Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում ընթանում է թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում:
Արդեն գրեթե պատրաստ են դպրոցի հիմքերը, առաջիկայում շինարարները նախատեսում են ավարտել բետոնալցման աշխատանքները եւ սկսել կառուցել պատերը:
Շինարարությունն իրականացնում է «Կանակա» ընկերությունը:
Դպրոցի հիմնարկեքի արարողությունը կկայանա սեպտեմբերի 25-ին:
Դպրոցը շահագործման կհանձնվի 2013 թվականին:
***
Այս պատմությունը սկսվեց 23 տարի առաջ:
1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:
2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ, ով այժմ բնակվում է Ավստրալիայում եւ գլխավորում է Do Something կազմակերպությունը, որը հիմնել է մեծ թենիսի աստղ, Ուիմբլդոնի չեմպիոն Պէտ Քեշի հետ համատեղ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը, Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock / Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատանը:
Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որն առ այսօր տեղակայված է երկաթե տնակներում “դոմիկներում” եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում է տաղանդավոր երեխաների:
Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել է դպրոցի անապահով սաներին: Դպրոցը վերակառուցելու հույսը հայտնվեց մոտ 5 տարի առաջ, երբ Գյումրի այցելեցին ամերիկահայ Էդվարդ եւ Ժանետ Մարդիգյանները` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ուղեկցությամբ: «Երբեք չեմ մոռանա այդ երեխաներին: Ամեն անգամ, երբ հիշում եմ նրանց կատարումները, աչքերիս արցունքներն են հայտնվում», - ասել է Ժանետ Մարդիգյանը: Նրանք երբեք չեն դադարել մտածել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի մասին:
Երեխաների կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:
2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգ, ինչի շնորհիվ 45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:
2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրվել է մոտ 110.000 ԱՄՆ դոլար: Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունն են ունեցելնաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոստացել է աջակցել նախագծին` հատկացնելով 10 մլն դրամ:
2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water:
Ս.թ. հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված են Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված եւ հազվագյուտ երգերի հավաքածուն: Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին կփոխանցեն 15.000 ԱՄՆ դոլար` որպես կանխավճար, իսկ մնացած գումարը կփոխանցվի սկավառակի վաճառքից հետո:
ՀՕՖ-ը վերջերս Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Հաջորդ օրը Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն տվեց սկսել նախագծի իրագործումը:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման երազանքը մոտ է իրականություն դառնալուն: Մի առիթով Իէն Գիլանը այս դպրոցն անվանեց «մեծ խորհրդանիշ»: Իսկապես, 23 տարի առաջ ծնված այս նախագիծը, բարեգործության ու արվեստի համադրություն է, որի նպատակն է աջակցել տաղանդավոր երեխաներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: