Կարինա Մանուչարյան. Անմոռանալի - Mediamax.am

7446 դիտում

Կարինա Մանուչարյան. Անմոռանալի


Լուսանկարը`


Առավոտ է: Խոհանոցի պատուհանից նայում եմ դիմացի շենքի ամենականաչ ու կոկիկ պատշգամբին, որտեղ մի հոգատար տարեց կին ջրում է իր բազմերանգ ծաղիկները: Այդ տանը մի զույգ է ապրում` տատիկ ու պապիկ: Տարիներ շարունակ նրանք առավոտները դուրս են գալիս պատշգամբ, տատիկը ծաղիկներն է ջրում, իսկ պապիկը՝ թեյ խմում: Հիանում էի իրենցով: Սակայն կես տարի առաջ ձմռանը, նոր տարվա նախօրեին, նրանցից ոչ մեկը պատշգամբում չէր երևում: Անցնում էին օրեր, կանաչները թոշնել, չորացել էին, դուռը պինդ փակված էր: Անհանգիստ էի. «Միթե՞ ինչ-որ բան է պատահել»: Հույսս չէի կտրում, որ մի օր նորից կտեսնեմ նրանց: Ձմեռը վերջանալու վրա էր, և մի լուսագեղ օր տատիկը վերջապես հայտնվեց: Չգիտեմ ինչու, ուրախությանս չափ չկար, սակայն նկատեցի, որ միշտ մենակ է: Նույնպես առավոտյան դուրս էր գալիս՝ ծաղիկները ջրելու, որոնք նորից ծաղկել, աչք էին շոյում, բայց այսուհետ` մենակ:

 

Ջեռոցից անուշ թխվածքի հոտ եկավ, մտքերս հետ բերելով խոհանոց, որտեղ ամեն ինչ պատրաստել եմ փրփրուն կրեմ սարքելու համար: Ամեն անգամ սերուցքը հարելիս վերադառնում եմ մանկություն, որտեղ ես՝ փոքր աղջնակ, կանգնած աթոռին, ուշադիր նայում եմ տատիկիս հմուտ ձեռքերին ու թասին, որտեղ կախարդանքի պես բարձրանում, հարվում են դեղներանգ շաքարը, սերուցքն ու կարագը: Ես գիտեի` երբ տատիկը վերջացնի հարելը և քսի կրեմը խմորի վրա, ինձ կհասնեն թասն ու գդալը, որոնք կարելի էր անվերջ լպստել: Ա՜խ, անմոռանալի են այդ հոտն ու համը:

 

Հետո աշխատանքից տուն էր վերադառնում պապիկը, ինձ գրկում ու ասում էր. «Ա՜յ քաղցրակեր, արի գնանք զբոսանքի, տեսնենք ծառերից ի՞նչ համեղ բաներ կարող ենք քաղել»: Եվ իրո՜ք, գնում, տեսնում էինք` ծառերից փոքր, դեղին հատիկներ էին կախված: Զարմանքիս չափ չկար, երբ ձեռքը մեկնում, պոկում էի հատիկը, պարզվում էր` կիտրոնի համով կլոր կոնֆետ է: Համոզված էի` պապիկս հրաշագործ է...

 

Դե, կարծես թխվածքը պատրաստ է, մնաց մոշով զարդարեմ, դեղձ ու խնձոր կողքից կտրեմ:

 

Լինում էր, քույրիկիս հետ մնում էինք մյուս տատիկ-պապիկի տանը: Նրանք մեզ իրենց հետ շուկա էին տանում։ Այնտեղից է՜լ դեղձ, է՜լ խնձոր, ամեն տեսակ միրգ-բանջարեղեն էինք առնում, ծանր-ծանր հետ էինք գալիս տուն ու նստում ճաշելու: Գիտնական պապիկս մի խաղ էր հորինել մեզ համար` երկու մեծ բառարան էր բացում, դնում էր սեղանին այնպես, որ ես քույրիկիս ափսեն չտեսնեմ, նա էլ` իմը: Ասում էր. «Դե՜, ձեզ տեսնեմ, ու՞մ ափսեն ավելի մաքուր կլինի»: Մենք էլ, իհարկե, շա՜տ պատասխանատու էինք մոտենում այդ առաջադրանքին: Օրվա վերջ, քնելուց առաջ տատիկին խնդրում էինք, որ հեքիաթ պատմի: Քույրիկս փոքր էր, շուտ քնում էր, իսկ ես պտտվում էի պատի կողմ, ուշադիր զննելով պատից կախված գորգի նախշերը, ու լսում էի իմ սիրելի պատմությունները այն մասին, թե տիկնիկները որտեղից են գալիս, հայտնվում մեր աշխարհում: Հիմա այդ տատիկը էլ չկա, պատից կախված գույնզգույն գորգը՝ նույնպես, իսկ պապիկս երեկոյան թեյ է խմում մեն-մենակ... Հայացքս գցեցի հարևանների պատշգամբին: Այստեղ էլ այն տատիկն է մենակ կանգնած: Ժամանակը շա՜տ թանկարժեք բան է մեծերի համար:

 

Այսօր թխվածքս մտերիմներիս համար եմ պատրաստել, արդեն ճանապարհին են: Ամեն անգամ երջանիկ ժպտում եմ` տեսնելով, թե ինչպես են մանկությանս հրաշագործները գրկում որդուս՝ իրենց ծոռանը։

 

Ամեն ինչ շարունակելի է: Մի օր էլ կգա իմ հերթը փոքր ամենօրյա հրաշքներ գործելու թոռներիս համար: Իսկ մեծերը ինչքան էլ հեռու չգնան, նրանք միշտ կմնան մեր սրտերում` անուշահամ թխվածքի ու կոնֆետների, բառարանների, հեքիաթների և գորգի զարմանահրաշ նախշերի մեջ: Անմոռանալի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին