Պետք է սիրել սովորենք, ասում է հայտնի լուսանկարի հերոսուհին - Mediamax.am

exclusive
63265 դիտում

Պետք է սիրել սովորենք, ասում է հայտնի լուսանկարի հերոսուհին


Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյան/Hetq.am

Լուսանկարը` Վահան Արծրունու ֆեսբուքյան էջից


Խորենացի փողոցում նախօրեին պատ կազմած ոստիկաններից մեկին գրկած աղջկա լուսանկարը Ֆեյսբուքի հայկական տիրույթում էմոցիաների մեծ տարափ առաջացրեց: Քչերը կարողացան անտարբեր անցել «Հետք» պարբերականի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի ֆիքսած կադրի կողքով:

 

Մեդիամաքսը որոշեց գտնել օրվա հերոսուհուն եւ պարզել, թե ինչ է կատարվել կադրից այն կողմ:

 

Լուսանկարում ծննդով Թեհրանից Արինե Սուքիասյանն է, ով Երեւան բնակության է տեղափոխվել 20 տարի առաջ: Մասնագիտությամբ ճարտարապետ Արինեն նաեւ սիրողական դերասանական գործով է զբաղվում:

 

Նա պատմել է, որ միշտ մասնակցում է քաղաքացիական շարժումներին, որովհետեւ կարծում է, որ հասարակությունը պիտի թիկունք թիկունքի կանգնած լինի:

Լուսանկարը` Վահան Արծրունու ֆեսբուքյան էջից

«Այս անգամ էլ առաջին օրից մասնակցում եմ: Ես ընդամենը քաղաքացի եմ, մարդ, ում երկրում, ում տան մեջ հիմա խառնաշփոթ է եւ ուղղակի չեմ կարող պատկերացնել, որ իմ ներկայությամբ կարող են իրար հետ կռիվ անել: Դա նույնն է, որ տանը վիճենք մեր հարազատների հետ եւ իրար վրա զենք բարձրացնենք: Պիտի երկուսին էլ լսենք, ոչ թե ծեծելով, ջարդելով հարցերը լուծենք»,- Մեդիամաքսին ասել է նա:

 

«Մենք կանգնած էինք Խորենացի փողոցում՝ այսպես կոչված առաջին գծում: Ոստիկանները շարքով կանգնած էին, երկրորդ խումբը եկավ: Մենք ավելի մոտ կարողացանք առաջանալ: Ես ու ընկերուհիս խոսում էինք իրենց հետ: Սկսեցի ոստիկանների աչքերի մեջ նայելով` հերթով հարցնել. «Հիմա որ քեզ հրամայեն, ինձ վրա կկրակե՞ս, դու կկրակե՞ս, իսկ դու կկրակե՞ս»: Մինչ այդ տղայի հենց դիմաց կկանգնեի ու կհարցնեի, նայեցի դեմքին, միանգամից գոռաց. «Չէ, ես չեմ կրակի»: Չեմ կարող բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Զգացմունքային մարդ չեմ, բայց բավական զգայուն եմ նման պահերին: Երբ գոռաց` «չեմ կրակի», քար լռություն եղավ մի քանի վայրկյան, բոլորը սառեցին: Նայեցի իրեն, նորից հարցրեցի, նորից ասաց, որ չի կրակելու, անկախ ինձանից վազեցի եւ գրկեցի նրան: Այնքան ինքնաբերաբար ստացվեց այդ պահը: Ինքն էլ ինձ մի ձեռքով գրկեց, քանի որ ազատ չէին ձեռքերը, իրենք շղթա կազմած էին կանգնած: Մի քանի վայրկյան լռությունից հետո մարդիկ սկսեցին ծափահարել: Իրենց ղեկավարներն էլ ոչինչ չասացին: Երբ երկրորդ անգամ գրկեցի նրան, երեւի այդ ընթացքում են արել լուսանկարը: Ես զուտ պահի զգացմունքային դաշտի տակ էի, նույնիսկ չէի հասկանում` ինչ է կատարվում: Միայն հետո էի հիշում, թե ինչպես եղավ»:

 

Նա նշել է, որ դեմ է ատելությանը եւ ոստիկաններից ոչ մեկին չի ատում.

 

«Երեկոյան տեսա, որ այդ ոստիկանն ինձ ավելացրել է «Ֆեյսբուք»-ի իր ընկերներում: Ես հիմա նաեւ նրա անունը գիտեմ, ինչպե՞ս կարող եմ ատել նրան: Եթե իրենց տեսնեք, հնարավոր չի ատել: Նրանք նախանձելի վիճակում չեն: Ես որեւէ կոչ չեմ անում, պարզապես ասում եմ, որ մենք բոլորս պետք է արթնանանք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ազգի համար այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ իրավունք չունենք իրար չսիրել: Ես հանդուրժել բառը չեմ գործածում: Մենք պետք է սիրել սովորենք, սիրելը աշխատանք է, պետք է սովորենք այդ աշխատանքն անել: Իսկ հանդուրժելու հիմքում հենց սիրելն է: Մենք սիրում ենք մեր եղբորը, ծնողներին եւ, այդպիսով, հանդուրժում ենք նրանց ու նրանց քայլերը, անկախ այն բանից` դրանք մեզ դուր գալի՞ս են, թե՞ ոչ: Մեր ազգը սովոր է ինքնապաշտպանվել: Մենք փորձում ենք ընկերներ հավաքել, բայց սիրելու փոխարեն դիմացինի մեջ նախ թշնամի ենք փնտրում: Եթե թշնամի չեղավ, ուրեմն կարելի է ընկեր համարել: Ոչ, դա սխալ է, նախ պետք է սիրել, որպեսզի կարողանանք ճանաչել մարդուն ու հասկանալ` նա թշնամի՞ է, թե՞ ոչ: Ժամանակն է արթնանալու, այս վիճակից դուրս գալու, հերիք է թշնամի տեսնել ամեն մարդու եւ իրադարձության մեջ»:

 

Մարի Թարյան

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի/«Հետք»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին