Ջավախահայերը զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից - Mediamax.am

exclusive
5967 դիտում

Ջավախահայերը զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից


Լուսանկարը` Առնոլդ Ստեփանյան


Երեւան: Մեդիամաքս: Ջավախահայերը զանգվածաբար զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից երկրորդ՝ Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով:

Ինչպես փոխանցում է Մեդիամաքս-ի սեփական թղթակիցը, այդ մասին հայտնել է թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը:

 

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ վերջին 5 ամիսների ընթացքում այդ գործընթացն ազդել է «երկուսից երեք հազար ՀՀ քաղաքացիների վրա»:

 

Նրա խոսքով՝ դա շատ է բարդացնում մարդկանց կյանքը, քանի որ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուց հետո նրանք չեն կարող երկրում գտնվել ավելի քան 90 օր շարունակ:

 

Ընդ որում, ինչպես նշել է Առնոլդ Ստեփանյանը, վերջին շրջանում տեղի իշխանությունները սկսել են հաշվի առնել ի առաջացած խնդիրները եւ ավելի հեշտությամբ են ժամանակավոր կեցության թույլտվություն տրամադրում նրանց, ովքեր արդեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Նա նշել է, որ Ջավախքում բնակվող հայերին Վրաստանի քաղաքացիությունից զրկելը «լրացուցիչ ռիսկեր» է առաջացնում տարածաշրջանում:

 

«Գործ ունենք իշխանությունների ներսում ոչ պրոֆեսիոնալիզմի կամ սաբոտաժի հետ»,-  ասել է Առնոլդ Ստեփանյանը:

 

Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարարությունից թերթին ասել են, որ հայերին քաղաքացիությունից զանգվածային զրկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

Սակայն «Ազատ Վրաստան» կուսակցության ղեկավար Կախա Կուկավան, որն ուսումնասիրել է հարցը, հաստատել է «Ռեզոնանսիին», որ ջավախահայերին զանգվածաբար զրկում են Վրաստանի քաղաքացիությունից: Նա ասել է, որ այդ մասին տեղյակ է պահել Վրաստանի կենտրոնական իշխանություններին, սակայն նրանք դեռ չեն արձագանքել:

 

«Սա նուրբ հարց է, որին պետք է զգուշությամբ մոտենալ: Պետք է բացատրական աշխատանքներ տանել բնակչության հետ, ասել նրանց, որ իրենք պետք է ինքնուրույն ընտրեն, որ երկրի քաղաքացիություն ունենան, որպեսզի հետագայում խուսափենք սադրանքներից»,- կարծիք է հայտնել քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին