Նպատակն ինքնին անկենդան տիեզերք է…
իսկ անմիջական արդյունքն այն անշունչ մարմինն է,
որն իր ետեւում է թողել առաջնորդող միտումը։
«Հոգու երեւութաբանություն», Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
«Ինչպես Բիթլզը ցնցեց Կրեմլինը» 2009 թվականին նկարահանված ֆիլմը ցուցադրեց արգելված երաժշտության մշակութային ազդեցությունն ամբողջ Արեւելյան Եվրոպայում (ԱրլԵ) եւ նախկին Սովետական Միությունում (ՆՍՄ) 1970-80-ականների ընթացքում։ Իսկ վաղ 90-ականներին Scorpions-ի «Փոփոխության քամի» բալլադն էր, որ սկսեց գրավել մարդկանց մտքերը։
Այդ «քամին» հուսալի ապագան էր, մղումը՝ ազգային անկախության եւ խոստումը՝ տնտեսական ծաղկման: Արդեն 1992 թվականին սոցիալիստական տնտեսական համակարգի լուծարումը քաոս առաջացրեց Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նորանկախ ազգային պետություններում:
Զարմանալիորեն ամենաբարդ տնտեսական պլանը ԱրլԵ-ի եւ ՆՍՄ-ի անցումն էր պլանային տնտեսությունից իդեալականացված ազատ շուկա: Մինչդեռ, չնայած ազգային քաղաքականության մեջ անկախության պարգեւին եւ վերջին շրջանում բացահայտ մեծ տնտեսական աճին, հետխորհրդային հասարակությունները դեռեւս պետք է հասնեն այդ բարեփոխումների վերջնական հանգրվանին:
1980-ականներին ԱրլԵ-ն եւ ՆՍՄ-ն միասին ներկայացնում էին համաշխարհային տնտեսության մինչեւ 15%-ը: Մինչդեռ արդեն 2016 թվականին նրանք ներկայացնում էին համաշխարհային տնտեսության միայն 6%-ը: Խմբի ամենամեծ երկրին` Ռուսաստանին, բաժին էր ընկնում միջինացված 3%-ը, իսկ մնացած հատվածը կազմում են ՆՍՄ-ի եւ ԱրլԵ-ի ավելի փոքր տնտեսությունները (համաձայն The Conference Board-ի Ամբողջական տնտեսության տվյալադարանի տվյալների):
Արեւելյան Եվրոպայի Երկրորդ աշխարհամարտի հետպատերազմյա հասարակությունները գրանցել են հսկայական արդյունաբերական աճ: Նրանց համեմատաբար թույլ վերահսկողության համակարգերը, առեւտրային կապերը Արեւմտյան Եվրոպայի հետ եւ կայուն մասնավոր գյուղատնտեսությունն առանձնանում էին ՆՍՄ-ի սոցիալիզմից: Վաղ 80-ականներին սոցիալիստական տնտեսական մոդելն արտադրողականության նվազմանը զուգընթաց սկսեց ցուցաբերել կառուցվածքային թուլության նշաններ` վատթարացնելով ԱրլԵ-ի կիսաբաց տնտեսությունների վիճակը: Թամաս Վոնյոն (2017) առաջարկում է նոր էմպիրիկ փաստեր` վստահեցնելով, որ այդ ժամանակահատվածում արդյունաբերական եւ տեխնոլոգիական առաջխաղացմանն ուղղված նվազող ներդրումները, անկախ ակտիվորեն սպառվող միջազգային ֆինանսական շուկաների, մեծապես նպաստեցին արտադրողականության անկմանը:
Վաղ 1990-ականներին քաղաքական հայտարարություններին հաջորդեցին առավել շոշափելի փոփոխությունները: Ի տարբերություն շուկայական բարգավաճման մեծ նպատակի` սոցիալական ծախսերը համեմատաբար փոքր էին (սոցիալիստական անցյալի ոգու մի տարօրինակ զուգահեռ): Սոցիալիստական ընդհանուր շուկայից (Տնտեսական փոխօգնության խորհուրդ) հսկայական կախվածությամբ ԱրլԵ-ի եւ ՆՍՄ-ի այս տնտեսություններն «անցման» ընթացքում կրեցին ամենամեծ մակրոտնտեսական եւ սոցիալական վնասները:
1990-ականների կեսերին կյանքի տեւողությունն ընկավ: Պետության տրամադրած տարրական առողջապահական ծառայությունների, կրթության եւ առկա սոցիալական աջակցության համակարգը փլուզվեց, երբ պետական ֆինանսավորմամբ գործող ձեռնարկությունների փակման արդյունքում գործազրկությունը կտրուկ բարձրացավ եւ երբ գերգնաճը որոշ ձեռնարկություններին ստիպեց մտնել առեւտրի մեջ: Եկամտի եւ բարեկեցության անհավասարությունը եւս աճեց: Իվան Բերենդը իր 2009 թվականի «Սովետական դաշինքից Եվրոպական Միություն» գրքում բարձրաձայնեց որոշ վերապահումներ այն մասով, որ պետք չէ շտապել հայտարարել («անցման») բացարձակ հաղթանակի մասին` հղում անելով բնակչության տեղահանությանը եւ ավելացող սոցիալական ճնշումներին, որոնք ակամա քողարկված են տնտեսական աճով` հաճախ միայն պայմանավորված ԵՄ-ի առաջարկի շղթայում ինտեգրմամբ:
Այն, ինչ առաջացավ նախկին սոցիալիստական համակարգի ավերակներից, հաճախ անվանում են «կապիտալիզմի տատանումներ»: Սարսափելի սեփականաշնորհման արձագանքները տարածաշրջանում ձեւավորեցին ժամանակակից ինստիտուցիոնալ կառույցները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ միայն մի քանի երկրներ են հասել 1989 թվականին գրանցած մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակը 2000 թվականի դրությամբ: Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների` եկամտի անհավասարությունը եւ սոցիալական բեւեռացումը դարձել են բավական ակնառու: Թափանցիկ կառավարման, կայուն սպառման, պոպուլիստական շարժումների աճի, արդարադատական բարեփոխումների անկայունությունների, Եվրոպական Միության ընդհանուր սկզբունքներից ԱրլԵ-ի շեղումների մասին եւ այլ հարցերը թվում են անհամաձայնության մեջ երեսուն տարի առաջվա փոփոխության մեղեդու հետ:
Ինչքան փոքր է երկիրը, այնքան մեծ է մարտահրավերը պահպանելու լայն տնտեսական ակտիվություն` գրավելու մրցակցային օտարերկրյա ուղղակի ներդրումներ, խուսափելու անբավարար զարգացումից եւ ապահովելու սոցիալական ներառումը, եւ այս ամենն առանց ընկնելու արտասահմանյան դրամական փոխանցումներից կամ պարտքի կուտակումից կախվածության մեջ: Սա ընդգծվում է նաեւ անցումային ծայրամասերի (այսպես են հայտնի փոքր տնտեսությունները գրականության մեջ) վերջին ուսումնասիրություններում:
Այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ հետսոցիալիստական հասարակությունները խորապես վերափոխվել են (տրասնֆորմացվել) թե՛ մշակութապես, թե՛ քաղաքականապես եւ թե՛ տնտեսապես եւ շարունակում են զարգանալ: Մինչդեռ այս տրասնֆորմացիան եւ դրա վերջնական արդյունքներն ուղղակիորեն կապված են սոցիալիստական դարաշրջանի ժառանգության եւ 1990-ականների բարեփոխումների փոթորկալից ձեւերի ուժգնության հետ:
Գուցե մակրոտնտեսական եւ հանրային քաղաքականության մի ավելի էվոլյուցիոն մոտեցում ավելի խելամիտ լիներ:
Երբեք չենք իմանա:
Այնուամենայնիվ, թե ինչպես են «անցումային տնտեսությունները» սովորում եւ մեկնաբանում այս բարդ հավաքական պատմությունը իրենց այժմեական համատեքստում, կնպաստի ձեւավորելու սեփական ապագան: Ահա, թե ինչու անցյալն օբյեկտիվորեն ընդունելու եւ ներկայում պրագմատիկորեն հավասարակշռություն փնտրելու կարիք կա:
Դոկտոր Ալեքսանդր Վ. Գեւորկյանը «Անցումային տնտեսություններ. տրանսֆորմացիան, զարգացումը եւ հասարակությունը Արեւելյան Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միությունում» գրքի հեղինակն է եւ Սբ. Ջոնի համալսարանի Փիթըր Ջ. Թոբինի Կառավարման քոլեջի Տնտեսագիտություն եւ ֆինանսներ բաժնի տնտեսագիտության Associate Professor:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: