«Երեւան. XX դար» նախագծում այսօր ներկայացնում ենք Մանկական երկաթուղու մասին: Այն «ամենատարեցն է» մեր հերոսների շարքում. սեպտեմբերի 6-ին լրացավ երկաթուղու բացման 75-ամյակը: Այն բացվեց 1937 թվականին, երբ հարյուր հազարավոր մարդիկ ձերբակալվում էին որպես «ազգի թշնամիներ»: Մանկական երկաթուղու նախաձեռնողը Աղասի Խանջյանն էր, ով չտեսավ իր մտահղացման իրագործումը. 1936թ. ապրիլին նա դրեց առաջին քարը «Փարոս» կայարանի հիմքում, իսկ հուլիսին սպանվեց (պաշտոնական վարկածով` ինքնասպանություն գործեց) Թիֆլիսում: 1937 թվականին Նորիլսկ աքսորվեց նաեւ Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանը…
Կարդալով այս գլուխը, կիմանաք, թե ինչո՞ւ էր Ալեքսանդր Թամանյանը նախատեսել Հրազդանի կիրճից դեպի քաղաք եկող թունելները, ինչպե՞ս պետք է երկաթուղու այգին ֆունիկուլյորի միջոցով կապվեր Ծիծեռնակաբերդի հետ եւ ինչու էր Սովետական Հայաստան թերթը գրում, որ ոչ բոլոր կազմակերպություններն են օժանդակում մանկական երկաթուղու կառուցմանը:
Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյան` Թամանյանը նախատեսել էր, որ մաքուր օդը թունելներով պետք է հասնի կենտրոն
Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճը պետք է երեւանցիների համար ծառայի որպես հանգստի վայր` մարդկանց գեղեցիկ բնությունը եւ մաքուր օդը վայելելու հնարավորություն տալով:
Նա նախատեսել էր երկու թունելները, որոնք Հրազդանի կիրճ հասնելու կարճ ճանապարհ կհանդիսանային եւ որոնց շնորհիվ կիրճի մաքուր օդը կհասներ քաղաքի կենտրոն:
Մ. Մազմանյանի նախագիծը:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից:
1935 թվականին Միքայել Մազմանյանի նախագծով սկսվեց կառուցվել Մանկական երկաթուղու այգին, որը դարձավ երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը: Այն հատկապես մարդաշատ էր լինում «մայովկաների» ժամանակ:
Հետագայում այգու մուտքի մոտ տեղադրվեցին աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով, հենց գետի վրա կառուցվեց «Հայրենիք» կայարանի շենքը, որտեղ գտնվում էր տոմսարկղը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ գնացքը մոտենում էր կայարանին, ուղեւորներին, պատվի առնելով, դիմավորում էին հերթապահող պիոներները: Այգում կային նաեւ խաղահրապարակներ, ծիծաղի սենյակ:
Հորեղբայրս մասնակցում էր երկաթուղու շինարարությանը եւ գտավ մի մետաղադրամ, որի վրա ինչ-որ կենդանի էր պատկերված: Հետագայում մասնագետներն ասացին, որ դա հին պարսկական մետաղադրամ է:
Տեղակայված է Հրազդան կիրճի այգում:
Երկարությունը՝ 2,1 կմ
Կանգառները՝ Հայրենիք, Պիոներական եւ մեկ հարթակ՝ Ուրախություն: Արհեստական կառույցներ՝ 45մ երկարությամբ թունել:
Մանկական Երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետն է Միքայել Մազմանյանը:
Կայարանի քարե շենքի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը:
Աղբյուրը` Dzd-ussr.ru կայք
Աղասի Խանջյանի մտահղացումը
Մանկական երկաթուղու կառուցման գաղափարը պատկանում էր Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: 1935 թ-ի դեկտեմբերին Երեւանի Մանկական երկաթուղու կառուցումը ԽՍՀՄ-ի Պետպլանով ներառվեց 1936թ. ժողովրդա-տնտեսական պլանի մեջ: Օբյեկտի հանձնման վերջնական ժամկետն էր 1937թ. նոյեմբերի 7, քանի որ այդ օրը պետք է նշվեր Մեծ Հոկտեմբերյան Հեղափոխության քսաներորդ տարեդարձը:
Dzd-ussr.ru կայքի տեղեկատվության համաձայն, 1936թ. ապրիլի 22-ին Աբովյանի անվան քաղաքային այգում, Հրազդան գետի ձախ ափին «Փարոս» կայարանի հիմքում Աղասի Խանջյանի կողմից դրվեց առաջին քարը: Հետագայում այն վերանվանվեց «Հայրենիքի»:
Մեկ տարվա ընթացքում շինարարները իրականացրեցին հողային աշխատանքների հսկայական ծավալ: 2,1 կմ գլխավոր ճանապարհի երկայնքով կառուցվեց երեք կանգառ՝ Հայրենիք, Ուրախություն եւ Պիոներական: Տեղանքի բնական ռելիեֆի պատճառով Հայրենիք կայարանի շենքը գտնվում էր անմիջապես ջրանցքի վերեւում:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:
Առաջին տարիներին Մանկական երկաթուղու կայարանի շենքը փայտից էր: 1940-ականների վերջին դրա փոխարեն տուֆից կառուցվեց նոր շենք:
Շինարարների եռանդի շնորհիվ աշխատանքներն ավարտվեցին նախատեսված ժամկետից 4 ամիս շուտ: 1937թ-ի հուլիսի 9-ին առաջին անգամ տեղից շարժվեց Վորոշիլովգրադի շոգեքարշային գործարանի կողմից նվիրած 159-434 շոգեքարշի եւ երեք մարդատար վագոնները: Գնացքը վստահեցին վարել երիտասար մեքենավար Ա. Բեգլարյանին:
1959թ. մարտին Մանկական երկաթուղին ստացավ երկու PAFAWAG մետաղական մարդատար վագոն: 1971թ-ին Երեւանի Մանկական երկաթուղուն նվիրեցին ТУ2-116. ջերմաքարշը: Այդ պահից սկսած շոգեքարշը դուրս եկավ օգտագործումից, սակայն մինչ օրս գտնվում է Հայրենիք կայարանի տարածքում:
Լուսանկարը`Dzd-ussr.ru:
Այսօր գնացքը անցնում է այլեւս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով եւ կանգնում է «Պիոներական» կայարանում: Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում եւ գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան:
Մանուկների երկաթուղին
«Խորհրդային Հայաստան» թերթ
1937թ. ապրիլի 6
«Երգեսից» քիչ հեռու ձգվում է 1400 մետր երկարություն ունեցող մանկական երկաթուղագիծը: Եռուն աշխատանք է կատարվում այստեղ:
Արդեն ձորն է իջեցվել մանկական երկաթուղու շոգեքարշը: Երկու-երեք օրից կստացվեն առաջին հերթի 3 վագոնները: Վաղուց պատրաստ են երեք կայարաններից երկուսը: Շինարարությունն այնպես է կատարվում, որ մայիսի մեկին երկաթուղին սկսի աշխատել:
Մանկական երկաթուղու համար 60-ից ավելի երկաթուղայիններ են պատրաստվել պիոներներից:
Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:
Ուսման տեխնիկայի յուրացման գործում աչքի են ընկնում Միշիկ Հովհաննիսյանը, որն առաջին շոգեքարշի մեքենավարն է լինելու, դեպոյի պետ Սարգիս Սարգսյանը, գլխավոր կայարանապետ Խաժակ Նիկողոսյանը եւ մյուսները:
Սակայն մեր ոչ բոլոր կազմակերպություններն են օժանդակում մանկական երկաթուղու կառուցման գործին, չնայած այդ մասին ժողկոմխորհի մարտի 2-ին կայացրած որոշմանը:
Այսպես, օրինակ, Հայկինոն դեռ ոչինչ չի արել մանկական հանգստի եւ կուլտուրայի պարկում կինոթատրոն կազմակերպելու ուղղությամբ: Հեռախոսային ցանցին ժողկոմխորհն առաջարկել էր մարտի 11-ին ավարտել մանկական երկաթուղում հեռախոս անցկացնելու աշխատանքները: Սակայն մինչեւ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արված: Հողժողկոմատը շատ դանդաղորեն է առաջ տանում պարկի 40 կիլովատանոց էլեկտրակայանի շինարարությունը: Պետհրատի դիրեկտոր ընկ. Զոփուրյանը գրքի վաճառման կիոսկ չի կազմակերպել: Ներքին առեւտրի բաժինը մինչեւ այսօր ոչ մի աշխատանք չի կատարել մանկական պարկում ճաշարանի եւ զովացուցիչ ջրերի վաճառքի գործն ապահովելու համար: Առժողկոմատը նույնպես չի կատարում իր պարտավորությունները:
Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:
Միաժամանակ պետք է նշել Սեւան-Զանգիշինի, Կիրովի անվան Սինթետիկ կաուչուկի կոմբինատի եւ Հայտնարկոոպի սրտացավ աշխատանքը. նրանք օրինակ են տալիս այս պարկն արագ կառուցելու գործում:
Միքայել Մազմանյանի թոռնուհի Լիլիթ Տեր-Մինասյան` պապս մտերիմ էր Չարենցի, Սարյանի, Երվանդ Քոչարի հետ
1929թ-ին Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը եւ Գեւորգ Քոչարը Մոսկվայից ժամանեցին Հայաստան` քաղաքը վերակառուցելու նպատակով: Դա հայկական սովետական ճարտարապետության այն փուլն էր, երբ պայքար էր ընթանում կոնստրուկտիվիստների եւ նեոկլասիցիստների միջեւ: Մազմանյան-Հալաբյան-Քոչար եռյակը մոդեռն ճարտարապետության կողմնակիցներ էին: Նրանք չէին հերքում ազգային ոճը, սակայն դեմ էին շենքերի վրա հին ազգային դեկորների կրկնօրինակմանը: «Ազգային ոճ» ասելով` նրանք հասկանում էին հին հայկական ճարտարապետության տեխնիկայի օգտագործումը, մոտեցումները: Մազմանյանի ազգային ոճով կառուցված շենքերի վառ օրինակ կարող է ծառայել շախմատաձեւ բնակելի շենքը, որի հիմքում ընկած է հին հայկական ժողովրդական տունը:
Մ. Մազմանյանի էսքիզը:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից:
Հետագայում, ստալինյան ռեժիմի ճնշման տակ ճարտարապետները ստիպված էին որոշ չափով զիջումների գնալ: Օրինակ, Տերյան փողոցի վրա Գրապալատի շենքն արդեն կառուցվեց կլասիկ ոճով:
Հիմնական աշխատանքներն են.
Ղարաքիլիսայի, Լենինականի գլխավոր հատակագծերը (1930-1937 թթ.);
Նորավանի, Փարաքարի, Սիսիանի, Տաթեւի նախագծումը;
Երեւանի գլխավոր հատակագծի նախագծումը 1 մլն բնակիչների համար (1971 թ.);
«Մանկական աշխարհ» հանրախանութը Երեւանում;
Երեւանի Գրապալատի շենքը;
Դիլիջանի եւ Սեւանի կղզու հանգստյան տները:
Մահացել է 1971 թ.-ին Երեւանում:
Մազմանյանը Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտի առաջին ռեկտորն էր եւ դաստիարակել է ճարտարապետների փայլուն սերունդ: Նա բազմակողմանի զարգացած մարդ էր, զբաղվում էր թարգմանություններով, նկարչության պատմությունով: Պատմում են, որ ընդունելության քննությունների ժամանակ կարող էր հարցեր տալ, որոնք կապ չունեին ճարտարապետության հետ, այլ վերաբերում էին գրականությանը, երաժշտությանը:
Քչերը գիտեն, որ 1937թ. Մազմանյանին աքսորեցին Նորիլսկ: Մանկական երկաթուղու այգու նախագիծը նրա վերջին աշխատանքներից մեկն էր Հայաստանում: Աքսորման պատճառը հայտնի չէր. որպես վարկած բերվում էր Չարենցի հետ մտերմությունը:
Նորիլսկում Մազմանյանը շարունակեց ակտիվ գործունեությունը եւ բազմաթիվ շենքեր նախագծեց, այդ թվում` Ստալինի տուն-թանգարանը:
Մազմանյանը շատ կենսուրախ մարդ էր, սիրում էր մարդկանց իր շուրջը հավաքել: Մտերիմ էր Չարենցի, Սարյանի, Երվանդ Քոչարի հետ: Երվանդ Քոչարի հետ համադասարանցիներ էին: Ի դեպ, Սասունցի Դավթի արձանի պատվանդանի հեղինակը Մազմանյանն է:
Հետաքսորյան շրջանում` 1957 թվականից մինչեւ կյանքի վերջը`1971թ., եղել է Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը: Տարիների ընթացքում պապիկիս եւ Վազգեն Առաջին Վեհափառի շփումը վերածվել էր բարեկամության:
Միքայել Մազմանյան. ինչպես է նախագծված մանկական կուլտուրայի եւ հանգստի պարկը
Ստորեւ ներկայացվող բացատրագիրը գրված է Միքայել Մազմանյանի կողմից: Այն մեզ է տրամադրել ճարտարապետի թոռնուհին` Լիլիթ Տեր-Մինասյանը:
Մ.Մազմանյանի ձեռագիրը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Զանգվի կանաչազարդ ափին, բազալտի ժայռերի ֆոնի վրա, ուրվագծվում է մանկական կուլտուրայի եւ հանգստի պարկը:
Տերիտորիայի գեղատեսիլ տեսքը, արեւահայաց հարուստ ռելիեֆը, բնական ճոխ տեսարանները, միանգամայն նպաստավոր են մեր մանուկների հանգստավայրը դարձնելու համար այս գողտրիկ անկյունը:
Ընդհանուր հատակագիծը լուծելիս անհրաժեշտ էր գտնել այնպիսի մի կոմպոզիցիա, որը բխեր տեղի բնական պայմաններից, հստակ ստորաբաժանումներ տար պարկի առանձին մասերին եւ պարզորոշ գծեր ելումուտը դեպի կարեւորագույն մասերը:
Ողջ հատակագիծը կառուցած է երկու իրար հատվող ծառուղիների շուրջ: Սրանցից մեկը սկիզբ է առնում հիդրոկայանի մոտից, այսինքն, տարածվում է հյուսիսից դեպի հարավ, իսկ մյուսը` խճուղուց, այսինքն` արևելքից դեպի արեւմուտք: Վերջինս խճուղու բարձրությունից աստիճանաձեւ կասկադով իջնում է դեպի հիմնական հարթավայրը, որտեղ հանդիպում է առաջին ծառուղուն: Այս հանդիպման կետում բացվում է ընդարձակ շրջանաձեւ հրապարակ, որի կենտրոնում տեղավորվում է խոշոր ավազան, մանուկների զվարթ շուրջպարը պատկերող քանդակով:
Մ. Մազմանյանի էսքիզը:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից:
Ապա շարունակվում, եւ աստիճաններով իջնում է դեպի մանկական երկաթգծի առաջին կայարանը: Նույն այս կենտրոնական առանցքի շարունակությամբ կամուրջ է գցվելու Զանգվի վրայով աջ ափը անցնելու եւ ապա ֆունիկուլյորի միջոցով դեպի Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար:
Մանկական պարկն եւ երկաթուղին
«Խորհրդային Հայաստան»
1937թ. սեպտեմբերի 6
Մեծ ոգեւորությամբ մենք անցյալ տարի ձեռնարկեցինք մանկական երկաթուղու շինարարությունը:
Կարճ ժամանակամիջոցում Զանգվի ձորում մեկ եւ կիս կիլոմետր տարածության վրա ավարտեցինք գծամասի հարթման դժվարին աշխատանքը: Այնուհետեւ սկսեցինք ռելսերի ամրացումը: Երկաթուղին հիմնականում պատրաստ էր:
Այս տարի վաղ գարնանից մենք սկսեցինք կայարանների շինարարությունը: Մանկական երկաթուղին այժմ ունի երեք կայարան, դրանցից առաջին եւ գլխավոր կայարանի շենքում տեղավորված է պատանի ուղեւորների գեղեցիկ սպասարանն իր ասֆալտապատ հրապարակով, կայարանապետի եւ հերթապահի առանձնասենյակները, հեռագրատունը, առողջապահական սենյակը, դրամարկղը եւ այլն: Նույն ձեւով կառուցված է նաեւ երկրորդ կայարանը:
Հաղորդակցության ճանապարհների նախկին ժողկոմ, մեր սիրելի ընկեր Լ.Մ. Կագանովիչի անմիջական օժանդակությամբ այս տարի Մոսկվայից ստացանք մանկական երկաթուղու շոգեքարշը եւ վագոնները:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:
Երկաթուղու շինարարությանը զուգընթաց սկսվեց մանկական պարկի շինարարությունը ճարտարապետ Մ. Մազմանյանի նախագծով: Այստեղ գեղեցիկ ծառուղիների մեջ կառուցված են պիոներների, զանազան կենդանիների արձաններով զարդարված ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ինչպես նաեւ ընթերցարան, պարերի եւ ֆիզկուլտ խաղերի հրապարակ, խաղարան, կիոսկներ, բուֆետ եւ այլն: Պարկը լիովին ռադիոֆիկացման է ենթարկված: Պարկից դեպի կայարան տանող բարձունքի վրա դրված է մեծ Ստալինի արձանը: Ամբողջ շինարարության վրա մինչեւ այժմ ծախսված է մոտ մեկ ու կես միլիոն ռուբլի:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից:
Մանկական երկաթուղու շինարարությանը զուգընթաց մենք լուծեցինք նաեւ պատանի երկաթուղային կադրերի պատրաստման գործը: Երեւանի երկաթուղային դեպոյի պետի տեղակալ ընկեր Հ. Առաքելյանի օգնությամբ հատուկ դասընթացներում սովորել ու գերազանց գնահատականով ավարտել են 112 պատանի մեքենավարներ, կայարանապետեր, կայարանի հերթապահներ, սլաքավորներ, կոնդուկտորներ, հեռագրիչներ:
Պատանի երկաթուղայիններն իրենց պրակտիկ ուսուցումն անցել են Երեւանի եւ Լենինականի երկաթուղային դեպոներում: Փորձի փոխանակման կարգով նրանք ուսումնասիրել են Թբիլիսիի մանկական երկաթուղու աշխատանքը: Այժմ նրանք ինքնուրույն կերպով կարողանում են ղեկավարել գնացքը, կատարել երթեւեկության համար պահանջվող անհրաժեշտ աշխատանքը:
Սրանով, իհարկե, չի վերջանում մանկական երկաթուղու, ինչպես նաեւ պարկի շինարարությունը: Մանկական հանգստի եւ կուլտուրայի պարկն ու երկաթուղին ունեն զարգացման լայն հեռանկարներ:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից:
1938 թվի սկզբներից սկսվելու է երկրորդ հերթի շինարարությունը: Ըստ նախագծի, երկաթուղին Զանգվի վրա կառուցվելիք կամրջի վրայով անցնելու է գետի մյուս ափը եւ կտրելու է նորից մեկ եւ կես կիլոմետր տարածություն, իսկ հետագայում մանկական գնացքը զառիվեր կբարձրանա «ֆունիկուլյորով» Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի գագաթը:
Հանգստի պարկը ընդարձակվելու է եւ բռնելու է 7 հեկտար տարածություն: Այդտեղ կառուցվելու է ամառային կինո, թատրոն, լողարաններ, շտապ օգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան: Պարկը կունենա նաեւ իր առանձին հիդրոկայանը եւ այլն: Այսպիսով` Երևանի պիոներներն ու դպրոցականները կունենան արդեն գեղեցիկ, ընդարձակ ու ամեն տեսակ հարմարություններով մանկական հանգստի եւ կուլտուրայի մի հարուստ պարկ:
Այսօր Երեւանի բազմահազար երեխաների, եղբայրական Վրաստանի եւ Ադրբեջանի պատանեկության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա մանկական պարկի եւ երկաթուղու առաջին հերթի հանդիսավոր բացումը: Այդ մեր կուսակցության եւ կառավարության լավագույն նվերն է մայրաքաղաքի ստալինյան մատաղ սերնդին:
Մանկական երկաթուղու շինարարության պետ` ինժ. Հ. Կարապետյան:
«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյան` նման օբյեկտները պետք է արդիականացվեն
Մանկական երկաթուղու այգին ժամանակին տարածքի ձեւավորման լավագույն լուծումներից էր հանդիսանում: Լանդշաֆտի եւ կլիմայական առումներով բավականին հաջող ընտրություն էր կատարված, քանի որ այգին տեղաբաշխված էր Հրազդանի կիրճի տեղանքի վրա:
Ժամանակի ընթացքում նման օբյեկտները պետք է արդիականացվեն: Առաջին հայացքից թվում է, թե այգու տարածքում կան բոլոր անհրաժեշտ պարագաները` կարուսելներ, ջրավազան, սննդի օբյեկտներ, կլիմա ու բնություն: Սակայն ակնհայտ է, որ լուծումները վաղուց հնացած են:
Նման տարածքները անվանվում են թեմատիկ պարկեր` հստակ թեմա ունեցող հանգստի ու ժամանցի կենտրոններ: Տարրական խնդիրները լուծելուց բացի, կարեւոր է համապատասխանեցնել այգին ժամանակակից պահանջներին` լազերային տեխնիկա, էլեկտրոնիկա, 3D-պատկերներ եւ այլն:
Ես Ճարտարապետական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչն եմ, եւ մի քանի ուսանողներիս դիպլոմային աշխատանքները վերաբերվում էին այս այգու արդիականացմանը:
Մանկական երկաթուղու պահակ Վարուժան Ստեփանյան` խորհրդային ժամանակ երկաթուղին անվճար էր
Մոտ 10 տարի է, ինչ Մանկական երկաթուղում աշխատում եմ որպես պահակ: Մինչ այդ երկար տարիներ աշխատել եմ որպես այգու ատրակցիոնների մեխանիկ:
Մանկական երկաթուղում շատ բան է փոխվել: Խորհրդային տարիներին գնացքն աշխատում էր անգամ ձմռանը` կային հատուկ ձմեռային վագոններ: Այդ ժամանակ «տոմս» հասկացություն չկար, երկաթուղին անվճար էր:
Լուսանկարը`Dzd-ussr.ru:
Մանկությունս ու պատանեկությունս եւս այս այգում են անցնել: Պիոներ էի, կարմիր վզկապը հագիս կանգնում էի կառամատույցի մոտ ու դրոշակը թափահարելով ողջունում ժամանող գնացքները: Լավ ժամանակներ էին:
Նկարիչ Հենրիկ Գարուկյան` այգին ավանդաբար համարվում էր կոնդեցիների հանգստի վայրը
1980-ականներին Մանկական երկաթուղու տնօրենը մասնագիտությամբ դերասան Ղազարոս Ներսիսյանն էր: Որպես դերասան գրեթե հանդես չէր գալիս, իսկ էությամբ գերազանց կազմակերպիչ էր: Մինչ Մանկական երկաթուղու տնօրեն դառնալը նա Կուլտուրայի երրորդ տան տնօրենն էր: Թեեւ այդ Կուլտուրայի տունը բավականին աննկատ էր դրսից, ներսից կյանքը «եռում» էր: Այն ուներ երաժշտական դպրոց, երգչախումբ, ելույթ էին ունենում Ռաիսա Մկրտչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը…
Ես նույնպես աշխատում էր այդ Կուլտուրայի տանը,Ղազարոս Ներսիսյանի հետ լավ ընկերներ էինք ու երբ նա Մանկական երկաթուղու տնօրեն նշանակվեց, առաջարկեց, որ տեղափոխվեմ այնտեղ`որպես գեղարվեստական մասի վարիչ: Մեր նպատակն էր «աշխուժացնել», նոր շունչ հաղորդել մանկական երկաթուղուն, որը աստիճանաբար կորցնում էր իր արդիականությունը`բացվել էր մետրոն, եւ երեխաներին գնացք նստելու ցանկությունը հաճախ բավարարում էին հենց վերջինիս միջոցով:
Լուսանկարը`Դ. Սմիրնով:
Մանկական երկաթուղու այգին ավանդաբար համարվում էր կոնդեցիների հանգստի վայրը եւ մեզ բավականին լարված ընդունեցին,սակայն որոշ ժամանակ հետո ամեն ինչ հարթվեց: Այդ տարիներին այգի գրեթե ոչ ոք չէր գալիս, գնացքն էլ հազվադեպ էր տեղից շարժվում:
Տարածքում փոքր մարզադաշտ կար, որտեղ ֆուտբոլ էին խաղում նաեւ խուլ եւ համրերի դպրոցի երեխաները: Տարօրինակ զգացողություն էր` խաղի ժամանակ լսվում էր միայն գնդակի ձայնը:
Մեր կոլեկտիվը բաղկացած էր 5 հոգուց: Ամեն առավոտ ծառայողական ավտոբուսով գնում էինք աշխատանքի, իսկ «գրասենյակի» դերում հանդես էր գալիս մի քարե տնակ: Ձմռան օրերին բավականին ձանձրալի էր ամբողջ օրն անցկացնել այնտեղ, չնայած նրան, որ ամբողջությամբ ձյունածածկ տարածքը շատ գեղեցիկ էր:
Այդ տարիներին այգում այնքան ընկուզենի կար, որ ցերեկը ճյուղերի տակ մութ էր լինում:
Ամռանը կյանքն աշխուժանում էր` անապահով ընտանիքներից երեխաների համար կազմակերպվում էր ամառային ճամբար: Յուրաքանչյուր առավոտ 50-100 երեխա էր գալիս Մանկական երկաթուղու այգի, որտեղ նրանք խաղում էին, սնվում, զբոսնում:
Լուսանկարը`Մեդիամաքս
90-ականներին այգին անցավ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ: Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ տարածքում անցկացվեց քանդակի սիմպոզիում: Մոտ երկու ամիս այնտեղ քանդակագործներ էին աշխատում, իսկ վերջում պատրաստի աշխատանքը նվիրում էին այգուն: Մի քանդակ էլ`հովազի պատկերով, պատրաստվեց թունելի վերեւում`ժայռերի մեջ:
Մանկական երկաթուղին այսօր
Մանկական երկաթուղու եւ հարակից այգու սեփականատերերն են Սամվել եւ Արմեն Գեւորգյանները: Մանկական երկաթուղու տնօրեն Արմեն Գեւորգյանը մեզ պատմել է, որ այն աշխատում է ամեն օր, առանց հանգստյան օրերի, ժամը 10:00-ից մինչեւ վերջին այցելուն: Տոմսի արժեքը 300 դրամ է: Գնացքի մեկնման եւ ժամանման հստակ ժամանակացույց չկա: Ուղեւորությունը տեւում է 15 րոպե, որի ընթացքում այն անցնում է երկու կայարանների մոտով՝ «Ուրախություն» եւ «Պիոներական»:
Նախատեսվում է իրականացնել կայարանի շենքի համալիր վերանորոգում: Արմեն Գեւորգյանն ասել է, որ ապագայում ծրագրում են շենքում մանկական սրճարան եւ փոքր կինոթատրոն բացել:
Կայարանի շենքի ներսում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախաձեռնությամբ իրականացվել են կայարանների, շարժակազմի եւ գծերի վերականգման եւ արդիականացման աշխատանքները:
«Ամբողջությամբ վերանորոգվել են շոգեքարշը եւ ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Կարող ենք ասել, որ Մանկական երկաթուղու անվտանգությունն ապահովված է»,- մեզ պատմել է ՀԿԵ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետ Արթուր Եդիգարյանը:
Լուսանկարը`Մեդիամաքս
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը մեզ ասել է, որ թեեւ Մանկական երկաթուղին որեւէ անմիջական կապ չունի ՀԿԵ-ի հետ, այնուամենայնիվ, ընկերությունում որոշեցին, որ այն այլեւս չի կարող շահագործվել նախկին տեսքով:
«Այս համալիրի զարգացման հեռանկարը մենք տեսնում ենք ոչ միայն ժամանցի ապահովման տեսանկյունից, այլեւ մտածում ենք համալիրի հիմքի վրա ստեղծել մանկական ուսումնական կենտրոն, որտեղ պատանիները, մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտություններին»,- ասել է Վիկտոր Ռեբեցը:
Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Լիլիթ Տեր-Մինասյանին, Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան), Մուշեղ Գարուկյանին:
Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: