2015 թ.-ին Դիլիջանում կսկսի գործել ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը:
Կենտրոնի սեփականատերը նախկին Պետական եկամուտների կոմիտեն էր, որն այս տարվա գարնանը միացվեց ՀՀ Ֆինանսների նախարարությանը: Վերակառուցման նախագիծը հեղինակել է «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը, շինարարությունը իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը:
Նախատեսվում է, որ կենտրոնում իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման, վերապատրաստման, այցելուների հանգստի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային համաժողովների անցկացման, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր:
***
«ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է, որ իր արվեստանոցի առջեւ խնդիր է դրված սահմանված ժամկետում պատվիրատուին հանձնել նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կենտրոն:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի անձնական արխիվից
«Մեր առջեւ խնդիր է դրվել ամբողջությամբ վերակառուցել համալիրը, որը գտնվում էր ծայրահեղ անմխիթար վիճակում: Վերակառուցման նպատակն է այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն, որը կունենա հանգստի եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները»,- ասել է Ալբերտ Զուրաբյանը:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի անձնական արխիվից
Հայացք անցյալին
Դիլիջանում ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տուն կառուցելու գաղափարը ծագել էր 1970-ականներին: Ճարտարապետ, հանգստյան տան հեղինակ Հրաչ Պողոսյանը պատմում է, որ այդ տարիներին իր ղեկավար՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն Կորյուն Հակոբյանը իրեն եւ ճարտարապետ Արթուր Թարխանյանին ծանոթացրել էր Խորհրդային Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության քարտուղար Գեորգի Դավիդովի հետ, որը ներկայացրել էր Դիլիջանում կինոմատոգրաֆիստների համար հանգստյան տուն կառուցելու գաղափարը:
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տունը խորհրդային տարիներին
Լուսանկարը՝ Հրաչ Պողոսյանի արխիվից
«Դավիդովը ցանկանում էր, որ հանգստյան տունն ունենա բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ հանգստի, սպորտի, ժամանցի գոտի: Սակայն ամենակարեւոր եւ բարդ խնդիրը կառույցի յուրահատուկ ճարտարապետության ապահովումն էր: Մի քանի օր անց մեկնեցինք Դիլիջան՝ ծանոթանալու տեղանքին: Արթուր Թարխանյանը զբաղվածության պատճառով հրաժարվեց նախագծից, եւ էսքիզները սկսեցի միայնակ անել»,- Մեդիամաքսին պատմել է Հրաչ Պողոսյանը:
Նախագիծն ուղարկվում է Մոսկվա, որտեղ հավանություն ստացավ: «Կարծում եմ, Մոսկվայում գնահատեցին, որ կառույցը ոչ միայն ժամանակակից էր, այլեւ ազգային դիմագիծ ուներ»,- ասում է Հրաչ Պողոսյանը:
Հրաչ Պողոսյանը ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան դիմաց
Լուսանկարը՝ Հրաչ Պողոսյանի արխիվից
Սակայն պետք էր ստանալ նաեւ Խորհրդային Հայաստանի իշխանությունների համաձայնությունը: Ճարտարապետի խոսքերով, Դիլիջանում ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների հանգստյան տան նախագծի միակ ընդդիմախոսը «Պետշինի» նախագահ Գրիգոր Աղաբաբյանն էր:
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տունը խորհրդային տարիներին
Լուսանկարը՝ Հրաչ Պողոսյանի արխիվից
«Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը շահագրգռված էին հանգստյան տան կառուցմամբ, եւ դեմ էր միայն Աղաբաբյանը: Ստիպված եղանք նախագիծը ներկայացնել Կենտկոմին, որն էլ պետք է վերջնական որոշում կայացներ: Աղաբաբյանը քննարկման եկավ մարտական տրամադրությամբ, բայց Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին հաջողվեց նրան համոզել եւ համաձայնության գալ»,- պատմում է ճարտարապետը:
ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության հանգստյան տունը շահագործման հանձնվեց 1983 թվականին: Հանգստյան տան բացման արարողությանը ներկա էին ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար Լեւ Կուլիջանովը, խորհրդային հայտնի կինոռեժիսորներ, դերասաններ: Հանգստյան տան առաջին այցելուներից էին ռեժիսորներ Մարլեն Խուցիեւը, Նիկիտա Միխալկովը, դերասան Արմեն Ջիգարխանյանը:
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տունը խորհրդային տարիներին
Լուսանկարը՝ Հրաչ Պողոսյանի արխիվից
Հրաչ Պողոսյանը պատմում է, որ հանգստյան տան բացումից հետո այն լեփ-լեցուն էր այցելուներով, ովքեր հիացած էին մեծ բացօթյա լողավազանով, ստեղծված հարմարություններով եւ հանգստավայրում իշխող գողտրիկ մթնոլորտով:
«Մինչ կինեմատոգրաֆիստների հանգստյան տան կառուցումը Դիլիջանում արդեն գործում էր ԽՍՀՄ կոմպոզիտորների միության հանգստյան տունը: Պատկերացրե՛ք, թե այդ տարիներին Դիլիջանում ինչպիսի մտավորականներ էին հավաքվում՝ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, կինոյի աշխարհի մարդիկ: Քաղաքն ապրում էր մշակույթով, արվեստով: Ստեղծվել էր մի միջավայր, որն այլեւս չի կրկնվի»,- կարծում է ճարտարապետը:
Ինչպիսի՞ ն է լինելու նոր կենտրոնը
Ալբերտ Զուրաբյանի հավաստմամբ, վերակառուցվող հանգստյան տունը լինելու է «բոլորովին նոր որակի» համալիր:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի արխիվից
«Համալիրը լինելու է ամբողջությամբ սպիտակ գույնի՝ երեսպատված տրավերտին քարով: Շենքի կոմպոզիցիոն կմախքը փորձել ենք անփոփոխ թողնել, քանի որ այն հետաքրքիր լուծումներ ունի: Պահպանում ենք գլխավոր մասնաշենքի ծավալատարածական հորինվածքը»,- ասել է ճարտարապետը:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը, կենտրոնի նախասրահը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի արխիվից
Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Ավելացվելու են վերելակներ, չորս հենասյուների վրա կանգնած նոր լողավազան, օդափոխության նոր համակարգ:
Նոր համալիրը հագեցած կլինի մարզահրապարակներով, մանկական կենտրոններով, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճով, կունենա կինոսրահ, ռեստորան, սրճարան, գեղեցկության եւ խնամքի սրահ, ստորգետնյա ավտոկանգառ:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը, կենտրոնի ռեստորանը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի արխիվից
«Գեղագիտական տեսանկյունից նախընտրեցինք ավելի պարզ կառույց ստանալ: Համալիրը գտնվում է բնության գրկում, եւ փորձել ենք այնպես անել, որպեսզի ճարտարապետությունը չխանգարի բնություն-մարդ կապին: Կարծում եմ, մարդիկ հաճույքով կգան այնտեղ»,- ասել է Ալբերտ Զուրաբյանը:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի անձնական արխիվից
Կառուցվող նոր կենտրոնի առանձնահատկություններից է նաեւ այն, որ դրա էսքիզների մշակման աշխատանքներում ներգրավված է եղել հանգստյան տան հեղինակ Հրաչ Պողոսյանը:
«Նախագծի էսքիզային փուլի ընթացքում ես եւ Հրաչ Պողոսյանը մտքեր փոխանակեցինք ապագա կենտրոնի կառուցման շուրջ: Ես բավարարված եմ մեր համագործակցությունից»,- նկատել է Ալբերտ Զուրաբյանը:
Դիլիջանի նոր կենտրոնի նախագիծը
Լուսանկարը՝ Ալբերտ Զուրաբյանի արխիվից
Հրաչ Պողոսյանի խոսքերով, նոր նախագծով կառուցվող կենտրոնն, անկասկած, ավելի հարմարավետ, որակյալ եւ լուսավոր կլինի, սակայն, ճարտարապետի համոզմամբ, կենտրոնն այլեւս չի ունենա նախկին՝ կինեմատոգրաֆիստների հանգստյան տանը բնորոշ կերպարը:
«Փոխվում է շենքի բնավորությունը, կերպարը: Համոզված եմ, որ այն լավ համալիր կլինի, սակայն չի ունենա հայկական շունչը, ազգային դիմագիծը: Մինչդեռ մենք օտարերկրացիներին միշտ հրապուրել ենք մեր ազգային ճարտարապետության առանձնահատկություններով: Լիովին այլ շենք է լինելու՝ այլ մթնոլորտով, այլ զրույցներով»,- ասել է Հրաչ Պողոսյանը:
Եկատերինա Պողոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: