Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների իրավական հիմքերը ամբողջական չեն - Mediamax.am

exclusive
7205 դիտում

Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների իրավական հիմքերը ամբողջական չեն


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


ՃՈ-ն, քաղաքապետարանն ու Փարկինգ Սիթի Սերվիսը «մեկնաբանում են» վճարովի ավտոկայանատեղիների` օրենսդրությանը հակասող գործունեությունը

Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման եւ իրականացման հետ կապված Երեւանի քաղաքապետարանի եւ ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հայտարարած մի շարք կարգեր հակասում են ՀՀ-ում գործող օրենսդրական նորմերերին:

 

Մեդիամաքս-ը օրենսդրությանը հակասող դրույթների վերաբերյալ պատասխանները փորձել է ստանալ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, Երեւանի քաղաքապետարանից եւ ծառայությանն իրականացնող մասնավոր ընկերությունից:

 

Տուգանքների մասին

 

Պաշտոնապես հայտարարվել է, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ իրականացվելու է շուրջօրյա վերահսկողություն տեսախցիկների եւ շրջիկ մեքենաների միջոցով, իսկ տուրք չվճարած վարորդների հանդեպ կիրառվելու է տույժ` 5000 դրամի չափով:

 

«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի խոսքերով, ընկերությունը գրանցելու է խախտումները եւ Երեւանի քաղաքապետարանին փոխանցելու խախտում կատարած մեքենաների տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը տուգանք է կիրառելու:

 

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 2, մաս 1, կետ 3), վարչական մարմինը ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունն է:

 

Նոր կարգի համաձայն, սակայն, ստացվում է, որ տեսանկարահանումն ու խախտումների ֆիքսումը կատարվում է մասնավոր ընկերության կողմից` սեփական տեսանկարահանող սարքերով, իսկ քաղաքապետարանը զբաղվում է տուգանքներով: Ի՞նչի հիման վրա է ՃՈ-ն իր լիազորությունը փոխանցել Երեւանի քաղաքապետարանին եւ արդյո՞ք երկու կառույցների միջեւ կա որեւէ պայմանագիր կամ համաձայնություն:

Լուսանկարը` Photolure:

ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության իրավաբանական բաժնի տեսուչ Հասմիկ Ներսիսյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ, իր ունեցած տվյալներով, «գոյություն ունի նշված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որի հիման վրա վարչական ակտի եւ տուգանքի մասին որոշում կարող է իրականացնել նաեւ Երեւանի քաղաքապետարանը»: Հասմիկ Ներսիսյանի փոխանցմամբ, երկու կառույցների միջեւ չկա պայմանագիր կամ գրավոր համաձայնություն:

 

Խնդրի հաջորդ կողմնը այն է, որ տուգանքի մասին արձանագրություն կազմելու համար Երեւանի քաղաքապետարանը պետք է տիրապետի վարորդների տվյալների բազային. ի՞նչ հիմունքներով են դրանք փոխանցվել Երեւանի քաղաքապետարանին:

 

Հասմիկ Ներսիսյանի տեղեկությունների համաձայն, օրենսդրական փոփոխությունը կընդգրկի նաեւ կետ, համաձայն որի ՃՈ-ն Երեւանի քաղաքապետարանին փոխադարձ համագործակցության սկզբունքով կտրամադրի վարորդների մասին տվյալների բազան:

 

Հարկ է նկատել, որ վերոնշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել: Եթե այն դեռ նախագծային փուլում է, ապա   մինչ դրա հաստատումը քաղաքապետարանի կողմից տուգանքների կիրառումը եւ վարորդների տվյալների բազային տիրապետելը կարող է դիտվել որպես օրենքին հակասող քայլ:

 

Մեդիամաքս-ը վերոհիշյալ հարցերով դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարան, որի աշխատակազմի իրավաբանական վարչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանները.

 

«Երեւանի քաղաքապետարանի կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում համայնքների ղեկավարները, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք, իրավասություն կունենան վարչական իրավախախտումների քննությունը կատարել պարզեցված ընթացակարգով: ՀՀ ոստիկանության ՀՀ ՃՈ-ն չի փոխանցել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունները Երեւան համայնքին»:  

 

Քաղաքապետարանի փոխանցմամբ, «մինչ նշված օրենքի ընդունումը համայնքների ղեկավարները վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով»: Նշենք, սակայն, որ տեղեկանքում չկա հղում օրենքի կոնկրետ կետին, որը հանդիսանում է տվյալ գործունեության իրավական հիմք:

 

Անդրադառնալով վարորդների տվյալների բազային տիրապետելու խնդրին` քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից հայտնել են.

 

«Երեւան համայնքում հաշվառված (գրանցված) փոխադրամիջոցների սեփականատեր համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին տեղեկությունները Երեւան համայնքին (Երեւանի նախկին թաղային համայնքներին) են  ներկայացվել ՀՀ ոստիկանության ՀՀ ՃՈ-ի կողմից «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի հիմքով: Այլ համայնքներում հաշվառված (գրանցված) փոխադրամիջոցների սեփականատեր համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքը վճարելու փոխադրամիջոցը կայանելու դեպքում, վերջիններիս մասին տեղեկությունները կարող են ստացվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի ուժով»:

 

Լուսանկարը` PHotolure:

 

Անդորրագրի բացակայության մասին

 

Ավտոկայանատեղիի կազմակերպման նոր գործընթացի համաձայն, վարորդները տուրքը կարող են վճարել Telcell տերմինալների, բանկային փոխանցումների եւ SMS-ների միջոցով:

 

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 9, կետ 6), ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր:

 

SMS հաղորդագրության միջոցով տուրքը վճարելու դեպքում, սակայն, բացակայում է անդորրագիրը: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Beeline-ի բաժանորդները կարող են գնալ համապատասխանաբար ՄոբիԴրամ-ի եւ ԻԴրամի մասնաճյուղեր եւ ստանալ իրենց անդորրագրերը»: Հարցին, թե Օրանժ Արմենիա-ի բաժանորդներն ինչպե՞ս կարող են ստանալ անդորրագրեր, Վազգեն Հարությունյանը պատասխանել է, որ «նրանք դեռեւս անդորրագիր ստանալու հնարավորություն չունեն, ներկայումս քայլեր են տարվում Օրանժի բաժանորդներին եւս անդորրագիր տրամադրելու խնդրի լուծման ուղղությամբ»:

 

Նախապես վճարված գումարի մասին

 

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը օրերս հայտարարեց, որ վճարովի ավտոկայանատեղիներից օգոստոս ամսին օգտվելու համար գումար վճարած վարորդները կարող են դիմել Երեւանի քաղաքապետարան, որտեղ կվերահաշվարկվեն նրանց ծախսերը:

 

Քաղաքապետարանից Մեդիամաքս-ին տեղեկացրին, որ նախապես վճարում կատարած վարորդները պետք է դիմում գրեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով` նշելով պահանջը, որից հետո, մեկամսյա ժամկետում, գումարը հետ կվերադարձվի կամ կփոխանցվի հաջորդ ամսվա հաշվին:

Վազգեն Հարությունյան:

Լուսանկարը` Photolure:

Իրավական հիմքերը ոչ ամբողջական են

 

Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել նաեւ,  թե ո՞ր օրենքների վրա է հիմնված «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեությունը, ինչին ստացանք հետեւյալ պատասխանը.

 

««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի (3-րդ հոդված,  2-րդ մաս), «Գնումների մասին» ՀՀ օրենքի, Երեւանի ավագանու որոշման եւ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա»:

 

Քաղաքապետարանից, սակայն, չեն ներկայացրել Երեւանի ավագանու որոշումն ու Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը, որոնց իրավական հիմքերը եւս դեռ անհայտ են: Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությանը,  Երեւանի քաղաքապետարանին  եւ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ին հարցում էր կատարել նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` խնդրելով ավտոկայանատեղիեներում տեղադրված տեսանկարահանող սարքերի համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը: Անհրաժեշտ տեղեկությունը չստանալով եւ հայտնվելով տեղեկատվական փակուղու առջեւ` Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այժմ  նյութեր  է նախապատրաստում ընկերությանը դատի տալու համար:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին