Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին՝ հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ:
Հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է.
«Հարգելի ընկերներ,
Ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ:
Այդ քստմնելի եւ անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով եւ տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ եւ սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգեւոր կապ եմ զգում:
Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը եւ բոլորիդ գրկելու ցանկությունը:
Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել: Աղոթում եմ, որ իշխանությունները ճիշտ որոշումներ կայացնեն եւ արդարադատությունը ի կատար ածվի այնպես, որ հարգի անմեղ զոհերի հիշատակը, որոնց մենք հիշելու ենք հարգանքով եւ սիրով»:
1989 թվականին Իէն Գիլանը մասնակցեց Rock Aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն էր օգնել 1988թ. երկրաշարժից տուժած Հայաստանին:
2009 թվականին Իէն Գիլանը Հայաստան եկավ Rock Aid Armenia-ի կազմակերպիչ Ջոն Դիի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ Մեդիամաքսի նախաձեռնած «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում: Այդ այցի ժամանակ Գիլանը, Դին եւ Այոմին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը աջակցելու գաղափարի մասին, որից հետո մի քանի տարի դրամահավաք էր ընթանում: 2013թ. սեպտեմբերին Իէն Գիլանը եւ Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: