Հայաստանի կառավարությունն այս տարվա հունիսին որոշում է կայացրել 50 մլն դրամ հատկացնել Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընդհանուր ծախսերը կկազմեն 140 մլն դրամ: Այն նախատեսվում է կառուցել Աբովյան պուրակի հարակից տարածքում:
Մեդիամաքսը շենքի կառուցման, ապագա թանգարանի ու սպասվող ծրագրերի մասին զրուցել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ:
Կենտրոն՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի գաղափարախոսության
«Մշակույթը հայրենիք է ստեղծում, անանուն ժողովուրդը մշակույթով դառնում է ազգ, աշխարհագրական տարածքը՝ հայրենիք»:
Հրանտ Մաթեւոսյանի այս գաղափարախոսությամբ էլ հիմնադրամն արդեն տասնյակ տարիներ ձեռնամուխ է եղել կենտրոնի ստեղծմանը: Դավիթ Մաթեւոսյանը նկատում է, որ «մեր այսօրվա իրականությունն ու հրամայականները պարզագույն ձեւով փաստում են Մաթեւոսյանի այդ ասածը»:
«Մենք պետք է գիտակցենք մշակույթի՝ որպես գաղափարական հենքի դերը երկրի զարգացման հարցում: Ստեղծում ենք մշակույթի կենտրոն, օջախ՝ ըստ մշակույթի հանդեպ Հրանտ Մաթեւոսյանի ունեցած հայեցակարգի: Իսկ թանգարանը կլինի այդ կենտրոնի մի մասը միայն»,- ասում է հիմնադիրամի տնօրենը:
Ըստ Դավիթ Մաթեւոսյանի՝ կենտրոնի կառուցման հարցում կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մշակութային եւ բնապահպանական: «Սահմանային վիճակ է, քանի որ խիտ կառուցապատված վայրում՝ Աբովյան պուրակի հարեւանությամբ գտնվող տարածքում է նախատեսվում շինարարությունը: Նախկին կանաչ գոտու մեջ է, սակայն այժմ, մեղմ ասած, զուգարանի է վերածվել, ծառերը չեն խնամվում, մահանում են: Դա վաղուց սեփականաշնորհված տարածք է, որը վերադարձվել է պետությանը: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը սա ստանում է որպես փոխհատուցում նախկին, խափանված տարածքի»:
Լուսանկարը` «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամ
Երեք տարի առաջ իրարամերժ ուժերի մասնակցությամբ հանրային քննարկում է տեղի ունեցել, որից հետո նախապայման է դրվել, որ ճանապարհի երկու կողմերի կանաչ տարածքը վերածվի բնապահպանական-մշակութային միջավայրի:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների ընթացքում հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հարակից ճանապարհը կոչվի գրողի անունով:
«Խոսքն ապագային միտված միջավայր ստեղծելու մասին է, որը Հայաստանում պիտի ձեւավորի մտածող, մշակույթ գնահատող եւ ստեղծող անհատի»,- նշում է Դավիթ Մաթեւոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հատկացված գումարները շատ քիչ են եւ հազիվ բավականացնեն նախապատրաստական աշխատանքների մեկնարկին: Նա կոչ է անում բոլոր բարերարներին աջակցել թանգարանի կառուցմանը:
«Պետք է շեշտեմ նաեւ, որ անմխիթար վիճակում է գտնվում Հրանտ Մաթեւոսյանի հայրական տունը: Օր առաջ պետք է մտածել այն վերականգնելու եւ թանգարանի վերածելու մասին»,- հավելում է հիմնադրամի տնօրենը:
Կանաչապատ տարածքում անտառակ կամ զբոսայգի է հիմնվելու, բաց դասեր, ցուցադրություններ, զրույցներ կանցկացվեն:
Լուսանկարը` «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամ
«Զուտ տուն-թանգարան կառուցելու գաղափարից մենք ի սկզբանե հրաժարվեցինք, որովհետեւ դա, որպես երեւույթ, մեռած է: Կենտրոնի մի մասում կլինի գրողի բնակարանի միջավայրը, որտեղ նա ապրել եւ աշխատել է: Ունենք ցուցադրելու իրեր, ձեռագրեր, բայց մեր հիմնական խնդիրը կենտրոնի ստեղծումն է, որտեղ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային հայեցակարգը կբացատրվի եւ կբացահայտվի», - ասում է Դավիթ Մաթեւոսյանը:
Նաեւ գրադարանային տարածք է ստեղծվելու, որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, 20-րդ դարի հայկական եւ արտասահմանյան գրականության լավագույն նմուշների ընթերցումներ կկազմակերպվեն: Նախատեսում են թանգարանում գրողներին եւ մշակութային գործիչներին պարբերաբար ընդունելու հնարավորություն ստեղծել: Դա կլինի հարթակ, որտեղ հայ եւ օտարազգի գրողները կհարաբերվեն, փոխադարձ թարգմանությամբ կզբաղվեն, ծրագրեր իրականացնեն:
«Դահլիճ, ցուցասրահ, մոդելավորված բնակարան, ադմինիստրատիվ մաս եւ երկու կացարան կունենանք: Կացարանները, սակայն, նախագծով դեռ նախատեսված չեն: Անտառակի մեջ երկհարկ կամ եռահարկ շինություն է լինելու, իսկ կանաչապատ տարածքի արահետները կկոչվեն Մաթեւոսյանի գրական ստեղծագործությունների տեղանուններով: Կառուցվելու է գլխատան մոդելով (շենքում երդիկից լույս է ընկնում): Նախկինում այդ մոդելին հազարաշեն էին ասում»:
Ի՞նչ տեսնել գրողի թանգարանում
Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում կմոդելավորվի գրողի իրական տունը, որտեղ ցուցադրությունը կներկայացնի նրա իրերը, ստեղծագործությունները, կբացահայտվեն անհայտ էջեր Հրանտ Մաթեւոսյանի կյանքից:
Տուն-թանգարանի ցուցադրության հայեցակարգը դեռ մշակված չէ, սակայն արդեն կան բազմաթիվ իրեր, որոնք նախատեսում են ներառել ցուցադրության մեջ: Մեդիամաքսն առանձնացրել է մի քանի անձնական իր. թեեւ Մաթեւոսյանն իրապաշտ չէր, սակայն կային իրեր, որոնք կարեւոր տեղ ունեին նրա կյանքում:
Մոխրամանը
Մոխրամանը 1970-ականների կեսերին Հրանտ Մաթեւոսյանին են նվիրել Համո Սահյանն ու նրա կինը: Գրողներն իրար նվերներ անելու հատուկ առիթների կարիք չունեին. լավ տրամադրությունն էլ բավարար էր: Մաթեւոսյանն ու Սահյանը մտերիմներ էին, հաճախ էին իրար այցելում: Մոխրամանը տանը հաճախ չէր կիրառում: Համոյի նվերն էր, վախ կար, որ կկոտրվի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գերմանական ծաղկամանը
Մաթեւոսյանի գործերը գերմաներենով հաճախ էին թարգմանվում: Իրենից ավելի քան 10 տարով մեծ Լեո եւ Շառլոտ Կոշուտները գերմանական հրատարակչատան տնօրենն ու խմբագիրն էին, որոնք էլ տպագրում էին Մաթեւոսյանի գործերը: Նրանց հետ ընկերության փոքրիկ արգասիքն էլ ծաղկամանն է, որը 18-րդ դարում Գերմանիայում գործող ճենապակու գործարանի արտադրություն է: Այդ գործարանն արտադրել է նաեւ անհատական նմուշներ, որոնցից մեկն էլ ծաղկամանն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Չինական սափորը
Չինական սափորը Հրանտ Մաթեւոսյանի ոչ արյունակից եղբոր՝ Անդրեյ Բիտովի նվերներից է: Բիտովի նվերների մեջ որոշակի միտում կար. դրանք որպես կանոն արեւելյան ոճի էին:
Երիտասարդ խոստումնալից գրող Անդրեյ Բիտովը պետք է գործուղվեր Ճապոնիա՝ ակնարկ գրելու, սակայն քանի որ շատ ազատամիտ էր, նրան արգելում են գնալ: Դրա փոխարեն Հայաստան են ուղարկում, ինչի արդյունքում ոչ միայն հայտնի «Հայաստանի դասերը» գիրքը, այլեւ Մաթեւոսյան-Բիտով եղբայրությունն է ծնվում: Այդ ընկերության շնորհիվ Մաթեւոսյանը գրում է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Մեծամորը», «Թափանցիկ օրը», անտիպներից՝ «Հաղարծինը»:
Այցերից մեկի ընթացքում Բիտովը Մաթեւոսյանին է նվիրում չինական սափորիկը: Այն ժամանակին կոտրվել է, բայց վերականգնել են: Մաթեւոսյանի ընտանիքը սափորիկը պահպանում է աչքի լույսի պես:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքը
Խորհրդային միությունում շատ լուրջ դրվում է պետությունների ազգային լեզուն փոխելու եւ առաջնայինը ռուսերենը դարձնելու հարցը: Հայոց ցեղասպանության ճանաչման համար 1965թ. ցույցերից հետո Հայաստանում խմորումներ էին գնում: Ուսանողների եւ արվեստագետների հսկա հատված կար, որոնք պատրաստվում էին ընդդիմանալ որոշմանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ ճնշման պայմաններում էլ՝ 1978թ. տեղի է ունենում Հրանտ Մաթեւոսյանի հանդիպումը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանք Մաթեւոսյանին են նվիրում գրողի «Ծառերը» գիրքը, որի շապիկը նույնությամբ կրկնել էին պղնձի վրա:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: