Մարդու դուստրը, ում մարմինը մենք հոշոտեցինք - Mediamax.am

Մարդու դուստրը, ում մարմինը մենք հոշոտեցինք
6335 դիտում

Մարդու դուստրը, ում մարմինը մենք հոշոտեցինք


Հանուն Հոր եւ Որդւոյ եւ Հոգւույն Սրբոյ…

 

Մեր երկրում Սուրբ ծնունդ է: Մեզ եւ Ձեզ մեծ ավետիս: Մեր երկրում Սուրբ մանուկի ծննդյան օրը երեխա է սպանվել՝ մարդու դուստրը: Երեխա, որ ծնվել էր Փրկչի ծննդյան օրը:

 

Մեր երկրում երեխա է մահացել: Ոչ մեր երեխան: Ուրեմն՝ կարելի է «սգալ չափավոր», պահպանել «քննադատական միտքը», «հետեւություններ» անել:

 

Մեր երկրում երեխա է մահացել: Ոչ մեր երեխան: Ուրեմն՝ կարելի է նկարել բոբիկ ոտքերը, անշունչ մարմինը, գրել նրա մերկության մասին: Քննարկել վարձով ապրելու փաստը, կասկածի տակ դնել բարոյականությունը ու խոսել, խոսել, խոսել… որ սիրտն ավելի ճաքի այն կնոջ, ում երեխան մահացել է: Մերը չէ:

 

Մենք՝ քրիստոնյաներս, Աստծո անուն տալով, քննարկում ենք ուրիշի երեխայի մահը: Նրան վերագրում բաներ, որ երբեք չի արել, հայհոյում, բամբասում, խոսում մեղքերից ու դատաստանից, որովհետեւ սխալ ենք հասկացել՝ «Ամեն մեղք եւ հայհոյություն կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյությունը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձյալում»-ը: Որովհետեւ դատում ենք սպանված երեխային՝ հույսներս դրած Աստծո գթությանը: Որովհետեւ կարծում ենք, որ Աստծո նկատմամբ մեր սերը չափվում է նրա անունը տալու քանակով: «Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: 

 

Այս երեխան, որ մերը չէր, ուրիշինն էր, որի սպանված մարմինը մենք հոշոտեցինք, ցույց տվեց ինքներս մեզ մեր հավատի ու խոնարհության իրական չափը, Աստծո նկատմամբ սիրո ու վախի այլասերված գիտակցությունը: Այս երեխան՝ իր բոբիկ, դալլուկ ոտքերով, ցույց տվեց որպես հասարակությունը մեր տկարությունը՝ ապրումակցելու, վերլուծելու, անգամ՝ լռելու, երբ անհրաժեշտ է: Ու որովհետեւ չեղավ գեթ մեկը, ով կբղավեր՝ «Oh, փակիր գունատ ոտքերդ» (Վալերի Բրյուսովի մոնոստիխը՝ նվիրված Հիսուս Քրիստոսին):

 

Հանուն Հոր եւ Որդւոյ եւ Հոգւույն Սրբոյ…

 

Մեր երկրում Սուրբ ծնունդ է: Մեզ եւ Ձեզ մեծ ավետիս:

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին