Կարանտինի շնորհիվ բրիտանացի Թեո Թրեւիսը վերհիշել է դուդուկը - Mediamax.am

exclusive
7124 դիտում

Կարանտինի շնորհիվ բրիտանացի Թեո Թրեւիսը վերհիշել է դուդուկը


Թեո Թրեւիսը
Թեո Թրեւիսը

Լուսանկարը` Joe Del Tufo

Թեո Թրեւիսը
Թեո Թրեւիսը
Թեո Թրեւիսը
Թեո Թրեւիսը
Թեո Թրեւիսը նվագում է Նյու Յորքի Iridium ակումբում
Թեո Թրեւիսը նվագում է Նյու Յորքի Iridium ակումբում

Լուսանկարը` Scott Friedlander

Թեո Թրեւիսը եւ Ռոբերտ Ֆրիպը
Թեո Թրեւիսը եւ Ռոբերտ Ֆրիպը
Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը
Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը

Լուսանկարը` Claudio Cicardi

Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը
Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը

Լուսանկարը` Daniela Pagliuca


«Եթե ծանոթ եք Պիտեր Գեբրիելի Passion երգին, որը The Last Temptation of Christ ֆիլմի սաունդթրեքն է, կամ գիտեք Gladiator-ի սաունդթրեքը, ուրեմն, հավանաբար, լսել եք դուդուկի ազդեցիկ հնչողությունը»։ Այս խոսքերով է բրիտանացի սաքսոֆոնահար, ֆլեյտահար եւ կոմպոզիտոր Թեո Թրեւիսը հայկական գործիքը ներկայացնում այն մարդկանց, որոնք երբեւէ չեն լսել դուդուկի հմայիչ հնչյունները։ Մեկ շաբաթ առաջ իր տանը Թեոն դուդուկով մի երգ էր ձայնագրել Գադի Զերբիբի վոկալի ուղեկցությամբ ու հրապարակել այն․ դա նրա առաջին հրապարակային ելույթն էր դուդուկով։

 

 

Թեոն առավել հայտնի է որպես Soft Machine խմբի անդամ, որին միացել է 2006-ից եւ որպես Gong-ի նախկին անդամ (1999-ից 2010 թվականներին): Նա աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Ֆրիպը, Սթիվեն Ուիլսոնը, Դէվիդ Գիլմորը: Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, որը սիրում է էկզոտիկ ֆլեյտաներ ուսումնասիրել, Թեոն 2017-ին նաեւ դուդուկ է գնել ու սկսել սովորելը: Կորոնավիրուսի արգելափակումների պատճառով ազատ ժամանակ է հայտնվել այս գործիքն ավելի շատ կիրառելու եւ դրա հետ կապված նոր պլաններ կազմելու համար: 

Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը

Լուսանկարը` Daniela Pagliuca

Մեդիամաքսը զրուցել է Թեո Թրեւիսի հետ ու խնդրել է պատմել, թե ինչպես է ինքը բացահայտել հայկական գործիքը, եւ արդյո՞ք պատրաստվում է շարունակել ու դուդուկը ներառել նաեւ իր մասնագիտական գործունեության մեջ:

 

Սկզբում ոչ էլ հետաքրքրել էր

 

Այս գործիքն առաջին անգամ լսել եմ Փարիզում բնակվող երաժիշտ Դիդյե Մալհերբեի կատարմամբ: Gong-ին միացա այն ժամանակ, երբ նա լքում էր խումբը, բայց դեռ շատ համերգներում եւ ձայնագրություններում ներգրավված էր, որոնց ժամանակ էլ բերում էր նաեւ դուդուկը. շատ էր տարված այդ գործիքով: Դիդյեն մեծ աշխատանք է կատարում՝ մարդկանց ներկայացնելով տարբեր մշակույթների երաժշտություն: Այն ժամանակ դուդուկով այդքան էլ հետաքրքրված չէի. մոտ 20 տարի առաջ էր:

Թեո Թրեւիսը եւ Ռոբերտ Ֆրիպը Թեո Թրեւիսը եւ Ռոբերտ Ֆրիպը

Դրանից մոտ 15 տարի անց ինձ հավանաբար ամենաշատը գերեց Պիտեր Գեբրիելի Passion: Music for The Last Temptation of Christ ալբոմը, դրա առաջին գործը դուդուկով է սկսվում: Ըստ իս՝ այն կատարյալ գեղեցիկ երաժշտություն է:

 

Քանի որ ես մի քանի էկզոտիկ ֆլեյտաներ եմ նվագում (չինական ֆլեյտա եմ փորձել, նաեւ նեյ՝ արաբական ֆլեյտան, որն իսկապես դժվար է նվագել), վերադարձա նաեւ դուդուկին. տարբեր տեսակի հնչողություններ էի ուսումնասիրում: Լոնդոնից գնացի Փարիզ՝ Դիդյեի մոտ, նրա տուն այցելեցի ու դուդուկ գնեցի: Սկզբնական փորձից հետո սկսեցի YouTube-ում փնտրել ու ավելի շատ մարդկանց ուսումնասիրել՝ Ջիվան Գասպարյան, Լեւոն Մինասյան։

Թեո Թրեւիսը Թեո Թրեւիսը

Լուսանկարը` Joe Del Tufo

Աշխարհի ամենատխուր գործիքը

 

Որքան շատ էի տարբեր մարդկանց գործեր լսում, այնքան ավելի շատ էի մտածում, որ գեղեցիկ գործիք է: Դուդուկը, ըստ էության, շատ պարզ է. ստեղներ չկան, մետաղներ չկան այստեղ-այնտեղ, դա պարզապես փայտի մի կտոր է`անցքերով: Բայց այս գործիքն ինքնին մի տեսակ կախարդական է, խորհրդավոր, եզակի. այնքան նուրբ է, որ ինչքան ավելի շատ ես սովորում, այնքան ավելի ես գիտակցում, որ դուդուկը երաժշտության արտահայտման խառը ձեւեր ունի։ Արտահայտման եղանակը շատ կարեւոր է դուդուկի դեպքում. դրա վրա այնպիսի երաժշտություն կարող ես ստանալ, որը, կարծում եմ, չի ստացվի սաքսոֆոնի, ֆլեյտայի կամ կլարնետի վրա: Շատ հուզական հնչողություն ունի. տխրության ու սգի, համակրանքի ու կարեկցանքի մի ամբողջ խորություն արտահայտում է մեկ ձայնում։ 

Թեո Թրեւիսը Թեո Թրեւիսը

Մի շատ լավ պրոդյուսերի հետ եմ աշխատել, որը միշտ ասում էր՝ դուդուկն աշխարհի ամենատխուր գործիքն է։ 

 

Ծիծաղելի է, թե ինչպես եմ ես լսել այս գործիքը 20 տարի առաջ ու «վրայով չեմ անցել» այնպես, ինչպես վերջերս սկսեցի: Դուդուկ նվագելու 20 տարվա փորձ կարող էի հիմա ունենալ:

 

Արգելափակումների շնորհիվ

 

Քանի որ ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, հիմնականում սաքսոֆոնով եւ ֆլեյտաներով եմ աշխատում, երբեմն հնարավոր է՝ շատ նվագեմ դուդուկ, երբեմն էլ ժամանակ չի մնում այս գործիքի համար, երբ զբաղված եմ շրջագայություններով կամ դասավանդմամբ: Կորոնավիրուսի, արգելափակումների եւ տանը մնալու շնորհիվ հիմա ավելի շատ ժամանակ ունեմ դուդուկ պարապելու։

 

Ի սկզբանե YouTube-ի տեսանյութերով եմ սկսել, փորձում էի կրկնօրինակել այն, ինչ լսում էի: Վերջերս նաեւ Skype-ով մի քանի դաս եմ ունեցել Արսեն Պետրոսյանի հետ, Հայաստանից մի շատ լավ դուդուկահար է: Facebook-ի ընկեր էր, քանի որ ես Լոնդոնում չկարողացա դուդուկի որեւէ ուսուցիչ գտնել, Facebook-ում գրեցի, որ հետաքրքրվում եմ դուդուկի դասերով, Արսենն էլ արձագանքեց: Արսենի հետ դասերը շատ օգտակար են. մի շարք կարեւոր ուղղություններ է տալիս, ապագայում մի քանի դաս էլ կանենք։ Դժվարը լավ նվագելն է, գրեթե բոլոր երաժշտական գործիքները լավ նվագելու համար մի ամբողջ կյանք է հարկավոր:

 

Արձագանքը՝ անսպասելի դրական

 

Facebook-ում թրեքը հրապարակելուց հետո հիասքանչ արձագանք եղավ․ ամենաոգեւորող ու դրական արձագանքներից էր, որ երբեւէ ստացել եմ երաժշտական թեմայով հրապարկումների համար։ 

Թեո Թրեւիսը Թեո Թրեւիսը

Առաջին մեկնաբանությունը ստացա մի պրոֆեսիոնալ սաքսոֆոնահարի կողմից, որն ասում էր՝ ես հմտացել եմ (ծիծաղում է - Մեդիամաքս)... Իհարկե, ես դեռ չեմ հմտացել։ Նա շատ լավ լսողություն ունի, ուստի այն փաստը, որ կարծում է՝ լավ է հնչում, ինձ համար շատ հաճելի է: 

 

Արսեն Պետրոսյանը նույնպես գրել էր, որ լավ եմ կատարել, իսկապես հուզվել էի եւ տպավորվել, քանի որ շատ տեխնիկական պահեր կան, որ դեռ լավ չեմ ըմբռնել: Հետաքրքիր է, որ որոշ ընկերներ էլ ոչ երաժշտական ոլորտից, մեկնաբանել էին, որ իսկապես տպավորիչ գործ է: 

 

Ուրախացել էի, չէի սպասում նման դրական արձագանքի. հուսադրող է, կարծում եմ՝ ավելին կանեմ ու անպայման կշարունակեմ պարապելն ու կատարելագործվելը:

Թեո Թրեւիսը նվագում է Նյու Յորքի Iridium ակումբում Թեո Թրեւիսը նվագում է Նյու Յորքի Iridium ակումբում

Լուսանկարը` Scott Friedlander

Էկզոտիկ հնչողություն՝ հեռուներից

 

Նպատակ ունեմ ավելի լավ նվագել այս գործիքով, այնպես կատարեմ, որ ես գոհ լինեմ։ 

 

Համագործակցության տեսանկյունից, որպես սաքսոֆոն եւ ֆլեյտա նվագող, ես հիմնականում աշխատում եմ խմբերի, տարբեր երաժիշտների հետ։ Դուդուկն էլ, լինելով սոլո գործիք, զգում եմ, որ ավելանում է իմ նվագած մյուս հիմնական գործիքների շարքին. այսպիսով՝ սաքսոֆոն, ֆլեյտա եւ դուդուկ: Ուզում եմ դուդուկն օգտագործել այնպիսի երաժշտական արժեքով, որ պրոֆեսիոնալ հնչողությամբ տարբերվի սաքսոֆոնից ու ֆլեյտայից: Իսկապես ուզում եմ կատարելագործվել, ուզում եմ՝դուդուկը ձայնագրություններում օգտագործել:

Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը Թեո Թրեւիսը եւ Դէվիդ Գիլմորը

Լուսանկարը` Claudio Cicardi

Դուդուկի դեպքում ամենահետաքրքիր բանն այն է, որ կարող ես ոչինչ չիմանալ դրա մասին, բայց եթե լսում ես այն, շատ գրավիչ է թվում, ասես, հեռվից մի գեղեցիկ ձայն ես զգում, ինչ-որ էկզոտիկ մի բան: Քանի որ կլարնետ կամ ֆլեյտա չէ, շատերը գուցե ծանոթ չլինեն այդ գործիքին, բայց իրականում դա նշանակություն չունի, որովհետեւ կարեւորն այն գեղեցիկ ձայնն է, որը քեզ մի այլ տեղ է տանում։ 

 

Դուդուկը՝ որպես Հայաստանի բացահայտում

 

Քիչ բան գիտեմ հայկական մշակույթի մասին: Իրականում, դուդուկի միջոցով եմ բացահայտել Հայաստանը, հայ ժողովրդին եւ հայոց պատմությունը:

 

Արսեն Պետրոսյանի հետ ունեցած դասերի միջոցով, փաստորեն, կապ է ստեղծվել իմ ու Երեւանում ապրող այնպիսի մարդու հետ, որը հենց հայկական մշակույթից է, հայկական երաժշտությունից: Շատ հաճելի է, որ Հայաստանի հետ նման շփում ունեմ. ավելի շատ բան եմ սովորում հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին, կցանկանայի ապագայում Հայաստան այցելել:

 

Կարծում եմ՝ դուդուկը մի հիանալի նվեր է, որ Հայաստանը տվել է աշխարհին: Անհամբերությամբ սպասում եմ դուդուկով երկար տարիներ աշխատելուն: Շնորհակալ եմ քեզ, Հայաստան:

 

Ամալի Խաչատրյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին