Երեւան: Մեդիամաքս: Այսօր "Քլաբորատորիա” ակադեմիական ակումբում մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ, ովքեր իրենց կոչել են "Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժում”, տեղի է ունեցել "Պուտին” ակումբի պաշտոնական բացման ծաղրանմանակումը:
Մեկ բաժակ “Պուտինկա” օղիով ակումբի բացումն ազդարարելուց հետո նախաձեռնության անդամները խոստացել են, որ ամեն ինչ լավ է լինելու եւ միաձայն աղաղակել հետեւյալ տողերը` “В светлый путь он нас ведет, он надежду нам дает, мы за Путина-вперед!”.
![Հիմարության մեխանիկան Հիմարության մեխանիկան](https://c0.mediamax.am/datas/znews/thumb_59f2266ad861a1a69d634faf11a925b8.jpg)
Նախօրեին, երբ հայտնի եղավ պատրաստվող ծաղրանմանակման մասին, Անդրանիկ Նիկողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ`
«Հայտնում եմ իմ խորին վրդովմունքը հայկական ԶԼՄ-ներ ներթափանցած այն տեղեկության առնչությամբ, որ հունվարի 31-ին Երեւանում բացվում է “Պուտին” ակումբը: Ավաղ, նախանձ եւ անարդար մրցունակությունը դրդել են մի շարք անհասկանալի մարդկանց եւ կազմակերպությունների փորձել գողանալ ակումբի ստեղծման մասին ԱՊՀ Երիտասարդական կենտրոնի գաղափարը: Իրական “Պուտին” ակումբի բացումը տեղի կունենա փետրվարի 2-ին Ռուսական գրքի տանը եւ իրեն ամբողջովին կնվիրի Վլադիմիր Վլադիմիրովիչի գաղափարների եւ ծրագրերի տարածմանը”:
Դրանից հետո ռուսական ““Արեւելք- Արեւմուտք” միջազգային բարեկամության միության” նախագահ Ռասիմ Դանդառովը քննադատել էր Նիկողոսյանին` ասելով, որ “Հայաստանի տարածքում խարդավանքի շահերից ելնելով` Ռուսաստանի նախագահի թեկնածու Վ.Վ. Պուտինի անվան ոչ պատշաճ օգտագործման մասին”:
«Մենք “սեւ փիառ” ենք համարում Արեւմտյան շրջանակների շահերից բխող Պուտինի անունով գովազդային ակումբների ստեղծումն առանց Պուտինի նախընտրական շտաբի թույլտվության ”, - ասել էր Դանդառովը:
“Այլ շարժումների նմանությամբ մեծ ֆինանսավորում չունենք, ավելի ինքնաբուխ եւ անկախ ակումբ ենք, սակայն մեր ձեռքը պարզած է մնում մյուս բոլոր կեղծ ակումբների համար”,-ասել է ակումբի հիմնադիրներից Նարեկ Մարգարյանը:
Շարունակելով միջոցառմանը ներկա գտնվող լրագրողների հարցերին իրեն վերագրված դերին համապատասխան պատասխաններ տալը` Նարեկ Մարգարյանը ասել է. “Մենք հասկանում ենք այլ ակումբներին, որոնք, կրկնօրինակելով մեր ծրագրերը, փորձում են մեզանից մեկ օր առաջ բացվել, սակայն մենք Պուտինի մեծարման տարածաշրջանային առաջատարն ենք լինելու”:
Խոսելով ակումբի հետագա ծրագրերի մասին` հիմնադիրները նշել են, որ առաջիկայում կազմակերպելու են “Պուտինի մեծարման մեկամսյակ կամ տարի”:
Ներկայացման ավարտից հետո նախաձեռնության անդամներից Էդգար Բարսեղյանն ասել է, որ իրենք այս քայլով ուզում են շեշտել, որ նման ակումբները պետք է պատասխանատվություն կրեն սեփական քայլերի համար պետության եւ հանրության առջեւ:
“Ուղղակի հնարավոր չէր ավելի ակնհայտ ասել այն, ինչ ասացինք այս քայլով”,-իր հերթին հավելել է Նարեկ Մարգարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: