցնել վարակի ներթափանցումը, որպեսզի ոչ մի առանձին վերցված պահի, ոչ մի առանձին վերցված զորամասում, վարակակիրների թիվը չպետք է գերազանցի 5%-ը, իսկ հիվանդներինը՝ 1-2%։ Բացի այդ, բանակում պետք է ծավալել առանձին դաշտային հոսպիտալներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել մեծ քանակությամբ հիվանդներ, եւ կենտրոնացված իրականացնել նրանց որակյալ բուժումը։
Ազգային անվտանգության մյուս մեծ ռիսկը կապված է սննդի մատչելիության հետ։ Հայաստանը տարբեր սննդատեսակներով ունի ինքնաապահովման տարբեր մակարդակ, եւ դա պայմանավորված է առաջին հերթին տնտեսական արդյունավետությամբ: Օրինակ, մեզ մոտ ձեռնտու է աճեցնել մրգեր եւ բանջարեղեն, սակայն պակաս ձեռնտու է ցորենի աճեցումը, ուստի վերջինիս մասով մենք ապահովում ենք տեղական կարիքների միայն կեսը։ Սովորական պայմաններում դա նորմալ է, քանի որ մենք հնարավորություն ունենք էժան հացահատիկ ձեռք բերել Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից, որոնք մասնագիտանում են դրա աճեցման վրա։ Բայց համաճարակի հետ կապված Ռուսաստանը արդեն սահմանափակել է հացահատիկի արտահանումը, եւ եթե այն երկար շարունակվի, մենք անխուսափելիորեն կկանգնենք ցորենի դեֆիցիտի առջեւ, նույնը կարող է տեղի ունենալ նաեւ սննդամթերքի որոշ այլ տեսակների հետ: Այս պայմաններում կարեւոր է արդեն հիմա ձեռնարկել երկու կանխարգելիչ միջոցառումների համախումբ՝ առաջինը, սկսել ցորենի ռեզերվային գնումներ այն երկրներից, որոնք արտահանման սահմանափակումներ դեռեւս չեն մտցրել, եւ նյութապես աջակցել տեղական արտադրողներին՝ ընդլայնելու հացահատիկի ցանքատարածությունները։
Նմանատիպ միջոցառումներ նաեւ կարող են իրականացնել այլ ոչ ինքնաբավ բազային սննդատեսակների գծով (կաթի փոշի, թռչնի միս, բուսական յուղ, եւ այլն):
Վերջապես, ազգային անվտանգության մեծ ռիսկը կարող է պայմանավորված լինել ներքին խժդժությունների հետ։ Այն երկրներում, որտեղ համաճարակը ակտիվ տարածվում է, կտրուկ աճել է թույլատրված զենքի պահանջարկը՝ ԱՄՆ-ում բնակչությունը համատարած զենք եւ զինամթերք է գնում, վախենալով, որ առանց աշխատանք եւ գոյության միջոցների մնացած բնակչության հատվածը կդիմի թալանի միջոցով սեփական գոյությունը պաշտպանելու հուսահատ գործողությունների։ Եթե սովորական ժամանակ, յուրաքանչյուր շաբաթ ԱՄՆ-ում Աշխատանքի տեսչությանը ներկայացվում էր գործազրկության մոտավորապես 200 000 հայտ, վերջին շաբաթվա ընթացքում այդ թիվը կտրուկ աճել է, գերազանցելով 3 200 000-ը. այսպիսի բան չի եղել վերջին 50 տարվա ընթացքում։ Հայաստանի դեպքում, նույն ռիսկը եւս առկա է, առավել եւս, որ աշխատողների զգալի մասը ինքնազբաղված են, չունեին պետական որեւէ գրանցում եւ այս պայմաններում հայտնվում են առանց գոյության միջոցների։ Պետությունը պետք է կանխի այս վտանգը՝ տրամադրելով գործազրկության նպաստներ բոլոր կարիքավորներին, անկախ նրանից, թե նախկինում նրանք ինչ կարգավիճակ են ունեցել, միաժամանակ ուշադիր հետեւելով այն քրեածին տարրերին, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում։ Միաժամանակ, խիստ կարեւոր է բոլոր մակարդակներում դադարեցնել ատելության ցանկացած քարոզ, քանի որ այս պայթունավտանգ իրավիճակում, ցանկացած անզգույշ խոսք կարող է սոցիալական պայթյունի բերել՝ մեր երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով։
Ամփոփում
Այսօր աշխարհը հայտնվել է մի ճգնաժամային իրավիճակում, որը համեմատելի է թերեւս միայն համաշխարհային պատերազմի հետ։ Մենք Հայաստանում այդպիսի իրավիճակում արդեն ապրել ենք 1992-94 թվերին, սակայն այն տարբերությամբ, որ մնացած աշխարհը ճգնաժամի մեջ չէր, եւ հնարավոր էր մասնակիորեն օգտվել նրա ռեսուրսներից՝ փոքր-ինչ մեղմելու ազդեցությունը մեր երկրի վրա։ Այսօր, երբ ողջ աշխարհն է հայտնվել ճգնաժամի մեջ, ամեն երկիր իր տեղում պետք է մշակի եւ գործարկի առավել խելամիտ, լավ հաշվարկված, համակարգված գործողությունների հաջորդականություն, որը հնարավորություն կտա մեղմելու համաճարակի ազդեցությունը սեփական բնակչության, տնտեսության եւ ազգային անվտանգության վրա։ Չինաստանը եւ Հարավային Կորեան արդեն ցույց են տվել ուսանելի օրինակներ, այլ երկրներ եւս սկսում են սեփական նորարական լուծումները կիրառել։ Մենք Հայաստանում պետք է գիտակցենք, որ թեեւ համաճարակը անխուսափելի է, նրա հետեւանքների սրությունը եւ բացասական ազդեցությունը կախված է մեր անմիջական գործողություններից եւ այդ գործողություններին պետք է գնանք հիմա՝ հասարակության բոլոր ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիայի, հանրային երկխոսության, եւ համագործակցության հիման վրա։
Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: