Վրաստանի վարչապետը հրավեր է ստացել 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան - Mediamax.am

5550 դիտում

Վրաստանի վարչապետը հրավեր է ստացել 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան


Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Դեկտեմբերի 11-ին հրավերը Վրաստանի վարչապետին փոխանցել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող իր հայ պաշտոնակից Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարները առանձնազրույցի ընթացքում խոսել են առեւտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով ներդրումային նոր ծրագրեր իրականացնելու եւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման մասին:

 

Կողմերը կարեւորել են Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաեւ Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը: Հայաստանի վարչապետը մեծապես կարեւորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

 

Վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթումի կանոնավոր չվերթերի վերսկսման տարբերակները:

 

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն շարունակելու է ակտիվ համագործակցել Եվրոպական միության հետ:

 

Բանակցությունների արդյունքներով արված հայտարարության մեջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է.

 

«Չնայած նրան, որ հունվարից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Վրաստանն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր, մեր հարաբերությունների վրա դա չի ազդի. ընդհակառակը, մենք դա կկիրառենք մեր երկրների շահերի համար»:

Վրաստանի վարչապետը 2015թ. ապրիլի 24-ին կգա՞ Երեւան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին