Վստահեք ձեր երեխային եւ մի՛ «քարկոծեք» նրան - Mediamax.am

Վստահեք ձեր երեխային եւ մի՛ «քարկոծեք» նրան
7086 դիտում

Վստահեք ձեր երեխային եւ մի՛ «քարկոծեք» նրան


Եթե երեխան չի հասկանար ձեր դասաւանդութինը, յանցանքը ձերն է, որովհետեւ չէք կրցած հասկանալ անոր հոգին. պետք է իջնել մինչեւ անոր հոգեկան աստիճանը, եւ զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:

 

                                                                                                      Կոմիտաս   


Նորից բարե՜ւ, սեպտեմբեր: 

 

Սա իմ 12-րդ սեպտեմբերն է… որպես ծնող:

 

Ով դպրոցական տարիքի երեխա ունի, առանց ավելորդ բառերի կհասկանա ինձ: Այս տարի ինքս ինձ համար որոշել եմ, որ չեն լինելու մշտական դժգոհություններ, պահանջներ եւ առավել եւս միջամտություններ երեխա-ուսուցիչ, երեխա-դպրոց բանաձեւում՝ խնայելով երեխաներիս եւ ինքս ինձ:

 

- «Երեխան անպատրաստ է գալիս», «դասերին ցրված է», «դասերով չի հետաքրքրվում», «դասերի ժամին ուրիշ բաներով է զբաղվում», «հետեւե՛ք, որ կատարի տնայինները»... 

 

Հորդորում եմ ձեզ, հարգելի՛ ծնողներ, չկենտրոնանալ նման արտահայտությունների վրա, չդարձնել դրանք ձեր երեխայի ունակությունների ու գիտելիքների չափորոշիչ: Հակառակ դեպքում ձեզ բաժին կհասնեն սպառված նյարդեր, երեխայի հակակրանքը դպրոցական պրոցեսի նկատմամբ, արդյունքների (նիշերի) տարեց տարի վատացում եւ ամենակարեւորը՝ ձեր երեխայի ցածր ինքնագնահատականի բարդույթը:

 

Եթե երեխան դասի նկատմամբ մոտիվացիա չունի, դուք դժվար թե կարողանաք 12, 13, 14 եւ ավելի տարեկանում ստիպել նրան անել տնայինները՝ իր կամքին հակառակ: Եթե ձեզ մոտ ստացվում է, ուրեմն ձեր երեխան ինքնակամության դրսեւորման լուրջ խնդիր ունի:

 

Անշուշտ, ծնողը պետք է հետեւի եւ տեղեկացված լինի իր երեխայի ընդհանուր առաջադիմությանը եւ վարքագծին, սակայն ես ամբողջությամբ այլ պատկեր եմ տեսնում. երեխայի ուսումնական անհաջողությունների ու թերացումների պատճառը, հիմնականում, բարդում են ծնողի վրա եւ նրանից պահանջում հանգուցալուծում:

 

Հենց այստեղ էլ առաջանում փակ օղակը, որից դուրս գալու մեկ տարբերակ կա. ծնողը պետք է գիտակցի, որ ուսուցիչ-աշակերտ բանաձեւում իր դերը երկրորդական է, գլխավոր դերակատարը ուսուցիչն է՝ իր մարդկային որակով, մանկավարժական գիտելիքներով եւ հմտությամբ: 

 

Իսկ ծնողի առաջնային դերը՝ երեխայի համար առողջ ընտանեկան միջավայրի ապահովումն է: Եթե, այնուամենայնիվ, ուսուցիչը որոշել է իր առարկայի ու անձի նկատմամբ երեխայի հետաքրքրության եւ հարգանքի բացակայության պատճառը վերագրել ձեզ, մի՛ հուսահատվեք: Պարզապես այդ մարդը ճիշտ տեղում չէ եւ դուք անկարող ենք դա փոխել: Վստահեք ձեր երեխային եւ մի՛ «քարկոծեք» նրան:

 

Հիշե՛ք ձեր դպրոցական տարիները: Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրն անունով եւ դեմքով հիշում է բոլոր այն ուսուցիչներին, ում հաջողվել է սովորելու ցանկություն արթնացնել ձեր մեջ, հարգանք ու սեր սերմանել իր անձի եւ առարկայի նկատմամբ: 

 

Ցավոք, եզակի են այն ուսուցիչները, ովքեր գիտակցում են իրենց շատ կարեւոր առաքելությունը ՝ բացահայտել եւ զարգացնել երեխայի ունակությունները, խթանել նրա մեջ սովորելու եւ ինքնուրույն մտածելու կարողությունը:

 

Հունիսին, երբ կարդում էի Արամ Փախչանյանի Ժամանակն է հեղափոխել ավագ դպրոցը սյունակը, մտածում էի. «Երանի նախքան ավագ դպրոց հասնելը, հնարավոր լիներ միջին դպրոցում երեխայի մեջ չմարել սովորելու տենչը»...

 

Լիլյա Կարապետյանը հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության SOURCE հիմնադրամի համահիմնադիրն է: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին