Վարդան Գրիգորյան. “Սերը և տեխնոլոգիաները” - Mediamax.am

7455 դիտում

Վարդան Գրիգորյան. “Սերը և տեխնոլոգիաները”


Վարդան Գրիգորյան
Վարդան Գրիգորյան

Ես սիրում եմ քեզ. Բառեր, որոնց ուժն անհնար է փոխանցել, երբ դու տասնյակ, կամ գուցե հարյուրավոր կիլոմետրեր հեռու ես: Այնինչ դրանց կարևորությունը ոչ թե հնչողության, այլ ձևի մեջ է: Կարևոր է, թե ինչ հայացքով ես դրանք արտասանում, կարևոր է, թե ինչ հայացքով է դիմացինդ ընկալում դրանք:

Ես սիրում եմ քեզ. Բառեր, որոնք որպես տառերի հաջորդականություն իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Ու ինչքան էլ ջանամ, միևնույն է թվիթերի 140 նիշերի մեջ անհնար է տեղավորել այնքան մեծ գաղափար պարունակող այս 12 նիշերը: Ինչքան էլ մեջտեղից կիսվեմ, չեմ կարող ֆեյսբուքի իմ պատին տեղադրված նկարի մեջ պատկերել այն ջերմությունը, որ կարող էի փոխանցել ընդամենը մեկ հայացքով:

Ես սիրում եմ քեզ. Բառեր, որոնք ինչքան էլ ինդեքսացվեն Google-ի կողմից, միևնույն է, մնալու են լոկ որպես մեկերի ու զրոների հաջորդականություն:

Այնքա՛ն կուզեի` հնարավոր լիներ էկրանի մյուս կողմից զգալ մատներիդ ջերմությունը, որոնք ահա հպել ես էկրանին: Ես տեսնում եմ դրանք, ես էլ իմ մատներն եմ այս կողմից հպել էկրանին, բայց չեմ զգում ոչինչ: Ինչու՞, մի՞թե ես անզգա եմ:

Ես սիրում եմ քեզ, բայց դու չես զգում իմ սերը, որովհետև մեր միջև կա այս հեռավորությունը, որն անհնար է զրոյացնել` նույնիսկ եթե այն բազմապատկենք զրոյով: Ու ոչ մի ֆեյսբուք ու թվիթեր, ոչ մի նորագույն տեխնոլոգիա դեռևս չեն կարող ինձ թույլ տալ, որ զգամ շնչառությունդ: Ինձ համար քո ուրախությունը պարզ է դառնում քո պատին տեղադրված ահա այս նշանից` “:-D”, բայց արդյո՞ք դու իրականում ժպտում էիր այդ պահին: Գուցե դու գիտես, որ ինձ համար հենց դա է հիմք հանդիսանալու, ու տխրությունդ հատուկ քողարկել ես այդ նշանի տակ, որ ես ոչինչ չիմանամ:

Ես սիրում եմ քեզ: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել. իմ վիրտուալ կերպարը սիրում է քո վիրտուալ կերպարին: Այնինչ երկուսս էլ գիտենք,որ ֆոտոշոփյան մի քանի թեթև շարժումները մեզ թույլ է տալիս վայրկենապես փոխել մեր վիրտուալ կերպարները:

Իմացիր, որ եթե մի օր ես հայտնվեմ քո աշխարհում, չեմ ասելու “Ես սիրում եմ քեզ”: Դրա փոխարեն նախընտրելու եմ ձեռքդ տաքացնել իմ ձեռքերի մեջ, զգալ այնքա՛ն երանելի ջերմությունդ, որը մինչև հիմա զրոների ու մեկերի տեսքով եմ զգացել:

Ես սիրում եմ քեզ: Այս բառերը գրում եմ հիմա, որ հետո դրանց արտասանության վրա ժամանակ ծախսելու կարիք չլինի: Արի այսօր ջնջենք մեր հաշիվները բոլոր սոցիալական ցանցերից, անջատենք բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, վիրտուալը, զորներն ու մեկերը թողնենք մի կողմ ու հանդիպենք իրականում, այն նույն լոնդոնյան այգում, որտեղ երկուսս էլ երազում ենք լինել:

Արի այսօր սիրենք միմյանց, ոչ թե տեխնոլոգիաները:




Մեր ընտրանին