Շենգենյան վիզայի դիմումներ կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկը» - Mediamax.am

21499 դիտում

Շենգենյան վիզայի դիմումներ կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկը»


Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է։

Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս  Քիսլերն այսօր պատասխանելով Մեդիամաքսի հարցին՝ ասել է. 

 

««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։

 

Դեսպանն ընդգծել է, որ  մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։

 

«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը։

 

Նա տեղեկացրել է, որ վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները այսուհետ եւս կայացվելու են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։

 

Ազգային վիզաների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը։

 

Հայաստանում «ՎիզաՄետրիկ» ընկերության ներկայացուցիչ եւ ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան էլ տեղեկացրել է, որ  նման կենտրոններ նախատեսում են բացել նաեւ Ադրբեջանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Չինաստանում։

 

Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը նշել է, որ այս փոփոխության արդյունքում կրկնապատկվի դիմումների քանակը։

 

«Մենք կկենտրոնանանք դեսպանության բուն իրավասությանը վերաբերող խնդիրների՝ դիմումների քննության եւ որոշումների կայացման վրա»,-ասել է նա։

 

Դեսպանության աշխատակիցը հայտնել է, որ 2017 թվականին Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմումներ եւ տրամադրել է շուրջ 14 000 վիզա։ Մերժումների չափաքանակը կազմել է 7,8%։

 

«Այսուհետ դիմումատուն հնարավորություն կունենա առցանց հետեւել իր դիմումի ընթացքին։ Անձնագրերի վերադարձը հնարավոր կլինի նաեւ փոստային ճանապարհով։ Կարելի է օգտվել նաեւ կենտրոնի այլ վճարովի ծառայություններից, այդ թվում՝ պատճենահանում, անձնագրային լուսանկարներ եւ թարգմանություններ», - նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին