Անալոգից թվային՝ հաջորդ տարում - Mediamax.am

119417 դիտում

Անալոգից թվային՝ հաջորդ տարում


Լուսանկարը`


2016թ. հունվարի 1-ից Հայաստանը կանցնի հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին: Մեդիամաքսի թղթակիցը «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանից փորձել է պարզել` ինչ պետք է անի հեռուստադիտողը մինչեւ գալիք տարվա հունվարի 1-ը, եւ ինչ է սպասվում հունվարի 1-ից հետո:

 

Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ` թվային ազդանշանի ընդունման համար հեռուստադիտողները մինչ հունվարի 1-ը պետք է ձեռք բերեն թվային կցորդ սարքեր, եթե նրանց հեռուստացույցները նման հնարավորություն չունեն:

 

«Վերջին տարիներին արտադրված հեռուստացույցներից շատերը հնարավորություն են տալիս ընդունել ազդանշանը` առանց լրացուցիչ սարքերի առկայության, իսկ համեմատաբար հին արտադրության հեռուստացույցները նման հնարավորություն  չունեն»,- ասել է Գրիգոր Ամալյանը:

 

Անդրադառնալով կցորդ սարքերի ձեռքբերմանը՝ նա հիշեցրել է, որ նախորդ տարվա վերջին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երաշխավորել է՝ «պետությունն իր վրա կվերցնի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների հոգսը՝ անվճար տրամադրելով կցորդ սարքեր, իսկ այն քաղաքացիները, ովքեր սոցիալապես անապահով խմբի մեջ չեն մտնում, ինքնուրույն պետք է ձեռք բերեն դրանք»:

 

Գրիգոր Ամալյանը նշել է, որ շուկայում արդեն վաճառվում են կցորդ սարքերը: Քաղաքացիները կարող են դրանք ձեռք բերել էլեկտրոնիկայի վաճառքի կետերից եւ տեղում ստուգել դրանց աշխատունակությունը եթերի հետ:

 

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենի փոխանցմամբ` անապահով խավի համար նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ, եւ այս պահին զբաղված է սարքերի ձեռքբերմամբ. «Կարծում ենք` մինչեւ հունվարի 1-ը այն կտրամադրվի հասցեատերերին»:

 

Խոսելով որակի մասին՝ Գրիգոր Ամալյանը նշել է, որ գալիք տարվանից  հեռուստադիտողը հնարավորություն կստանա դիտել շատ ավելի բարձր գծողականության պատկերով եւ ձայնային ավելի բարձր որակական հականիշներով հեռուստատեսություն, որի մեջ կարող են լինել ինտերակտիվ բաղադրիչներ:

 

«Քանի որ կան բազմաթիվ կասկածներ կամ շահարկումներ, թե հետագայում հեռուստատեսությունը կլինի վճարովի, պաշտոնապես հայտարարում եմ, որ այն բոլոր հեռուստածրագրերը, որոնք այս պահին կան մեր անվճար եթերում, շարունակելու են անվճար մնալ նաեւ թվային հեռարձակման փուլում: Իսկ, եթե ի հայտ կգան նոր՝ մասնավոր ընկերություններ, որոնք կառաջարկեն լրացուցիչ փաթեթային ծրագրեր, ապա դրանք կգործեն կաբելային հեռուստաընկերությունների կարգով: Ներկայումս գոյություն ունեցող 18 հեռուստածրագրերը կլինեն անվճար»,- ասել է նա:

 

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն անդրադարձել է նաեւ կաբելային հեռուստատեսության բաժանորդներին՝ նշելով, որ «այն նույն ծրագրերը, որոնք հեռարձակելու են հունվարի 1-ից, այսօր ներառված են կաբելային հեռուստաընկերությունների ցանկում, հետեւաբար նրանք, ովքեր բաժանորդագրված են կաբելային հեռուստաընկերությանը եւ պատրաստվում են մնալ բաժանորդ, որեւէ փոփոխության կարիք չեն ունենա»:

 

Հունիսի 30-ի դրությամբ թվային ազդանշանը հասանելի է եղել ՀՀ ամբողջ տարածքում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին