Քսան-քսանի առաջին օրերն են ու աշխարհի աղմուկը լցվել է ականջներս... Տրամպ ու Սոլեյմանի, էրդողանական զորք Լիբիայում, Իրան, Իրաքի պառլամենտ, ԱՄՆ-ի կոնգրես ու Նենսի Փելըսի, Բաղդադի օդանավակայան, պատերազմի սպառնալիք, տագնապներ, ամենինչգիտեմական տեսակետներ Հայաստանում, հրդեհներ Ավստրալիայում... մոլորակը հիվանդ է... հիվանդացած Սեւանի պատկերներն են թարմանում... արդյո՞ք մնացին անցյալում, թե՞ դեռեւս կենսունակ կլինեն... աղմուկը շատ է... անիմաստությունները նույնպես... սոցմեդիայի իրենց հարթակում Պլովդիվի հայ մանուկները երգում են` Jingle bells, jingle bells - զանգակներ, զանգակներ, սիրուն զանգակներ... այ, սա ուրիշ... գրեթե միաժամանակ, ոչ-հեռու հարեւանությամբ գործող եկեղեցու զանգերն են հնչում, որ արդեն ժամանակն է, գնալ է պետք ու ներկա լինել սուրբծննդյան պատարագին, ունկնդիր` երկնային ուղերձների կոմիտասյան նոտագրումին, ներքուստ հաղորդվել խաղաղության տրամադրող անտեսանելի-անիմանալի-անբացատրելի կենսահոսքերին հայոց այսօրվա հավատի տանը ինքդ քեզ հետ մնալով` թեկուզեւ առժամ խաղաղվել, խաղաղվել հավատով, որ քո մեկ առանձին վերցրած խաղաղությունն ավելացնում է աշխարհի խաղաղությունը... խաղաղություն աշխարհին... ամենեցուն խաղաղություն...
Աշխարհին խաղաղություն... ամանորյա մաղթանքներից մեկը, որ պատեհ առիթներով տատ/պապերիցս եմ լսել... աշխարհին խաղաղություն, ասում էին ու շարունակում... Նրանք չկան, նրանք արդեն հարյուր տարեկան են կամ մի քիչ ավելի, բայց նրանց մաղթանքն ապրում է... ու այսօր, Նոր տարուն, չգիտեմ, բայց գուցե եւ գիտեմ, թե ինչու` մտածում եմ, որ նրանք էլ նույն մաղթանքը երեւի թե իրենց ծնողներից ու տատ-պապից են լսել... նրանց նախնիքն էլ այսօր հարյուրհիսուն տարեկան են կամ ավելի մեծ տարիքի... այսինքն` ծնվել ու մեծ մասով ապրել են 19-րդ դարում, երբ Ռուսաստանյան կասրության բնակիչներ որպես, ռուսահպատակներ որպես, կայսրությանը զինապարտ որպես կամ պիտի զորակոչվեին, կամ զինվոր պիտի տային այն տերությանը, որը մասնակցում էր աշխարհի գործերին... այսպես Մաճկալանց/Մաչկալով Դավիթը «զորյանակերտ» Կաղնուտ գյուղից պատերազմ գնաց... տարան, որպեսզի մասնակից լինի աշխարհի գործերին խառնված կայսրության կռվին... Դավիթը գնաց ու նրա նանը, բազում նանիներ, անիծեցին պատերազմը... խաղաղություն չկար ու աշխարհի գործերին զինվոր տալով մասնակցում էր նաեւ խուլ, քարտեզի վրա տեղ չգտած Կաղնուտ գյուղակը` իր Մաճկալանց Դավիթով, Անդարդ Սեթոյով, Ծիրանանց Արշոյով, մյուսներով... հայոց աշխարհի բոլոր գյուղերն ու շեները, խուլ, թե ոչ այնքան, ունեցել իրենց դավիթներին ու սեթոներին, արշոներին ու պատերազմն անիծող մայրերին... որոնք մաղթանքը` աշխարհին խաղաղություն, որպես աղոթք են արտաբերել... խաղաղ աշխարհում Մաճկալանց Դավիթին ու մյուս դավիթներին կանցիլար չէին կանչի, որ սալդաթ տանեն, աշխարհի հետ հաշտ նրանք` իրենց արտերում հունձք էին անում, կալ էին կալսում, արարում էին` հացն իրենց`արդար... շինականներ` քաղաքի անցուդարձին ականջ պահած, գրից ու գազեթից լուրի սպասող, աշխարհի գործերից հեռու...
Աշխարհին խաղաղություն... ասում էին նախնիքս, գուցեեւ որպես իրենց նախնիքից լսած մաղթանք, որպես սերունդների կենսափորձով ձեւակերպված իմաստություն ու շարունակում... առողջ լինեք, անշառ ու անփորձանք... եթե խաղաղություն է աշխարհում ու դա բոլորի խաղաղությունն է, ապա այդ աշխարհում բարությունն առատ է, այդ աշխարհում նաեւ առողջ լինելը, անփորձանք լինելն արդեն անհատականացող պարգեւ է յուրաքանչուրին, ներքուստ անտագնապ, անհատական խաղաղությամբ ապրելը` Աստծո օրհնության ֆիզիկական առարկայացումը... իսկ դա ամենեցու խաղաղությունն է... ուրեմն եղիցի, եղիցի խաղաղություն ամենեցուն... ու երբ խաղաղ է աշխարհում, խաղաղ է երկրիդ սահմաններին, խաղաղ է երկրիդ ներսում, երբ դու ու այս աշխարհում քեզ համար կարեւոր մարդիկ առողջ են ու փորձանքներից հեռու, անտագնապություն է արարվում ներսումդ, խաղաղությունը ոչ միայն շուրջդ, այլեւ ներսումդ է ապրում... որովհետեւ այդպես, երբ խաղաղ է աշխարհը եւ դու անտագնապ, գրեթե գոցվում են բացասականության դռները... ու... մարդը, մարդը մնում է էությամբ մեծավ մասամբ դրական հոգսերի կենսադաշտում`լուսավորված հնարավորությունների խոստումով...
կենսադաշտն իր ստվերով` ամենքին այնքան, որքան սահմանված է անարդարությամբ... բայց, դե... հիշում ենք պատգամը Թումանյանի` մենք ուխտ ունենք, միշտ դեպի լույս...
ուրեմն կենսադաշտն իր լույսով` ճանաչելու, գիտենալու, մտածելու, նախեւառաջ մտածելու, սովորելու, աշխատելու, ստեղծելու ու ստեղծագործելու, հաջողելու ջանքին ու մղումին զորակցությամբ... եւ... նաեւ հաջողություններ արարելու աստվածային լուսավոր օրհնությամբ, այն, ինչ մաղթում ենք միմյանց ոչ միայն Նոր տարուն, այլեւ բոլոր պատեհ առիթներով...
Նոր տարի է, այս մեկը` փրկչական քսան-քսանը...
Լցրեք բաժակները` վայելենք մաղթանքի իմաստուն օրհնությունը` աշխարհին խաղաղություն, խաղաղություն ամենեցուն...
Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: