Թրամփի մերձավորարեւելյան պլանը. դասեր Հայաստանի համար - Mediamax.am

Թրամփի մերձավորարեւելյան պլանը. դասեր Հայաստանի համար
2191 դիտում

Թրամփի մերձավորարեւելյան պլանը. դասեր Հայաստանի համար


2020 թ. հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված իր խաղաղության ծրագիրը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով իր անվերապահ աջակցությունը հայտնեց ծրագրին։ Ամերիկյան վարչակազմը Վաշինգտոն էր հրավիրել նաեւ Իսրայելի ընդդիմության առաջնորդ գեներալ Բեննի Գանցին։ Վերջինս նույնպես հայտարարել է ծրագրին աջակցելու իր պատրաստականության մասին։ Այսպիսով, անկախ Իսրայելում 2020 թ. մարտի 2-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներից, նոր ձեւավորվելիք կառավարությունը հանես կգա այս ծրագրի պաշտպանությամբ։

 

1967 թ. «Վեցօրյա պատերազմից» հետո արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՄԱԿ-ը, ընդունել են բազմաթիվ բանաձեւեր, մշակվել եւ կողմերին են ներկայացվել խաղաղության ամենատարբեր ծրագրեր։ Սառը պատերազմի ավարտից հետո այս հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ հիմնականում զբաղվում է ԱՄՆ-ը։ Վերջին ավելի քան հիսուն տարիների ընթացքում ներկայացված տարբեր առաջարկներ ունեին մեկ ընդհանուր տարր. դրանք բոլորն էին ենթադրում էին վերադարձ մինչ 1967 թ. սահմաններ, եւ Արեւմտյան Ափի ու Արեւելյան Երուսաղեմի ընդգրկում ապագա պաղեստինյան պետության կազմում։ Միեւնույն ժամանակ, 1967 թ. պատերազմի ավարտից անմիջապես հետո Իսրայելը ձեռնամուխ եղավ Արեւմտյան Ափում հրեաների ինտենսիվ բնակեցման քաղաքականությանը, ընդ որում դրան չէր խոչընդոտում նույնիսկ այդ տարածքում մոտ երկու միլիոն արաբների առկայության փաստը։ Արդեն 2000 - ականների սկզբին հրեա բազմաթիվ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հակամարտությամբ զբաղվող հեղինակավոր մի շարք փորձագետներ նշում էին, որ ցանկացած կարգավորում պետք է հաշվի նստի արդեն շուրջ երկու սերունդ Արեւմտյան Ափում բնակվող հարյուր հազարավոր հրեաների առկայության հետ։ Նրանց հնարավոր չէ ստիպողաբար ներառել ստեղծվելիք պաղեստինյան պետության կազմում, ոչ էլ պարտադրել հեռանալ իրենց բնակավայրերից։ 

 

Արեւմտյան Ափից եւ Սիրիայից գրավված Գոլանի բարձունքներից չհեռանալու՝ Իսրայելի կողմից բերվող առավել կարեւոր փաստարկներից մեկը անվտանգությունն է։ Ցեղասպանության ենթարկված հրեա ժողովրդի համար ֆիզիկական անվտանգության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է, ինչն արտացոլված է «Այլեւս երբեք» կարգախոսում։ Իսրայել պետության եւ համաշխարհային հրեության հիմնական ներուժը կենտրոնացվել է մարտունակ բանակի ստեղծման վրա, որը կբացառեր Իսրայելի հետ ռազմական շանտաժի լեզվով խոսելու ցանկացած հնարավորություն։ Իսրայելի վստահություն հաղորդող երրորդ կարեւոր գործոնը գլոբալ հեգեմոն ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի առկայությունն է։

 

Նախագահ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը հաշվի է առնում այս իրողությունները։ Այն նախատեսում է Իսրայելի պետության մաս հռչակել Արեւմտյան Ափի հրեական բնակավայրերը, որտեղ հրեաների թիվն արդեն անցնում է չորս հարյուր հազարից։ Անկախ այս ծրագրի իրականացման հետագա ընթացքից, ակնհայտ է, որ այն էական ազդեցություն է ունենալու արաբա-իսրայելական հակամարտության վրա՝ ամենայն հավանականությամբ հիմք դառնալով Իսրայելի կողմից Արեւմտյան Ափի մի մասը հրեական պետության մաս հռչակելու համար։

 

Արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման ավելի քան յոթ տասնամյակ տեւող գործընթացը կարեւոր դասեր է պարունակում նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար։ 1994 թ. մինչ օրս շարունակվող արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկները պարունակել են Արցախի Հանրապետության տարածքների առնվազն մի մասի՝ Ադրբեջանին տրման պահանջ։ Ամենայն հավանականությամբ առաջիկայում ներկայացվելիք առաջարկները եւս կունենան նմանատիպ դրույթներ։ Մի քանի անգամ հակամարտության կողմերը բավականաչափ մոտ էին նման պայմաններով համաձայնության ստորագրմանը՝ 1997 թ. վերջին ներկայացված փուլային տարբերակ,  2001 թ. ապրիլի Քի Վեսթյան բանակցություններ, 2011 թ. հունիսի Կազանի գագաթնաժողով։

 

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ցանկացած խախտում գրեթե անհնար կդարձնի ապագա հնարավոր պատերազմում Արցախի անվտանգության ապահովումը։ Քսաներորդ դարի սկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի համար ֆիզիկական անվտանգությունն առաջնահերթ խնդիր է, եւ «Այլեւս երբեք» կարգախոսն ամբողջությամբ վերաբերում է նաեւ մեզ։

 

Այս առումով հարկ է ընդգծել, որ արաբա-իսրայելական հակամարտությունում հրեական պետության հաջողությունն ապահովող երեք խնդիրների՝ տարածքների վերաբնակեցում, զինված ուժերի մարտունակության ապահովում եւ ռազմավարական դաշնակցի առկայություն, լուծման առումով Հայաստանն ու Արցախն այս պահի դրությամբ փաստացի ձախողել են առաջին առաջադրանքի կատարումը։ Հայկական երկու պետությունները ոչ միայն չեն ապահովել ազատագրված տարածքների ինտենսիվ վերաբնակեցումը, այլ ընդհակառակը, վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանից հեռացել է շուրջ մեկ միլիոն մարդ։ Ընդ որում, ի տարբերությունը հրեաների, որոնք վերաբնակեցումն իրականացրել են այդ տարածքներում շուրջ երկու միլիոն արաբների առկայության պայմաններում, մենք այս առումով գտնվում ենք շատ ավելի նպաստավոր պայմաններում։

 

Հայաստանն ու Արցախը որոշակի հաջողություններ են արձանագրել երկրորդ խնդրում՝ մարտունակ բանակի ստեղծում, չնայած այս գործընթացը շարունակական է եւ ակնհայտ է, որ դեռեւս կան լուծման կարոտ խնդիրներ։ Ինչ վերաբերում է երրորդ գործոնին, ապա ՀՀ-ն ռազմավարական դաշինք ունի տարածաշրջանում առավել ազդեցիկ տերության՝ Ռուսաստանի հետ։ Սակայն հայ-ռուսական հարաբերությունները էականորեն տարբերվում են ԱՄՆ – Իսրայել հարաբերություններից։ Ռուսաստանը բավականաչափ ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները նաեւ Ադրբեջանի հետ եւ վերջինիս ժամանակակից սպառազինություն մատակարարող թիվ մեկ պետությունն է։ Մինչդեռ հասկանալի է, որ ԱՄՆ-ը երբեք միլիարդավոր դոլարների զենք չի վաճառի պաղեստինյան ինքնավարությանը։

 

Այնուամենայնիվ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքի եւ Նախագահ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի՝ հայկական պետությունների համար կարեւոր հիմնական ուղեձը հետեւյալն է.

 

Եթե չես ցանկանում տարածք կորցնել, ապա պետք է իրականացնել այդ տարածքների ինտենսիվ բնակեցման քաղաքականություն, անընդհատ բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ինչը հնարավոր է միայն կայուն զարգացող տնտեսություն ունենալու պարագայում, եւ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ներգրավված ազդեցիկ դերակատարների հետ դաշնակցային, կամ առնվազն գործընկերային հարաբերություններ ունենալու ուղղությամբ։ Ընդ որում, այդ նպատակներին պետք է ուղղվեն ոչ միայն հայկական երկու պետությունների, այլեւ ողջ հայության ռեսուրսները, ինչն իր հերթին պահանջում է համապատասխան մեխանիզմների ձեւավորում։ Իսրայելի փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրների լուծումը բարդ է, բայց ոչ անհնար։ Միեւնույն ժամանակ, դրանց լուծման բացակայությունը վաղ թե ուշ հանգեցնելու է ողբերգական հետեւանքների, որոնց համար մենք պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ։          

 

Բենիամին Պողոսյանը Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին