«Ոսկե Ծիրան»-ն այս տարի նվիրված կլինի Անկախության 25-ամյակին - Mediamax.am

2488 դիտում

«Ոսկե Ծիրան»-ն այս տարի նվիրված կլինի Անկախության 25-ամյակին


Ռալֆ Յիրիկյանը, Հասմիկ Պողոսյանն ու Հարություն Խաչատրյանը
Ռալֆ Յիրիկյանը, Հասմիկ Պողոսյանն ու Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 10-17-ը Երեւանում կկայանա 13-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:

««Ոսկե Ծիրան»-ի շրջանակում պետք է ամփոփենք լավագույն հայկական ֆիլմերը, փաթեթներ կազմենք ու ուղարկենք տարբեր երկրներ՝ անկախության 25-ամյակին նվիրված տարաբնույթ կինոցուցադրություններ կազմակերպելու համար: Տարբեր երկրներ պատրաստ են ընդունել այդ ֆիլմերը, այնպես որ պիտի օբյեկտիվ ընտրություն կայացնենք: Շատ կցանկանամ, որ փառատոնն այդ մասով կարողանա իրականացնել իր առաքելությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Այս տարի կինոփառատոնը ստացել է մասնակցության ավելի քան 900 հայտ 91 երկրից: Մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ընգրկվել է 135 ֆիլմ:

 

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի փոխանցմամբ՝ փառատոնի պաշտոնական ազդագրի հեղինակը կրկին Գարիկ Մարտիրոսյանն է:

 

«Մտավախություն ունեինք 13 թվի հետ կապված, քանի որ շատերը սնահավատորեն են մոտենում դրան: Նույնիսկ մտածում էինք փառատոնն այս տարի 12,5 անվանել: Սակայն Գարիկը հետաքրքիր լուծում առաջարկեց՝ 13 թիվը պարզապես չենք շեշտադրում»,- ասել է Սուսաննա Հարությունյանը:

 

«Ոսկե Ծիրան»-ի այցեքարտը դարձած «Երեւանյան Պրեմիերաներ» ծրագրի շրջանակում այս տարի կկայանան նաեւ հայկական ֆիլմերի պրեմիերաներ:

 

Անդրադառնալով հայտնի հյուրերի մասնակցությանը՝ փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ նրանց անունները կհրապարակվեն փառատոնին նախորդող շաբաթվա ընթացքում:

 

«Հայտնի հյուրեր ունենք, գալու են ֆրանսիական, դանիական, գերմանական կինոյի ռեժիսորներ: Հայտնի դերասանների գալու ավանդույթն այնքան էլ չեմ սիրում, բայց գիտեմ՝ դուք շատ սիրում եք, դրա համար էլ կփորձենք մի բան անել: Ավելի ուշ կկխոսենք դրա մասին»,- ասել է Հարություն Խաչատրյանը:

 

Նա տեղեկացրել է, որ այս տարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում գտնվող «Աստղերի Պուրակ»-ում կտեղադրվեն Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի եւ Ալբերտ Յավուրյանի աստղերը:

 

Փառատոնի շրջանակում այս տարի կանցկացվի նաեւ «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, եւ կներկայացվեն Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմեր:

 

Փառատոնը կանդրադառնա նաեւ Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին՝ ցուցադրելով գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն ֆիլմերը:

 

Այս տարի կանցկացվեն նաեւ «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» եւ «Բասկական նոր կինո» ծրագրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին