Արմեն Գեւորգյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար - Mediamax.am

11127 դիտում

Արմեն Գեւորգյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար


Արմեն Գեւորգյանը
Արմեն Գեւորգյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանն այսօր նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

«Արմեն Գեւորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի եւ այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են»,- ասել է նախագահը՝ ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացնելով Արմեն Գեւորգյանին:

 

Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱԱԽ նորանշանակ քարտուղարը կկարողանա ապացուցել, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարեւոր օղակ է պետական կառավարման համակարգում:

 

«Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,- ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:

 

Արմեն Գեւորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւան քաղաքում:

 

1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։

 

1993-1996 թթ. Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:

 

Համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

 

1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

 

1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետեւ՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:    2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

 

2007թ. հունիսից մինչեւ 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

 

2008թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:

 

Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:

 

Ղեկավարել է Հայաստանի եւ Պարսից ծոցի ու Մերձավոր Արեւելքի որոշ երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:

 

2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  բարեգործական հիմնադրամը:

 

2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

 

Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների պարգեւներով:

 

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին