Կյանքը կորոնավիրուսից առաջ եւ հետո - Mediamax.am

Կյանքը կորոնավիրուսից առաջ եւ հետո
8264 դիտում

Կյանքը կորոնավիրուսից առաջ եւ հետո


Դեռ երկու շաբաթ առաջ, Հայաստանում մարդկանց ճնշող մեծամասնության համար կորոնավիրուսը թվում էր էկզոտիկ խնդիր, պարփակված հեռավոր Չինաստանի բազմաթիվ նահանգներից մեկում, մանավանդ որ այդ երկրի ամենազոր կառավարությունը կարծես կարողացել էր համաճարակը վերցնել վերահսկողության տակ, եւ նրա տարածումը սկսել էր դանդաղել։ Այսօր, մարտի 22-ին, երբ ես գրում եմ այս տողերը, COVID-19 վիրուսով պայմանավորված համաճարակը դարձել է գլոբալ մասշտաբի մեծագույն աղետ, քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները այն համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ իր հնարավոր հետեւանքներով, երկրների մեծ մասի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը դադարել է, շատ երկրներ անցել են արտակարգ դրության, ֆինանսական շուկաները քաոսի մեջ են, բազմաթիվ բիզնեսներ կանգ են առել, եւ շփոթված մարդիկ փորձում են հասկանալ, ինչ է նշանակում ապրել այս նոր իրականության մեջ։

Հանուն արդարության, սա առաջին վտանգավոր համաճարակը չէ, որը վերջին տասնամյակներում պատուհասում է մարդկությանը։ Եղել է Էբոլան, եղել է ՍԱՐՍ-ը (մեկ այլ կորոնավիրուս), վերջապես, եղել է եւ կա մինչեւ հիմա էլ գոյություն ունի մահաբեր ՁԻԱՀ-ը (СПИД)։ Այս համաճարակներից յուրաքանչյուրը, տարածվելու դեպքում, նույնիսկ ավելի մեծ մահացու վտանգ են ներկայացրել, քան այսօրվա COVID-19 կորոնավիրուսը։ Խնդիրը, սակայն, այն էր, որ նրանց տարածումը արագ չէր, եւ հնարավոր էր կանխել խելամիտ միջոցներով, արդյունքում առաջին երկուսը ի վերջո տեղայնացվեցին եւ մարեցին, իսկ ՁԻԱՀ-ը, թեեւ շարունակում է ամեն տարի մոտ մեկ միլիոն զոհ տանել ամբողջ աշխարհով, այնուամենայնիվ, արդեն կանխարգելման եւ բուժման բավական արդյունավետ մեթոդներ ունի, եւ նրա հետագա տարածումը աշխարհի երկրների մեծ մասում վերցված է վերահսկողության տակ։

COVID-19 վիրուսի վտանգը, սակայն, հենց նրա մեջ է, որ վարակակիրների զգալի մասի մոտ այն ունի սկզբում թաքնված բնույթ, եւ մեկից մյուսը փոխանցվում է նույնիսկ շատ թեթեւ կոնտակտի դեպքում՝ սա բերում է վիրուսի արագ եւ անվերահսկելի տարածմանը։ Իտալիայում, որտեղ երկու շաբաթ առաջ դեռ 5000-ից պակաս վարակակիր կար, հիմա արդեն 50000-ի մոտ մարդ է վարակված, ԱՄՆ-ում, որտեղ երկու շաբաթ առաջ ընդամենը 300 մարդ էր պաշտոնապես վարակված, այսօր արդեն 25000-ից անցել է թիվը։ Սա վարակի տարածման աննախադեպ տեմպ է, եւ եթե երկու շաբաթը մեկ վարակակիրների թիվը տասնապատկվի, նույն Իտալիայում երկու ամսից արդեն համարյա բոլոր բնակիչները վարակված կլինեն։ Ըստ էության, նույնը վերաբերվում է ցանկացած երկրի՝ եթե կոշտ միջոցներով չկանխարգելել վիրուսի տարածումը, բավական է երեք ամիս, որպեսզի բնակչության մեծ մասը վարակվի, իսկ դա, ինչպես դժվար չէ կռահել, կբերի տվյալ երկրի համար կատաստրոֆիկ հետեւանքների։

Դեռեւս մի քանի շաբաթ առաջ, երբ վիրուսը պարփակված էր հիմնականում Չինաստանում, համաճարակից մահացության մակարդակը չէր գերազանցում վարակվածների 4%-ը, եւ դրանք հիմնականում տարեց եւ հիվանդ մարդիկ էին։ Իտալիայում, որն ունի աշխարհի առավել ծերացած հասարակություններից մեկը, մահացությունը հասավ արդեն 8-9%-ի։ Պատճառներից մեկը, ինչու Իտալիան այդպիսի սոսկալի կորուստներ է կրում, նաեւ առողջապահական համակարգի անբավարար կարողություններ են, երբ հիվանդության ծանր ստադիայում գտնվող անձանց պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ ամբողջ անհրաժեշտ օգնությունը հասցնել։ Սա եւս մեկ անգամ բացատրում է, թե ինչու է կրիտիկական բոլոր խելամիտ միջոցներով դանդաղեցնել վարակի տարածումը, այլապես առողջապահական համակարգը պարզապես չի հասցնի նրա հետեւից, ուժասպառ կլինի, եւ ի վերջո կարող է փլուզվել, քանի որ բժիշկներն էլ երկաթից չեն, եւ ինչ-որ պահից կսկսեն շարքից դուրս գալ։ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, որն ի սկզբանե այլ, «փափուկ» մոտեցում ունեին համաճարակի կանխարգելմանը, վերջին մեկ շաբաթում գիտակցեցին այս իրողությունը, եւ եւս կտրուկ անցան կանխարգելման կոշտ միջոցների։

Այս իմաստով, Հայաստանի կառավարության որոշումը՝ արտակարգ դրություն հայտարարել, եւ անցնել համաճարակի կանխարգելման կոշտ միջոցների, ոչ միայն անհրաժեշտ էր, այլեւ առնվազն մեկ շաբաթ ուշացած, այդ ընթացքում արդեն երկրում հասցրեցին առաջանալ վարակի մի քանի օջախներ։ Որպեսզի կանխվի այդ օջախներից վարակի հետագա տարածումը, նրանք պետք է առնվազն մեկուսացվեն մնացած երկրից, իսկ քանի որ մինչեւ վերջ հայտնի չէ, թե այդ օջախներից վարակը ում հետ ուր է դուրս եկել, նաեւ ժամանակավոր անհրաժեշտ է խելամիտ ինքնամեկուսացում բոլորի համար, որպեսզի հնարավոր լինի այդ ընթացքում ի հայտ բերել եւ առանձնացնել բոլոր փաստացի վարակակիրներին, բուժել նրանց, եւ դրանով կանխել վարակի հետագա տարածումը։ Սա վիթխարի մարտահրավեր է մեր հասարակության համար, որը սովոր է ակտիվ սոցիալական կյանքի, շփումների, հյուր գնալու եւ ընդունելու, ուրախության եւ տխրության առիթները մեծ բազմությամբ նշելու, եւ ի վերջո, պարզապես հանրային տրանսպորտով երթեւեկելու։ Պատահական չէ, որ նոր իրողության գիտակցումը դանդաղ է գալիս, մարդիկ մինչեւ վերջ չեն գիտակցում վտանգի մասշտաբները, եւ հաճախ շարունակում եմ ապրել այնպես, կարծես այս վտանգը իրենց հաստատ շրջանցելու է։ 

Վտանգը, սակայն, կշրջանցի նրանց, ովքեր այն իրապես կգիտակցեն, եւ համապատասխանաբար կփոխեն իրենց կենսակերպը։ Հանրային բոլոր տեսակի միջոցառումները պետք է բացառել, մինչեւ համաճարակային վտանգը միարժեք անցնի։ Կառավարության որոշումը՝ առժամանակ կասեցնել ռեստորանների, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը՝ եւս արդարացված է։ Բոլոր այն ընկերությունները, որոնց աշխատակիցները կարող են իրենց աշխատանքը մասնակի իրականացնել տանից, պետք է ինքնուրույն անցնեն այդ ռեժիմի, եւ օգտվեն հեռակապի մատչելի եւ բավական էժան միջոցներից. մի քանի անգամ փորձարկելուց հետո կպարզվի, որ դա այդքան էլ բարդ չէ։ Այն ընկերությունները, որոնցում աշխատակիցների ներկայությունը սեփական տարածքներում պարտադիր է, պետք է անցնեն հիգիենայի խիստ միջոցների, դա լրիվ հնարավոր է՝ ի վերջո, մարդկանց կարելի է ռեսպիրատորային դիմակներ բաժանել, պարբերաբար ախտահանել տարածքները, աշխատել ձեռնոցներով, եւ այլն։ Այս ամենը անհարմար է, տհաճ է, լրացուցիչ ծախս է, բայց մահացու չէ, բազմաթիվ արտադրություններ վաղուց աշխատում են այսպիսի ռեժիմում։

Մեծ խնդիր է լինելու հանրային տրանսպորտից եւ խանութներից օգտվելը։ Ըստ հնարավորության, նրանց օգտագործումը պետք է նվազագույնի հասցնել, օգտվելու դեպքում մտնել միայն դիմակներով, մնացած մարդկանցից տարածություն պահպանել, օգտվելուց հետո ձեռքերը լվանալ։ Սա եւս տհաճ է, բայց կրկին մահացու չէ։ Փոխարենը, կարելի է ավելի շատ քայլել, անցնել հեծանիվների օգտագործման (Եվրոպայի շատ քաղաքներ վաղուց են դա արել), առժամանակ գնումներ կատարել ավելի հազվադեպ, եւ միայն իրապես անհրաժեշտ պարագաները։ Բարդ խնդիր է լինելու վարսավիրանոցներից, կոսմետիկ սրահներից, սպորտային ակումբներից օգտվելը՝ բայց ի վերջո, երկու ամիս այստեղ կարելի է դիմանալ, մինչ այդ կսկսեն լուծումներ առաջանալ, թե ինչպես ապահովել անվտանգությունը նաեւ այդ տարածքներում։

Էլ ավելի մեծ խնդիր է դառնալու այն, որ այս պայմաններում բազմաթիվ մարդիկ զրկվելու են իրենց աշխատանքից, ընկերությունները՝ իրենց եկամուտից։ Աշխարհի փորձը, սակայն ցույց է տալիս, որ պատերազմներից, դեպրեսիաներից եւ համաճարակներից հետո տնտեսական կյանքը արագ վերականգնվում է, ավելին, հաճախ նույնիսկ կուտակված պահանջարկի թռիչքաձեւ աճ է տեղի ունենում։ Այսօր կարեւոր է, որ ընկերությունները արագ վերակառուցեն իրենց աշխատանքը, եւ խուսափեն սնանկացումից, իսկ կառավարությունն էլ աջակցի այն մարդկանց, որոնք համաճարակի արդյունքում առանց աշխատանքի եւ գոյության միջոցների են մնում, ինչպես նաեւ համակարգաստեղծ այն ընկերություններին, որոնց աշխատանքը ոչ մի դեպքում չի կարելի կանգնացնել։ Սա անխուսափելիորեն բերելու է պետական պարտքի աճին, սակայն դա եւս մահացու չէ, դա տեղի է ունենալու ամբողջ աշխարհով մեկ, եւ ամբողջ աշխարհում էլ համաճարակից հետո կենտրոնական բանկերը հսկայական քանակությամբ միջոցներ են դնելու շրջանառության մեջ, փողը էժանանալու է, ուստի պետական պարտքի սպասարկումը անհաղթահարելի բեռ չի դառնա մեր երկրի համար, եթե մենք այսօր խուսափենք անշրջելի տնտեսական կորուստներից։

Այսօր, ավելի քան երբեւէ, կրիտիկական է դառնում նաեւ հասարակական համերաշխությունը, օրինապահությունը եւ փոխօգնությունը։ Մեր հասարակությունը, որն արդեն երկու տարի ապրում է հետհեղափոխական ցնցումների պայմաններում, այսօր բախվել է մի մարտահրավերի, որն իր մասշտաբներով, սրությամբ, եւ հնարավոր հետեւանքներով գերազանցում է բոլոր այն խնդիրները, որոնց մենք առնչվել ենք անցած տասնամյակի ընթացքում։ Այս աննախադեպ մարտահրավերին դիմագրավելը հնարավոր է միայն հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբման, հասարակության ներսում երկխոսության մշակույթի վերականգման, պետության բոլոր օղակներում կարգապահության բարձրացման, օրենքի եւ օրինականության անվերապահ գերակայության պայմաններում։ Մենք այսօր նաեւ պետք է ավելի հոգատար դառնանք իրար նկատմամբ, կրկնակի հոգատար՝ մեր մեծերի նկատմամբ, որոնցից շատերը ապրում են ամենօրյա սարսափի մեջ, եւ մեր էներգիան ուղղենք իրար օգնելուն եւ օժանդակելուն։ Մենք բոլորս այսօր մի նավի վրա ենք, որը մեր կամքից անկախ, հայտնվել է փոթորկահույզ օվկիանոսում, եւ միայն միասին ու ճիշտ ուղղությամբ թիավարելու դեպքում ի վերջո կհասնենք մեր սպասած անվտանգ հանգրվանին։

Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին