Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահից պահանջել է «կարգի հրավիրել» իր ենթականերին - Mediamax.am

2761 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահից պահանջել է «կարգի հրավիրել» իր ենթականերին


ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից պահանջել է «կարգի հրավիրել իր ենթականերին»:

Ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը` նախագահի թեկնածուն անդրադարձել է կրթության նախարար Արմեն Աշոտյանի`Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմանն այն մասին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատությունում: 

 

«Շատ խելոք, խելացի, խորամանկ երիտասարդ նախարարը իրեն թույլ տվեց իր ֆեյսբուքյան գրառումով սուտ գրանցել: Չեմ հանդուրժելու նրա սուտը եւ ցանկացած այլ մարդու կեղծիք: Եթե կա բարոյականության նվազագույն շեմ, ապա նախարարն ինքն այդ ստի դիմաց պետք է դիտարկի սեփական հրաժարականը», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Թեկնածուի փոխանցմամբ, բուհի գրադարանին գիրք նվիրելը քարոզչություն չէ, եւ, չնայած նրան, որ Արմեն Աշոտյանը մերժել է իր խնդրանքը` որպես թեկնածու ուսանողների հետ հանդիպում ունենալու համար, դիմելու է բոլոր բուհերի ռեկտորներին` խնդրելով հավասար պահամաններով իրեն հնարավորություն տալ հանդիպել իր ուսանողների եւ դասախոսների հետ:

 

Նախագահի թեկնածուն  նշել է նաեւ, որ գործող նախագահը պետք է տեղյակ լինի ներկայումս իրականացվող «հակասահմանադրական արշավին»:

 

«Քաղաքապետարանում հավաքվում են դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ եւ ուղղակի կամ անուղղակի հրահանգ է իջեցվում, թե ինչպես պետք է քվեարկեն: ԵՊՀ-ում, եթե ոչ մյուս բուհերում, բաժանվում է իշխող կուսակցության թեկնածուի շարֆերը,  հրամանատարներից ոմանք արդեն հավաքում են զինվորներին, ընտանեկան նպաստի աշխատակիցներ շրջում են դռնեդուռ. չեմ կարող հավատալ, որ գործող նախագահը եւ մեր հիմնական մրցակիցը տեղյակ չէ այս ամենից: Պահանջում եմ, որ հարգարժան պարոն Սարգսյանը զեկույցով հանդես գա` արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին