Ռուբեն Վարդանյան. Ջահելները չեն ուզում այս երկրում օլիգարխ տեսնել - Mediamax.am

219100 դիտում

Ռուբեն Վարդանյան. Ջահելները չեն ուզում այս երկրում օլիգարխ տեսնել


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը
Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը հարցազրույց են տվել «Ազատություն» ռադիոկայանին: 

Ներկայացնում ենք որոշ հատվածներ Ռուբեն Վարդանյանի խոսքից: 

 

«Սեւ-սպիտակ» չէ

 

Նուբարի հետ չորս օր Հայաստանում ենք եւ փորձել ենք նպաստել, որ կշռադատված որոշումներ կայացվեն ու տեղի ունեցողը չդիտվի «սեւ-սպիտակ» հակամարտության լույսի ներքո։ Այս ճգնաժամը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր հայերին, հայկական աշխարհին:

 

Սա Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան դիմակայություն չէ: Հույս ունեմ, որ դա կհասկանան ոչ միայն առանձին անձինք, այլ ամբողջ էլիտան՝ Հայաստանում եւ Սփյուռքում։ «Էլիտա» ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց պատասխանատու են համարում Հայաստանի ապագայի համար։

 

Մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկի կողմից էին, այլ որովհետեւ դեմ էին անարդարությանը։ Այն ամենը, ինչից դժգոհում են մարդիկ, սկսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, շարունակել էր Ռոբերտ Քոչարյանը, այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանը։ Մենք պետք է դրա մասին պարզ խոսենք։

 

Սերժ Սարգսյանի մասին 

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, որն իր մեջ գտավ այդ ուժը եւ հրաժարականի որոշում կայացրեց՝ արյունահեղության չգնալով։ Նա շատ դժվար եւ շատ կարեւոր քայլ կատարեց։ 

 

Էյֆորիան կրկին հիասթափության չվերածվի

 

Եթե հանկարծ էյֆորիան կրկին հիասթափության վերածվի, դա կբերի նրան, որ Հայաստանը կլքեն բոլոր երիտասարդները: Դա Հայաստանի վերջը կնշանակի։ 

 

Եթե կրկնվի փոփոխությունների «ավանդական» մոդելը եւ մի մականունավորին փոխարինի մյուս մականունավորը, իսկ մի օլիգարխին՝ ուրիշ օլիգարխը, դա վերջ է նշանակելու։ Ջահելները, որ փողոց են դուրս եկել, չեն ուզում այս երկրում օլիգարխներ ու մականունավոր մարդիկ լինեն։

 

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

 

1988 թվականին, երբ շատ երիտասարդ էի, մասնակցում էի ցույցերին՝ մեծ խանդավառությամբ, եւ հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս գալիս, իսկ Գերագույն խորհուրդը չէր ընկալում մարդկանց պահանջը եւ չէր կարողանում փոխել իր դիրքորոշումը։ Բայց ի՞նչ եղավ հետո։ Մանկական գրողը դարձավ ամենաուժեղ օլիգարխը։

 

Մարդիկ, որոնք հավակնում են ձեւավորել նոր իշխանություն, պետք է հասկանան, որ այն պետք որակապես տարբերվի նախորդներից, լինի շատ բաց, պարզ եւ համախմբի բոլոր ինտելեկտուալ ռեսուրսները։

 

«Փափուկ ուժը» 

 

Ուրախ եմ, որ մարդկանց գործադրած «փափուկ ուժն» ավելի զորեղ գտնվեց, քան իշխանության կոշտ ուժը։ 

 

Այն, ինչ Հայաստանում եղավ ապրիլի 23-ին, օրինակ է աշխարհին, որ Հայաստանը կարողանում է շատ դժվար հարցերի պատասխաններ գտնել։

 

Այս ուրախության հետ մեկտեղ նաեւ մեծ անհանգստություն ունեմ, որովհետեւ ապրիլի 23-ին կատարվածը վերջ չէ։ Դա առաջին եւ շատ կարեւոր քայլն էր։ Բարեբախտաբար, մեր ազգը խոհեմություն դրսեւորեց ու հարգեց ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ այն պահեց ապաքաղաքական: Մեր 1.5 մլն նահատակները մեզ օգնեցին, որ այս մեկ օրվա դադարը վերցնենք։

 

Իրենց ծրագրերի մասին

 

Վերջին 20 տարվա ընթացքում ես եւ Նուբարը, մեր ընտանիքները, անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը զարգանա, օրինակելի պետություն դառնա շատ այլ երկրների համար։

 

Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը

 

2002-2003 թթ. մենք նախաձեռնեցինք «Հայաստան 2020» ծրագիրը, որը, Հայաստանի զարգացման չորս սցենարներից բացի, նաեւ լուրջ հետազոտական մաս ուներ: Այն հստակ ցույց էր տալիս կոռուպցիայի, կրթության եւ շատ այլ երեւույթների հետ կապված խնդիրները։ 

 

Այդ հետազոտությունը տվել էինք ոչ միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՊՆ ղեկավար Սերժ Սարգսյանին, այլեւ քաղաքական կուսակցություններին։ Կարելի է ասել, որ քննարկում չեղավ: Իսկ մենք որոշեցինք, որ այն ապագան, որը մեզ դուր է գալիս, փորձելու ենք սկսել կառուցել՝ առանց քաղաքականության մեջ մտնելու։ 

 

20 տարվա ընթացքում մենք ավելի քան 500 միլիոն դոլար ենք ներդրել Հայաստանում՝ ոչ առեւտրային նախագծերում: Կինս հայ չէ, բայց մկրտված է հայկական եկեղեցում, տղաս Հայաստանի քաղաքացի չէ, բայց ծառայել է Արցախում: Մենք հավատում ենք մեր ազգին եւ նրա հնարավորություններին:

 

Իշխանությանը քննադատելու մասին

 

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, երբ տղաս ծառայում էր Արցախում, ես շատ պարզ խոսել եմ շատ բաների մասին՝ ինձ բարոյական իրավունք վերապահելով դա անել: Բայց մենք միշտ նախընտրել ենք գնալ ոչ թե սոսկ քննադատելու, այլ աշխատելու եւ առաջ գնալու ճանապարհով:

 

2008 թվականին, երբ առաջին անգամ հանդիպեցինք նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ասացինք, որ իրագործելու ենք մեր ծրագրերը, «կօգնեք մեզ՝ շնորհակալ կլինենք, չեք օգնի՝ Ձեր որոշում է, մենք չենք նեղանա»: Սերժ Սարգսյանին նաեւ ասել էի, որ այն, ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում, ոչ թե իշխանության: Եվ, այդ պատճառով, շնորհակալություն չենք ակնկալում:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

 

Երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ այս կամ այն բանը հրապարակային կերպով չեմ ասել, ես պատասխանում եմ, որ քաղաքական գործիչ չեմ, ես զբաղված եմ ծրագրային փոփոխություններով՝ ուղղված նոր սերնդին: Եվ մենք տեսնում ենք այդ նոր սերունդը: Մեծ ուրախություն է, որ այսօր ունենք մարդիկ, որոնք սեփական կարծիք ունեն: 

 

Դրախտի մասին 

 

Մի սպասեք, որ ինչ-որ մեկը կգա ու դրախտ կդարձնի Հայաստանը: Չի լինելու այդպես: Մի օրվա մեջ բոլոր խնդիրները չեն լուծվելու, մարդկանց փողը չի ավելանալու: Մի հավատացեք նրանց, ովքեր 15 միլիարդ դոլար ներդրումներ բերելու խոստումներ են տալիս: Այդպիսի բաներ խոսողները չեն հասկանում, թե դրանք ինչ գումարներն են:

 

Ժողովրդի մասին

 

Ժողովուրդն ավելի խելացի են, քան մեզ թվում է: Էլիտաները պատրանքներով են ապրում, իսկ ժողովուրդն ամեն ինչ գիտի: 

 

Նոր վիշապ չծնվի

 

Պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում չկրկնվի «Սպանել վիշապին» դրաման: Նոր «վիշապ» չպետք է ծնվի:

 

Հարգում եմ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա իր հաղթանակը չէ, ժողովրդի հաղթանակն է: Մենք պետք է կարողանանք ժողովրդի այդ ուժը բարի գործերին ծառայեցնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին