Ինչպես արդիականացնել մեր պետությունը - Mediamax.am

Ինչպես արդիականացնել մեր պետությունը
4487 դիտում

Ինչպես արդիականացնել մեր պետությունը


Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում խիստ արդիական է դարձել պետության ապագայի վերաբերյալ դիսկուրսը։ Մենք ժառանգել ենք մեր պետական կառույցը Խորհրդային միությունից, ու թեեւ անկախության տարիներին այն լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունվել, այնուհետեւ երկու անգամ արմատական վերանայվել է նոր Սահմանադրությունը, մեր պետությունը դեռեւս չի ընկալվում որպես մինչեւ վերջ կայացած, կայուն եւ արդյունավետ ազգային կառույց, դրա վկան հենց իշխանափոխության հախուռն (թեեւ ոչ բռնի) բնույթն էր, ինչպես նաեւ վերջին տարվա ընթացքում պետական կառույցում ընթացող բազմատեսակ (եւ հաճախ քաոտիկ) փոփոխությունները։ Մենք սակայն չունենք անվերջ ժամանակ՝ կայացնելու եւ կայունացնելու մեր ազգային պետությունը, եւ պետք է առաջնորդվենք հստակ տեսլականով ու դրանից բխող պրագմատիկ հայեցակարգով, այլապես կարող ենք ականատես լինել պետության շարունակական դեգրադացիային եւ կարողությունների հետագա անկմանը։ Մենք փորձել ենք ստորեւ ուրվագծել բազմաթիվ քննարկումների արդյունքում ձեւավորված մեր պատկերացումները ազգային պետության տեսլականի եւ նրա կայացման առանցքային ուղղությունների մասին՝ այն միտումով, որ առաջարկվող գաղափարները դառնան հանրային քննարկման առարկա, եւ դրանց հիման վրա ձեւավորվի պետական շինարարության գերակայությունների վերաբերյալ ավելի ընդհանրական հանրային մոտեցում։ 

 

Ազգային պետության տեսլականը 

 

Պետությունը հայ ազգի բարձրագույն հաստատությունն է եւ հայության լիարժեք ինքնարտահայտման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման գլխավոր երաշխավորը։ Հայկական պետությունը կոչված է առաջնորդելու հայության միասնական ազգային նպատակների ձեւակերպման գործընթացը եւ ազգային համաձայնության հիման վրա ապահովելու դրանց իրացումը։ Պետությունը հզոր է ազատ մտածող, առողջ, կրթված, ստեղծագործ, իր հայրենիքը, համայնքն ու ընտանիքը սիրող քաղաքացով։ Արդիական եւ արդյունավետ հայկական պետության կայացումը պահանջում է պետության եւ քաղաքացու համակողմանի շահերի խորքային ընդհանրության գիտակցում, երկուստեք պարտավորությունների ու իրավունքների անվերապահ փոխադարձ իրագործում եւ կողմերի ներդաշնակ գոյակցությունն ապահովող համարժեք միջավայրի ձեւավորում։  

 

Հայկական պետությունն իր գործառույթների պատշաճ կատարմամբ պետք է երաշխավորի հայության եւ հայկական հաստատությունների կայուն կենսագործունեության, զարգացման եւ առաջընթացի համար նպաստավոր պայմաններ, ներառյալ.

 

անվտանգություն՝ ներուժ առերեսվելու արտաքին եւ ներքին մարտահրավերներին,

 

արդարություն՝ իրավունքների համապարփակ պաշտպանության,

 

ազատություն՝ ապրելու եւ արարելու,

 

ապահովություն՝ արժանապատիվ կենսակերպ ունենալու,

 

հավասար հնարավորություններ՝ կրթվելու եւ մշտապես զարգանալու,

 

ազգային շահերի խթանում՝ աշխարհով մեկ ճանաչվելու եւ մրցակցելու։

 

Պետության դերակատարումը առանցքային է հետեւյալ համակարգերում` անվտանգային ու արտաքին քաղաքական, դատաիրավական ու հարկաֆինանսական, կրթական, սոցիալական ապահովման ու առողջապահական, եւ այն պետք է նպատակադրվի այդ համակարգերի համապատասխանեցմանը բարձրակարգության առավելագույն չափանիշներին։ Պետության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական կատարելագործման համար կարեւորվում է իշխանության տարբեր թեւերի միջեւ խելամիտ փոխզսպումների ու հակակշիռների գոյությունը եւ արժանիքի վրա հիմնված (մերիտոկրատական) սկզբունքների հետ զուգակցված մրցակցային ու հասուն ժողովրդավարական քաղաքական համակարգի ձեւավորումը։

 

Պետական շինարարության հիմնական ուղղությունները

 

Վերը նշվածի տրամաբանությամբ՝ առաջիկա տասնամյակում մեր նպատակն է լինելու ձեւավորել արդիական ազգային պետական կառավարման համակարգ, որը.

 

լավագույնս համատեղում է հասուն ժողովրդավարությունը եւ պետության ռազմավարական խորությունը՝ թույլ տալով պետությանը լիարժեք իրականացնել իր հիմնական գործառույթները, մասնավորապես նաեւ նրանք, որոնք դուրս են քաղաքական շրջափուլերից,

 

նախաձեռնող է եւ կոմպակտ, առանձնանում է բարձրակարգությամբ, բարձր արդյունավետությամբ, մերիտոկրատական մշակույթով եւ տեխնոլոգիական կատարելությամբ,

 

ներգրավում է բարձր որակավորմամբ, մրցունակ մասնագետներ եւ ապահովում պայմաններ նրանց արդյունավետ գործունեության եւ զարգացման համար,

 

հետեւողականորեն նվազեցնում է քաղաքական եւ վարչական կոռուպցիայի բոլոր հնարավորությունները, ապահովում հանրային միջոցների արդյունավետ կառավարում եւ բարձրորակ հանրային ծառայություններ,

 

ունի հանրության տարբեր հատվածների եւ տնտեսվարողների հետ երկխոսելու եւ գործակցելու բարձր մշակույթ, հարթակներ ու հաստատություններ,

 

հիմնված է իշխանության երեք ճյուղի միջեւ արդյունավետ փոխզսպման ու հակակշիռների վրա եւ բացառում իշխանության համակենտրոնացումը:

 

Պետական համակարգի առաջարկվող արդիականացման գործում հիմնական լուծումներն են՝ (ա) սահմանադրական բարեփոխումները, (բ) քաղաքական կուսակցությունների գործունեության եւ ընտրությունների թափանցիկության ապահովումը, (գ) պետական հաստատությունների կառուցվածքի ու գործառնությունների շարունակական կատարելագործումը, (դ) պետական ծառայողների պատշաճ մակարդակի վարձատրության ապահովումը եւ արդյունավետության կառավարումը, (ե) պետական գործառնությունների թափանցիկությունը եւ հանրային վերահսկողությունը, (զ) դատաիրավական համակարգի բարեփոխումները, (է) տեղական ինքնակառավարման ամրապնդումը, (ը) պետական կառավարման բնագավառում բարեխիղճ գործելակերպը քաջալերող արդյունավետ իրավական եւ կանոնակարգային դաշտի զարգացումը։ Այս լուծումները պետք է ներդրվեն համակարգված, հստակ ձեւակերպված փուլային հաջորդականությամբ՝ ամեն փուլում նպատակ ունենալով շոշափելի ու չափելի առաջընթաց արձանագրել պետության ինստիտուցիոնալ կայացման ոլորտում։

 

Սահմանադրական բարեփոխումներ

 

Հայաստանում գործող Սահմանադրությունում առկա են իշխանության կենտրոնացման եւ հակակշիռների անհամաչափության բազմաթիվ տարրեր։ Հետագա Սահմանադրական բարեփոխումները պետք է բացառեն կառավարման ձեւաչափի կտրուկ փոփոխությունները եւ նպատակ ունենան խելամիտ, հաշվարկված քայլերով նվազեցնել իշխանության համակենտրոնացումը, ուժեղացնել պետական հաստատությունների ինքնուրույնությունն ու հաշվետվողականությունը եւ նպաստել նրանց կարողությունների բարձրացմանը։ Մասնավորապես, Ազգային ժողովում Սահմանադրական մեծամասնության շեմը բարձրացնել պատգամավորների 3/5-2/3-ի, չեղարկել կայուն մեծամասնության մասին արհեստածին պահանջը, հավասարակշռել վարչապետի գերլիազորությունները՝ նախարարների, ուժային կառույցների ղեկավարների եւ դեսպանների նշանակումներն իրականացնելով միայն ԱԺ համապատասխան հանձնաժողովների համաձայնությամբ, Ազգային ժողովին էլ իրավունք տալով հետագայում անվստահություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին։ 

 

Քննչական մարմինները անհրաժեշտ է հանել Կառավարության կազմից՝ նրանց ղեկավարներին նշանակելու իրավասությունը տրամադրելով Ազգային ժողովին, հեղինակավոր իրավաբանների թվից՝ ապահովելու նրանց առավելագույն անկախությունը։ Ընդդիմության վերահսկողական լիազորությունները եւս ընդլայնել՝ երաշխավորված տեղեր տրամադրելով անկախ պետական մարմիններում, ներառյալ հակակոռուպցիոն եւ շուկան կարգավորող հանձնաժողովներում։ Ճգնաժամային իրավիճակներում զինված ուժերի քաղաքական չեզոքությունը եւ մարտունակությունը երաշխավորելու նպատակով նրանց գերագույն հրամանատարությունը վերաենթարկել երկրի նախագահին, ինչպես նաեւ վերադարձնել նախագահին ուղիղ օրենսդրական վետոյի իրավունքը։ Վերջապես, երկրի համար հիմնարար որոշումների ընդունմանը քաղաքացիների անմիջական մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է պարզեցնել համապետական հանրաքվեների անցկացման մեխանիզմները։

 

Ընտրական բարեփոխումներ

 

Խորհրդարանական կառավարման համակարգում առանցքային դեր են ստանձնում կուսակցությունները, եւ առանձնահատուկ կարեւորվում է նրանց միջեւ իրական մրցակցային քաղաքական միջավայր ապահովելու անհրաժեշտությունը։ Բարեփոխելով կուսակցությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը՝ հնարավորություն կստեղծվի չեղարկել գրանցված, բայց չգործող կուսակցությունները, սահմանափակել օտարերկրյա ֆինանսավորմամբ կառույցների ազատության աստիճանները՝ ներդնելու իրենց անդամներին քաղաքական ուժերում եւ հավակնելու ընտրովի ու նշանակովի քաղաքական պաշտոններին, վերահսկել առանձին կուսակցությունների կողմից ֆինանսական եւ վարչական միջոցների օգտագործումը, միաժամանակ համարժեք պետական աջակցություն երաշխավորել ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմն անցած կուսակցություններին։ 

 

Զուգահեռ, Ընտրական օրենսդրության բարեփոխման միջոցով անհրաժեշտ է անցնել միասնական համապետական ցուցակով լիարժեք համամասնական ընտրական համակարգի, բարձրացնել պատգամավորների թեկնածուների նկատմամբ տարիքային, կրթական եւ մասնագիտական շեմը, համահարթել ընտրարշավների ընթացքում ծախսվող միջոցները եւ հանրային հաղորդակցությունը, տեխնիկապես նվազագույնի հասցնել ընտրակեղծիքների հնարավորությունը, բարձրացնել ընտրակաշառքի համար պատասխանատվությունը՝ ներառյալ վերցնողի համար, եւ իջեցնել ԱԺ անցնելու ընտրական շեմը`խրախուսելու իրապես ներկայացուցչական եւ որակյալ Ազգային ժողով ձեւավորելու հնարավորությունը։

 

Ադմինիստրատիվ բարեփոխումներ 

 

Մեր պետական կառավարման համակարգը եւ ուժային կառույցները պետք է դառնան շատ ավելի ճկուն, արագաշարժ, արդյունավետ, պետականամետ եւ մարդակենտրոն։ Պետական կառավարման համակարգը պետք է դուրս բերվի կլանային ու հատվածական ազդեցություններից, դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր պետական կառույցները բարձրագույն իշխանությունից իրական ազդակներ ստանան՝ ծառայելու քաղաքացու եւ երկրի շահերին, այնտեղ աշխատող մասնագետները ստանան համարժեք վարձատրություն եւ մասնագիտական աճի հնարավորություններ, նշանակումները կատարվեն՝ ելնելով գործնական որակներից, եւ հնարավորինս նվազեցվի որոշումների ընդունման մեջ մարդկային գործոնը։ 

 

Պետական հաստատությունները իրենց արդյունավետությամբ պետք է չզիջեն լավագույն մասնավոր ընկերություններին, այս նպատակով նրանց ֆունկցիոնալ կառուցվածքը եւ թվակազմը պետք է շարունակաբար համապատասխանության բերվի հանրության կարիքներին, ռեսուրսները վերաբաշխվեն առավել պահանջարկված գործառնությունների վրա։ Պետական համակարգում պետք է վերացվի ֆունկցիաների կրկնօրինակումը, միավորվեն մոտ գործառույթներ իրականացնող կառույցները, նրանցից յուրաքանչյուրի գործունեության նպատակները հստակորեն սահմանվեն, եւ յուրաքանչյուր ադմինիստրատիվ գործառույթ հնարավորինս պարզեցվի, թվայնացվի եւ իրականացվի ռեսուրսների խելամիտ ծախսումով։ Պետական կառույցներում պետք է նաեւ համատարած ներդրվի առաջավոր կառավարման պրակտիկան, երբ բարդ խնդիրների լուծման համար ստեղծվում են միջֆունկցիոնալ եւ միջգերատեսչական խմբեր լայն լիազորություններով ու հստակ ընթացակարգերով, ակտիվորեն ներգրավվում են էքսպերտային ու խորհրդատվական ռեսուրսներ մասնավոր հատվածից տվյալ խնդրի առավել որակյալ եւ հնարավորինս արագ լուծումը մշակելու համար։  

 

Պետական ծառայողների նշանակումը պետք է լինի մրցակցային՝ հիմնված նրանց կիրառական մասնագիտական որակների վրա, նրանց ընդհանուր վարձատրությունը պետք է համապատասխանության բերվի շուկայական մակարդակին, իսկ գործունեության արդյունավետությունը պարբերաբար գնահատվի, եւ դրա հիման վրա ընդունվեն մասնագիտական առաջխաղացման մասին որոշումներ։  Պետական ծառայողների գնահատականը ֆորմալ գիտելիքների փոխարեն պետք է հիմնվի նրանց գործունեության իրական արդյունքի չափման վրա, այս նպատակով յուրաքանչյուր պետական ծառայող պետք է ստանա նաեւ հստակ պաշտոնական նկարագրություն, դրանց վրա հիմնված արդյունավետության չափորոշիչներ, որոնք իրենց հերթին բխում են իր ստորաբաժանման գործունեության չափորոշիչներից, եւ այդպես շարունակ մինչեւ Կառավարության ղեկավար։ Պետությունը պետք է մշտապես զբաղվի նաեւ պետական ծառայողների մասնագիտական զարգացմամբ եւ ձգտի այդ գործում առավելագույնս ներգրավել թե՛ միջազգային փորձը եւ թե՛ լավագույն տեղական կադրերը։ Այն պետական ծառայողներն էլ, որոնք ազատվում են կրճատումների կամ մասնագիտական անհամապատասխանության արդյունքում, պետք է դառնան պետական հոգածության առարկա, հնարավորություն ստանան վերապատրաստվելու եւ իրենց տեղը գտնելու մասնավոր հատվածում։   

 

Պետական գործառնությունների թափանցիկություն

 

Մեր երկրում ավանդաբար բարձր է եղել քաղաքական եւ վարչական կոռուպցիայի մակարդակը, եւ դա բերել է ծանր հետեւանքների։ Առաջիկա տարիներին պետությունը պետք է գործարկի հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն, որը պետք է միտված լինի այն ծնող պատճառների հետեւողական վերհանմանը եւ հակազդեցությանը։ Այս նպատակով պետության բոլոր գործառնությունները, որոնք ունեն կոռուպցիոն ռիսկեր, պետք է հստակ կանոնակարգվեն, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք այդ ռիսկերին առնչվում են, պետք է ունենան պետական մարմինների որոշումների բողոքարկման հստակ ու երաշխավորված ընթացակարգեր, մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում այդ նպատակով առանձին վարչական դատարանի ստեղծումը, որը մասնագիտանում է պետական կառույցների ու մասնավոր հատվածի միջեւ առաջացած խնդիրների քննման վրա եւ ունի բավարար թողունակություն փաստացի ծավալով առկա գործերի քննության համար։

Պետական ռեսուրսների ցանկացած օգտագործում՝ գնումներ, գույքի օտարում, լիցենզիաների եւ իրավունքների տրամադրում եւ այլն, այսուհետեւ պետք է իրականացվեն բաց մրցակցային հիմքի վրա, եթե այդպես չէ, ապա միայն հանրային քննարկման հիման վրա (բացառությամբ անվտանգությանն առնչվող հատուկ դեպքերի): Պետական պաշտոնյայի վրա ցանկացած ճնշում՝ կոնկրետ գործողություն իրականացնելու, պետք է լինի քրեորեն հետապնդելի, պետական պաշտոնյան պետք է առաջնորդվի իր գործողություններում միայն օրենքի պահանջներով։ Միեւնույն ժամանակ ադմինիստրատիվ կաթվածից խուսափելու նպատակով պետական պաշտոնյաների որոշումներ ընդունելու լիազորությունները պետք է ընդարձակվեն համապատասխան խելամիտ կանոնակարգման հիման վրա։ 

 

Դատաիրավական բարեփոխումներ

 

Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում առանձին մեծ խնդիր են՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները։ Հայաստանում ներկայում գործող համակարգը ֆորմալ տեսանկյունից ապահովում է դատավորների անկախությունը եւ հաշվետվողականությունը, սակայն իրականության մեջ դեռ հեռու է կատարյալից, քանի որ իր մեջ կրում է անցյալի մեծ իներցիա։ Դատական բարեփոխումները պետք է կենտրոնացնել մի քանի խնդրի լուծման վրա.

 

Ա) Դատավորների իրական անկախության ապահովում. այսօր դեռ դատավորի կամ նրա մերձավորների նկատմամբ ճնշումները հնարավորություն են տալիս ազդել դատավորների փաստացի անկախության վրա։ Այս ոլորտը պետք է ավելի խիստ կանոնակարգվի, դատավորների կամ նրանց անմիջական մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման շեմը պետք է բարձրացվի, այդ գործերը պետք է քննվեն առանձին դատարանում։ Նաեւ պետք է բարձրացվի դատավորների նշանակման որակական շեմը, դատավորներ պետք է նշանակվեն միայն այն իրավաբանները, որոնք ունեն բարձր մասնագիտական հեղինակություն եւ ճանաչում՝ հիմնված հստակ սահմանված չափորոշիչների վրա։ Վերջապես դատավորները պետք է երաշխավորված բարձր վարձատրություն ստանան, միեւնույն ժամանակ իրենց եւ իրենց մերձավորների գույքի ու գործարքների վերաբերյալ ամենամյա հստակ հաշվետվություն պետք է ներկայացնեն, եւ ցանկացած կասկածելի գործարք պետք է հիմք դառնա կարգապահական քննության համար։

 

Բ) Դատավորների անաչառություն եւ հաշվետվողականություն․ դատավորների ընդունած որոշումների նկատմամբ պետք է լինի հստակ մշտադիտարկում, այն դատավորները, որոնց ընդունված որոշումները առավել հաճախ են բեկանվել վերադաս ատյանների կողմից (ներառյալ ՄԻԵԴ-ի), պետք է ֆինանսական ու ադմինիստրատիվ պատասխանատվություն կրեն։ Անհրաժեշտ է նաեւ դիտարկել դատական կոլեգիայի ինստիտուտի ներդնումը Հայաստանում, մասնավորապես՝ առավել ծանր հանցագործությունների համար, երբ որոշումն ընդունում է մի քանի դատավորից բաղկացած մարմինը, ընդ որում՝ այդպիսի դեպքերում կարելի է դիտարկել սփյուռքահայ հեղինակավոր իրավաբանների մասնակցությունը՝ որպես այդպիսի կոլեգիայի հրավիրված անդամ։        

 

Գ) Դատական համակարգի թողունակության բարձրացում․ այսօր դատարանները խիստ ծանրաբեռնված են, դրանցում գործերը շատ երկար են քննվում, բազմաթիվ են գործի քննության ձգձգման հնարավորությունները։ Առաջիկայում, անհրաժեշտ է ավելացնել առաջին եւ երկրորդ ատյանի դատավորների թիվը, թվայնացնել գործերի ընդունման եւ բաշխման համակարգը, ստեղծել նախադեպերի թվային շտեմարաններ։ Հեռանկարում նաեւ պետք է խստացնել Վճռաբեկ դատարան գնացող գործերի կանոնակարգումը, պարզեցնել դատական գործերի քննության շղթան եւ պակասեցնել դրանց ձգձգման հնարավորությունները։   

 

Տեղական ինքնակառավարման բարեփոխումներ

 

Հայաստանում ավանդաբար տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն սահմանափակ լիազորություններ, միեւնույն ժամանակ դրանց գործունեության մեջ բազմաթիվ են կոռուպցիոն ռիսկերը, եւ հաճախ խնդրահարույց է վարչարարության որակը, դա բերում է խնդիրների կուտակման եւ համապետական մակարդակում կենտրոնացման։ Մեր նպատակն է լինելու առաջիկա տարիներին բարձրացնել տեղական ինքնակառավարման որակը եւ դրա միջոցով հասնել համայնքների կյանքի իրական բարելավման՝ կենտրոնանլով մի քանի խնդրի լուծման վրա.

 

Ա) Համայնքների իրավասությունների ընդլայնում՝ սեփական տարածքներում կրթամշակութային, սոցիալական, իրավակարգի պաշտպանության, հանրային գույքի կառավարման ոլորտներում, ընդհանուր պետական կարգավորման շրջանակում, 

 

Բ) Համայնքների բյուջետային հնարավորությունների ընդլայնում՝ գույքահարկի փաստացի բարձրացման եւ միասնական չափանիշների վրա հիմնված (օրինակ՝ բնակչության թվից) պետական սուբվենցիաների համակարգի ներդրման հաշվին. սա նաեւ հնարավորություն կտա օժանդակել համաչափ տարածքային զարգացմանը,

 

Գ) Համայնքների ղեկավարների եւ ավագանու պաշտոնավարման ժամկետի նվազեցում մինչեւ 3 տարի, ընտրվող անձանց նկատմամբ որակական չափանիշների խստացում, համայնքների բնակչության առաջ հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմների եւ գործողությունների բողոքարկման գործուն միջոցների ներդրում,

 

Դ) Համայնքային հանրաքվեների ինստիտուտի ամրապնդում՝ ընթացակարգերի պարզեցման, եւ պետական խրախուսման միջոցով։ 

 

Բարեխիղճ գործելակերպի քաջալերում     


Թեեւ պետական շինարարության հիմքում կառուցվածքային եւ գործառնական բարեփոխումներն են, առանցքային է նաեւ պետական ծառայողների, դատավորների, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բարեխիղճ գործելակերպի քաջալերումը պետությանը հասու բոլոր միջոցներով։ Դա սկսվում է պետության ղեկավարների կողմից սեփական գործունեության մեջ բարեխիղճ եւ առաքինի գործելակերպի դրսեւորմամբ եւ պետք է ներառի այնպիսի տարրեր, ինչպիսիք են պետական ծառայողների մասնագիտական զարգացումը եւ աշխարհի լավագույն կառավարման պրակտիկային ծանոթացումը, աշխատանքի պայմանների շարունակական բարելավումը՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, կոնկրետ պետական ծառայողի նկատմամբ հանրային վստահության ձեւավորման մեխանիզմների ներդնումը հետադարձ կապի միջոցով, պարգեւատրումները եւ այլն։ Հայաստանում պետք է հարգի լինի պետական ցանկացած պաշտոնյայի աշխատանքը եւ ոչ այն պատճառով, որ ունի սեփական շահերը առաջ մղելու տարատեսակ հնարավորություններ, այլ որովհետեւ նվիրված ծառայում է հանրային շահին, եւ նրա ծառայությունն իրապես գնահատված է հանրության կողմից։  

 

Հայաստանը մեծ երկիր չէ, չունի ոչ մեծ ներքին շուկա եւ ոչ էլ մեծ բնական ռեսուրսներ։ Որպեսզի այն արագ զարգանա, կրիտիկական է ունենալ արդյունավետ ազգային պետություն, որը վայելում է թե´ երկրի բնակչության, թե´ արտերկրի հայության եւ թե´ մեր երկրի տարբեր գործընկերների վստահությունը. սա կարող է դառնալ մեր կարեւորագույն մրցակցային առավելությունը։ Առաջիկա տարիներին մենք ձգտելու ենք կառուցել հենց այսպիսի ազգային պետություն եւ նրան սպասարկող պետական կառավարման համակարգ՝ հետեւողականորեն կյանքի կոչելով նպատակադրված բարեփոխումները։ 

 

Ավետիք Չալաբյանը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին