Հասան պապի մեծ ձեռքերն ու ուղղահայաց կյանքը - Mediamax.am

Հասան պապի մեծ ձեռքերն ու ուղղահայաց կյանքը
2050 դիտում

Հասան պապի մեծ ձեռքերն ու ուղղահայաց կյանքը


Ես պապիս համարյա չեմ տեսել, միայն 8 ամիս: Բայց փոքր ժամանակ երազումս շատ հաճախ էի տեսնում: Տեսնում էի`տատիս հետ ունեցած երեւի միակ նկարի նման, հենց այդ տեսքով: Տեսնում էի, որովհետեւ երեւի դա միակ ձեւն էր մահը հաղթելու:

Պապս ընկեր ուներ` Հասանը: Կյանքումս տեսած ամենաբարձրահասակ ու ամենամեծ ձեռքերով մարդը: Մի ժամանակ հաճախ էր գալիս պապիս տուն: Տատս միշտ առանձնահատուկ էր ընդունում նրան` միշտ տաք ուտելիք ու մի բաժակ օղի: Հետո էլ ասում էր` «լավ Հասան, խմածդ շատ եղավ, վեր գնա»:

Հետո պիտի իմանայի, որ կինը կույր էր, վաղուց արդեն ինքն էր պահում կնոջը, ու տատս միշտ մտածում էր` ինքն իր համար տաք ճաշ չի պատրաստի, չի ուտի: Որդիները մոռացել էին Հասան պապի մասին, իսկ ես միշտ հիշում էի, որովհետեւ հաստատ գիտեի` աշխարհը տեղավորվում է Հասան պապի ձեռքերի մեջ:

Մի անգամ մայրս պատմեց` պապիս թաղմանը, երբ նեղ ճանապարհով անցնելն անհնար է եղել, Հասան պապը պապիս դագաղը դրել է ուսին ու մենակ տարել: Երեւի դրանից էր, որ համոզված էի` Հասան պապից ուժեղ մարդ չկա:

Հասան պապը լեզվական խնդիր ուներ, փոքր ժամանակ համարյա չէի հասկանում` ինչ էր ասում, բայց ուզում էի, որ խոսեր, անընդհատ խոսեր, որովհետեւ համոզված էի` քանի դեռ նա խոսում է, պապս կա:

Վերջին տարիներին Հասան պապն ուշ-ուշ էր գալիս, տարիքն այն չէր, բայց ամեն անգամ տատիս զանգը` Հասանն էր եկել, ոտքս պնդացնում էր այս հողի վրա. նշանակում էր` պապս դեռ կար:

Մի օր՝ աշխատանքի գալիս` գերեզմանների մոտ, տեսա Հասան պապին. բարձրահասակ ու էլի նույնքան մեծ ձեռքերով, որոնց մեջ աշխարհն էր տեղավորվում: Ես միշտ մտածել եմ, որ մահն ավելի անտանելի դառնում, եթե կյանքն ուղղահայաց է եղել: Սկսեցի լացել: Տաքսու վարորդը, որ հայելու միջից տեսավ դա, հանկարծ ասաց` «Մի լացի բալա: Հասանը կաղնու պես ա, արմատը պինդ»:

Երկու օր առաջ՝ ընտանեկան փոքրիկ ընթրիքի ժամանակ, մորաքույրս ասաց՝ «Հասան պապը մահացել է, մենք չենք իմացել»: Լռեցինք: Ու ես մտածեցի՝ տեսնես ինչպե՞ս են Հասան պապին տարել գերեզմանների նեղ արահետներով:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է: Ներկայում ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին