Քաղաքացիներ եւ սպառողներ - Mediamax.am

Քաղաքացիներ եւ սպառողներ
5452 դիտում

Քաղաքացիներ եւ սպառողներ


Հաճախ ենք խոսում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտության մասին: Ու նույնքան հաճախ չենք հասկանում, թե ի՞նչ է այդ քաղաքացիական հասարակությունը: Շատերն այն ընկալում են որպես մի բան, որը գտնվում է սոսկ հասարակական կազմակերպությունների գործունեության տիրույթում եւ վերաբերում է հիմնականում քաղաքական խնդիրներին` արդար ընտրություններ, ժողովրդավարության խորացում եւ այլն: Դեմ չեմ, դա էլ է պետք: Սակայն եթե քաղաքացիական հասարակությունը ընկալում ենք միայն այս լույսի ներքո, ապա խեղաթյուրում ենք դրա հիմնական գաղափարը:

Քաղաքացիական հասարակությունն այն է, երբ պետության եթե ոչ բոլոր քաղաքացիները, ապա դրանց մի զգալի մասը, անկախ իշխանություններից, ընդդիմությունից, եկեղեցուց, մտավորականությունից գոհ կամ դժգոհ լինելու աստիճանից, անում է մեծ կամ փոքր քայլեր`ուղղված կոնկրետ խնդիրների լուծմանը:

Այս սյունակը գրելու առիթը Սանահինի վանքի աղետալի վիճակն է եւ այն աղմուկը, որը բարձրացավ այդ խնդրի շուրջ վերջին օրերին: Հասարակական նախաձեռնությունը, հուշարձանագետները, Հայ Առաքելական եկեղեցին արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց ի վերջո ամեն բան իջավ անվայել արտահայտությունների, մեղադրանքների եւ վիրավորանքների մակարդակի: Եվ, ինչպես հաճախ է պատահում, շատերը մոռացան սկզբնախնդրի մասին (Սանահինի վանքի փրկությունը) եւ գտան ավելի «զվարճալի» զբաղմունք` Facebook-ում քվեարկություն բացեցին եւ սկսեցին պահանջել Գարեգին Բ-ի հրաժարականը: Եվ արդեն հազարից ավել այցելուներ կողմ են արտահայտվել եկեղեցու առաջնորդի հրաժարականին: Նման նախաձեռնությունը կարելի է դատապարտել, ողջունել կամ պարզապես անտարբերության մատնել: Ինձ համար կարեւորը դա չէ: Կարեւորն այն է, թե որն է այդ հերթական «մենք դեմ ենք» նախաձեռնության իմաստը եւ օգտակար գործողության գործակիցը: Ենթադրենք, 10 հազար մարդ դրեց իր վիրտուալ ստորագրությունը Գարեգին Բ-ի հրաժարականի մասին պահանջի տակ. ի՞նչ է, դրանից Սանահինի վանքի գմբեթին աճող թփերը կվերանան, թե՞ վանքի կտուրը կվերանորոգվի մոգական փայտիկի օգնությամբ: Ոչ մի բան էլ չի լինի. Գարեգին Բ-ն կշարունակի մնալ Ամենայն Հայոց Հայրապետ, իսկ Սանահինի վանքը կշարունակի մոտենալ անդունդի եզրին:

Կոնկրետ առաջարկ ունեմ Սանահինի փրկությամբ մտահոգված խմբի նախաձեռնողներին (անկեղծորեն հավատում եմ, որ հենց վանքի փրկությունն է իրենց նպատակը): Առաջարկեք բոլոր նրանց, ովքեր քվեարկել են Գարեգին Բ-ի հրաժարականի օգտին, 1000-ական դրամ նվիրաբերել Սանահինի փրկության համար: Եթե հազար մարդ նվիրաբերի 1000-ական դրամ, կունենաք մեկ միլիոն դրամ գումար: Կարող եք փորձել նաեւ ավելի շատ հավաքել` ասելով, որ նվազագույն նվիրատվությունը 1000 դրամ է, իսկ առավելագույնը` որքան կամենաք: Այդպես կարող եք հավաքել մի քանի միլիոն դրամ: Ու դրանից հետո դիմեք Վեհափառին ու ասեք. մենք հավաքել ենք այսքան գումար, թող եկեղեցին հատկացնի նույնքանը: Ու եթե Գարեգին Բ-ն հրաժարվի, այդ ժամանակ կարող եք մեղադրել նրան:

Հետո գնացեք վարչապետի մոտ ու ասեք. մենք հավաքել ենք այսքան, նույնքան էլ տվել է եկեղեցին, թող նույնքան էլ հատկացնի կառավարությունը: Այդ հավաքված գումարով, իհարկե, Սանահինի խնդիրը չի լուծվի, բայց հաստատ հնարավոր կլինի որոշակի քայլեր ձեռնարկել, օրինակ` մասնակիորեն վերանորոգել գմբեթը եւ դադարեցնել անձրեւաջրերի ներհոսքը: Ու եթե նախաձեռնության հեղինակները լսեն խորհուրդս ու սկսեն դրամահավաք, ապա Մեդիամաքսը պատրաստ է նվիրաբերել 50 000 դրամ:

Եթե նպատակը իսկապես Սանահինի փրկությունն է, ապա պետք է հասնել այդ նպատակին բոլոր հնարավոր եղանակներով: Կաթողիկոսները, նախագահներն ու վարչապետները գալիս եւ գնում են, իսկ Սանահինը պետք է մնա միշտ. եթե մենք իրոք դա ուզում ենք եւ ոչ թե պարզապես կուրծք են ծեծում վիրտուալ աշխարհներում:

Բոլորովին վերջերս ընկերներիցս մեկը ինձ ուղարկեց մի հղում` ամերիկացի հայտնի քաղաքական փիլիսոփա, Հարվարդի համալսարանի «Արդարություն» հատուկ դասընթացի հեղինակ Մայքլ Սանդելի դասախոսությունն էր` վերնագրված «Քաղաքացինե՞ր, թե՞ սպառողներ»: Կարծում եմ, որ եթե ուզում ենք փրկել Սանահինը, բայց սահմանափակվում ենք Գարեգին Բ-ի հրաժարականի անհեթեթ պահանջով, ապա սպառող ենք: Իսկ եթե փորձում ենք իրոք փրկել վանքը, ապա քաղաքացի ենք: Ընտրությունը մերն է…

Ում հետաքրքիր է, կարող է Մայքլ Սանդելի դասախոսությունը դիտել այս հղումով. http://www.justiceharvard.org/2010/10/citizens-or-consumers/:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին