2015-ի ամռան վերջին կմեկնարկեն «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի շինարարական աշխատանքները:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը, ով նախորդ տարեվերջին Ժնեւում հանդիպել է պատվիրատուի՝ շվեյցարաբնակ Վարդան Սիրմակեսի հետ:
2014-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ու «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանի համաձայնագիր էին ստորագրել նախագծի կառուցման ներդրման վերաբերյալ: Ներդրման նվազագույն ծավալը, Լեւոն Վարդանյանի փոխանցմամբ, $ 120 մլն է:
Պատվիրատուի հետ հանդիպումը Լեւոն Վարդանյանը հաջողված է համարում, կարեւորելով այն հանգամանքը, որ Վարդան Սիրմակեսն ընկալել է իր կողմից առաջարկվող նախագիծն ու համաձայն է ճարտարապետի ցանկությունների հետ:
Հանդիպման ընթացում կողմերը որոշել են, որ նախագծի էսքիզային տարբերակը մինչ փետրվար ամսվա վերջ ճարտարապետը կներկայացնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, մարտի վերջին պատվիրատուն կայցելի Հայաստան՝ առաջադրանքը վերջնական հստակեցնելու համար:
«Պատվիրատուն նախագծի հիմնական կառուցվածքն ընկալել է, այժմ հստակ ինժեներական աշխատանքներ են տարվում: Ծրագիրն ընթանում է այնպես, որ այս տարի սկսենք շինարարությունը: Եթե 2-3 ամսից կարողանանք ավարտել նախագիծ փուլը, ամռան վերջին շինարարությունը սկսելու հնարավորություն կլինի»,- ասել է Լեւոն Վարդանյանը:
Ճարտարապետը նշել է, որ պատվիրատուի հետ ունեցած քննարկման արդյունքում որոշել են մեկ հարկ ստորգետնյա ավտոկայանատեղիին ավելացնել եւս մեկը, ինչի արդյունքում համալիրը կունենա 4 ստորգետնյա հարկ, որից երկուսը կծառայի որպես ավտոկայանատեղի, երկուսը՝ առեւտրային տարածք:
«Համալիրը 150 հազար քմ ընդհանուր մակերես ունի, նախնական փուլում այն մոտ 70 հազար քմ էր: 2005-ին, երբ նախագիծը ներկայացրել էի, երկու հարկ ավտոկանգառ էի նախատեսել, քաղաքի կենտրոնում նման ծավալի հողատարածքը չօգտագործելն անմտություն կարող էր լինել»,- նշել է հեղինակը:
Մարտի վերջին նախատեսվում է նախագծի վերջնական տեսքի բերված մանրակերտը հանրային քննարկման դնել: Հեղինակի ցանկությունը մեկն է՝ հնարավորինս շատ կարծիքներ լսել երեւանցիներից:
Նախագծի իրականացման համար կառավարության եւ պատվիրատուի միջեւ կնքված ներդրումային համաձայնագրով 60 ամիս ժամկետ է հատկացվել: Ճարտարապետը լիահույս է՝ ժամանակն օպտիմալ են օգտագործելու:
«Կարեւոր հանգամանք է, որ մենք արդեն աշխատանքային փուլում ենք: Հողատարածքի համար կանխավճարն արված է: Շուրջ 20 հազար քմ տարածքից մոտ 16 հազար 5 հարյուր քմն Վարդան Սիրմակեսինն է, մոտ 3 հազար 5 հարյուրը՝ Վահե Հարությունյանինը: Կարեւոր է նաեւ, որ երկու ներդրողներն էլ մտահոգ են ծրագրի՝ հնարավորինս արագ մեկնարկի եւ իրագործման համար»,- եզրափակել է հեղինակը:
Սիրանուշ Եղիազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: