ՄԻՊ գրասենյակը հրապարակել է ՀՀ դատական ատյաններում կաշառքի չափը - Mediamax.am

3263 դիտում

ՄԻՊ գրասենյակը հրապարակել է ՀՀ դատական ատյաններում կաշառքի չափը


ՄԻՊ գրասենյակը հրապարակել է ՀՀ դատական ատյաններում կաշառքի չափը
ՄԻՊ գրասենյակը հրապարակել է ՀՀ դատական ատյաններում կաշառքի չափը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բացահայտել է Արդարադատության խորհրդի եւ Վճռաբեկ դատարանի կողմից ակնհայտ երկակի չափանիշների կիրառման, ինչպես նաեւ օրենքի պահանջների խախտման մի շարք դեպքեր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր, ներկայացնելով Հայաստանում արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն ասել է, որ Արդարադատության խորհրդի կողմից մի շարք խախտումներ եւ երկակի չափանիշներ  են կիրառվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս եւ կարգապահական տույժի ընտրության ժամանակ:

 

Վճռաբեկ դատարանի մասով ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ դատարանը երկակի չափանիշներ է կիրառել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս:

 

«Մենք բացահայտել ենք, որ 9 գործերով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վճռաբեկ բողոքներ, որոնք ընդհանրապես հղում կամ հիմնավորում չեն պարունակել բողոքի ընդունելիության հիմքերի վերաբերյալ: Սա առավել քան ակնհայտ երկակի չափանիշների կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր հստակ հիմնավորումներ են ներկայացրել բողոքի ընդունելիության վերաբերյալ: Սա նաեւ օրենքի պահանջի ակնհայտ խախտում է, քանի որ վերոնշյալ 9 բողոքները վերադարձման ենթակա են եղել»,- ասել է պաշտպանի տեղակալը:

   

Զեկույցի մշակման նպատակով ՄԻՊ գրասենյակի աշխատանքային խումբը  շուրջ 120 հարցազրույց է իրականացրել փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավաբան-փորձագետների շրջանում, ուսումնասիրվել է 2012-2013 թթ. Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունված բոլոր վճռաբեկ բողոքները, Արդարադատության խորհրդի 2006-2013 թթ. բոլոր որոշումները եւ այլն:

Հարցազրույցների ընթացքում փոխանցված գաղտնի տվյալների համաձայն պարզ է դարձել, որ դատական կաշառքի միասնական չափանիշներ չկան:

 

«Ընդհանուր կարծիք է հնչել, որ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10%-ի չափով, եւ այն տարբերակված է ըստ դատական ատյանների: Այսպես, հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքները տատանվում են հետեւյալ միջակայքում. առաջին ատյանի դատարան` $‌500 - 10 000, Վերաքննիչ դատարան` $‌2000 - 15 000, Վճռաբեկ դատարանում` $‌10 000 - 50 000»,- հայտնել է Գենյա Պետրոսյանը:

 

Նա նկատել է, որ այս տվյալները տրամադրել են թե գործող, թե նախկին դատավորներն ու դատախազները: ՄԻՊ գրասենյակը հարցազրույցներն իրականացրել է` առաջնորդվելով  տեղեկատվական աղբյուրների գաղտնիության ապահովման սկզբունքով, եւ այդ տվյալները իրավասու չէ ներկայացնել իրավապահ մարմիններին:

 

«Մեր նպատակն է բացահայտել երեւույթը, այլ ոչ թե կոնկրետ գործերը:  Կարծում ենք, այս տվյալները պետք է հիմք դառնան մեր իրավապահ մարմինների համար»,- ասել է ՄԻՊ տեղակալը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին