Առցանց ուսուցում՝ երբ պարտադրանքը վերածվում է բացահայտման - Mediamax.am

Առցանց ուսուցում՝ երբ պարտադրանքը վերածվում է բացահայտման
6846 դիտում

Առցանց ուսուցում՝ երբ պարտադրանքը վերածվում է բացահայտման


Իրավիճակի թելադրմամբ «Այբ» դպրոցը անցավ առցանց հեռավար ուսուցման։ Այն ուսուցիչները, որոնք հիշում են 2011 թվականի դպրոցի մեկնարկի առաջին օրերը, այսօր զուգահեռներ են տանում։ Այն ժամանակ էլ կար անսպառ ոգեւորություն, խանդավառություն եւ մեծ անորոշություն։ Դրա հետ մեկտեղ կար դպրոցը կայացնելու վճռականություն՝ կիրառելով նորովի մոտեցումներ, սովորելով ընթացս եւ հաղթահարելով առաջացող խնդիրները։ Այն ժամանակ ստացվեց, եւ մենք համոզված ենք, որ այս անգամ եւս կստացվի։ Հասկանալի է, որ իրավիճակը վաղ թե ուշ կկարգավորվի, սակայն «Այբ» դպրոցը այլեւս նախկինի նման չի լինելու։ Փոխվելու է ոչ միայն «Այբ»-ը, փոխվելու է ամբողջ աշխարհը, եւ դրա հետ՝ կրթությունը։

Ես այս սյունակը գրում եմ հապճեպ, քանի որ ժամանակը քիչ է, իսկ զարգացումները՝ սրընթաց։ Շատ գործ կա անելու, սակայն այդ աշխատանքը ոգեւորիչ է եւ առատ պտուղներ է բերում։

Համարյա ամեն երեկո, դասերից հետո, մենք ուսուցիչներով հավաքվում ենք վիրտուալ քննարկումների, եւ դրանց մեծ մասը հաջողության պատմություններ են։ Ուսուցիչները հիացած պատմում են, թե որքան ավելի արդյունավետ են անցնում դասերը, որքան ավելի են ներգրավված աշակերտները, որքան ավելի հեշտ է արձագանքել բացթողումներին եւ աջակցել սաներին։ Կան դժվարություններ՝ եւ տեխնիկական բնույթի, եւ կազմակերպչական, եւ մանկավարժական։ Բայց դժվարությունները ստիպում են փնտրել լուծումներ, եւ դրանք գտնվում են։

Հետաքրքիր է, որ նույն աշակերտները, որոնք դասերի ժամանակ վարքային խնդիրներ ունեին, այժմ բացարձակապես այլ կերպ են իրենց դրսեւորում։ Աճել է նրանց գիտակցությունը, խանգարելու փոխարեն ձգտում են աջակցել ե՛ւ ուսուցչին,ե՛ւ դասընկերներին։

Դասի նորովի կազմակերպումը թելադրում է այլ գործիքակազմ։ Կարիք կա օգտագործելու խաղային միջոցներ, որոնք հասանելի են համացանցում։ Աշակերտներին դրանք հետաքրքիր են, ինչի շնորհիվ աճում է կրթական մոտիվացիան։ Կտրուկ աճել է միջառարկայական փորձի փոխանակումը ուսուցիչների միջեւ եւ ծնողների ներգրավվածությունը երեխաների կրթության մեջ։ Ըստ հետազոտությունների, այդ երկու գործոնները շատ մեծ ազդեցություն ունեն  աշակերտների առաջադիմության վրա, եւ դա ապացուցվում է ընդամենը մի քանի օրվա փորձի արդյունքում։

Երկու տարի առաջ մենք մասնակցում էինք միջդպրոցական առցանց ուսուցման փորձերին, սակայն դրանք կրկնում էին սովորական մոտեցումները՝ աշակերտները հավաքված էին դասարանում, իսկ ուսուցիչը փորձում էր իրենց դասավանդել հեռվից, տեսախցիկի միջոցով։ Դա չաշխատեց եւ չէր կարող աշխատել՝ հնարավոր չէ մեքենան դարձնել օդանավ՝ վրան թեւեր ամրացնելով։ Այս անգամ մենք պարտադրված ենք այլ ձեւաչափ կիրառել, եւ զարմանալիորեն այն շատ ավելի արդյունավետ է։

Առցանց ուսուցումը, երբ աշակերտները գտնվում են ուսուցչի հետ անմիջական կապի մեջ, դառնում է անհատական եւ խմբային մոտեցումների համադրման շատ արդյունավետ տարբերակ, երբ ուսուցիչը միանգամայն հասանելի է ամեն աշակերտի համար եւ միաժամանակ աշխատում է բոլորի հետ։ Տարբերակված ուսուցումը ձեռք է բերում տեխնոլոգիական հենք, դառնում է բնական եւ արդյունավետ, առանց զգալի հավելյալ միջոցների եւ ռեսուրսների կիրառման։ Կատարելով առաջադրանքը, աշակերտը կարող է ավարտել դասն ավելի շուտ եւ հանգիստ գնալ թեյ խմելու։ Դասի ժամանակ արդյունավետ աշխատանքը ազատում է իրեն «տնային» կատարելուց։ Իսկ դասերի միջեւ ուսուցչի կողմից տրված առաջադրանքը հիմնականում միտված է ամփոփելուն եւ հաջորդ դասին պատրաստվելուն։

Նախկինում մենք համարում էինք, որ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ են նախապես մշակված առցանց ռեսուրսների զգալի պաշարներ։ Այժմ այդ պատկերացումները փոխվեցին՝ աշակերտներին ոչ թե ռեսուրսներ են պետք, այլ անհատականացված աշխատանքային տարածք եւ արդյունավետ կապ ուսուցչի հետ։  Համացանցում հասանելի առկա միջոցները բավարար են, իսկ ուսուցիչները, որոշ ջանք գործադրելով, ի վիճակի են կարճ ժամկետներում անհրաժեշտ ռեսուրսներ ստեղծել եւ միանգամից փորձարկել։ Որքան դրանք բազմանան, այնքան ապագայում ավելի քիչ ջանք կպահանջվի ուսուցչից հեռավար ուսուցումը կազմակերպելու համար։

Մենք այժմ անչափ շահագրգռված ենք, որպեսզի հնարավորինս շատ դպրոցներ եւ ուսուցիչներ անցնեն հեռավար ուսուցման, ինչը հնարավորություն կստեղծի արագ ձեւավորել գործիքների ընդհանուր պաշար եւ ընդհանրացված փորձ, ձեւավորել ուսուցչական համագործակցության նոր եւ աննախադեպ մակարդակ։ Եթե ամեն բան ստացվի, երկրում կունենանք նոր կրթական մշակույթ։ Մենք պատրաստակամ ենք ամեն կերպ աջակցել կրթության ղեկավարների եւ պետական կառույցների ջանքերին, որոնք ուղղված են հեռավար ուսուցումը կայացնելուն։

Երբ կյանքը վերադառնա սովորական հուն, եւ աշակերտները նորից կարողանան գալ դպրոց, իրենց կրթությունը նախկինի նման չի լինի։ Ես չեմ պատկերացնում, որ մենք կշարունակենք իրենց հավաքել դասարաններում եւ դասավանդել սովորական մոտեցմամբ։ Ես արդեն տեսնում եմ այլ իրականություն, երբ աշակերտները, գտնվելով իրենց համար հարմար վայրում՝ դպրոցի տարածքում, տանը կամ անգամ քաղաքում, կմիանան կրթական գործընթացին տարբեր ձեւաչափերով, եւ, օգտագործելով այս օրերին ձեռք բերած հմտությունները, կլինեն էլ ավելի արդյունավետ, նպատակասլաց եւ պատասխանատու։ Միգուցե դա սկզբում կլինի մի քանի դպրոցներում, սակայն գնալով կդառնա սովորական երեւույթ եւ կփոխի հանրակրթության դեմքը։ Այս մոտեցումները թույլ կտան նորովի լուծել կուտակված խնդիրները, ինչպիսին են փոքր համայնքներում որակյալ կրթության կազմակերպումը, արդյունավետ բուհական կրթությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը։

Մենք թեւակոխում ենք նոր կրթական իրականություն, որը վերջապես գտել է 21-րդ դարի կրթության բանալին։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին