Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 1-ից սկսած Հայաստանի գործարարները պետք է աշխատեն «բոլորի համար հավասար դաշտում»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով խոշոր գործատուների հետ իր երեկվա հանդիպմանը:
«Մենք քննարկել ենք համագործակցության պայմանները եւ սահմանել ենք խաղի նոր կանոններ», - ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործատուները պետք է աշխատեն հավասար դաշտում եւ անեն ամեն ինչ՝ ստվերայնությունը կրճատելու համար:
«Խաղի կանոնները չպահպանելու դեպքում, կառավարությունը կօգտագործի լծակներ՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ երկրի տնտեսությունը նոր իրավատնտեսական հարաբերությունների փուլում է:
«Այս հարցի լուծումը՝ ստվերի կրճատումը, ՓՄՁ-ների եւ խոշոր ձեռնարկությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, էապես կապված է գործատուների կողմից խաղի կանոններն ընդունելու հետ», - ասել է նա:
Նախարարի կարծիքով, կառավարության առջեւ դրված խնդիրը ոչ թե բյուջեի եկամուտների ավելացումն է, այլ եկամուտների վերաբաշխման հարցի լուծումը:
«Եկամուտների կենտրոնացումը տնտեսության վրա բավականին բացասական ազդեցություն է ունենում, իսկ եկամուտների վերաբաշխումը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է: Կարեւոր է, որ եկամուտները վերաբաշխված լինեն հասարակության բոլոր շերտերի միջեւ», - ասել է Կարեն Ճշմարիտյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: